HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հանրակրթության ոլորտի «Տարվա լավագույնները» մրցույթի նոր կարգ է մշակվել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է հանրակրթության ոլորտի «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերն ու պահանջները:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այսօր հանրային քննարկման է ներկայացվել մրցույթի նոր կարգի մասին որոշումը:

Մշակված նոր կարգով կվերափոխվի տարվա լավագույններին ընտրելու մեթոդաբանությունը՝ շեշտը կդրվի տարբեր անվանակարգերում լավագույն ծրագրային առաջարկների վրա, որոնց իրագործումը կխրախուսվի։ 

«Տարվա լավագույնները» մրցույթի նպատակներն են՝

  1. Խրախուսել կրթական, առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, նրանց կողմից նոր նախագծեր իրականացնել, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ ուսուցիչ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը:
  2. Խրախուսել ստեղծագործական աշխատանք կատարող, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, նրանց կողմից նոր նախագծեր իրականացնել, տարածել նրանց մանկավարժական և ղեկավարման առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժ-ղեկավարի հեղինակության բարձրացմանը:
  3. Խրախուսել երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած, հմուտ, ստեղծագործական աշխատանք կատարող ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նրանց կողմից նոր նախագծեր իրականացնել, ընդհանրացնել նրանց մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը:

«Տարվա լավագույն ուսուցչի, տնօրենի մրցույթների անցկացման փորձը ցույց է տալիս, որ դրանք առավելապես ուղղված էին գնահատելու հանրակրթության ոլորտի աշխատակիցների տարիների արդյունքը, ավելին՝ հաշվի առնելով կրթության ոլորտում վարձատրության չափը՝ հաճախ նաև գործնականում դառնում էին սոցիալական խնդրի լուծման գործիք։ Այնուամենայնիվ, կարևոր է, որպեսզի խրախուսման քաղաքականությունը, բացի նյութական խրախուսման բաղադրիչից, կիրառվող գործիքակազմով հնարավորություն տա նաև ներդնել մանկավարժության, կրթության կառավարման, օժանդակ այլ գործառույթների նորարար մեթոդներ, կիրառել և տարածել հաջողված փորձը»,-նախագծում նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Նոր կարգ՝ նոր մոտեցումներով

Ըստ մշակված նոր կարգի՝ մրցույթին կարող են մասնակցել.

1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը և/կամ ուսուցիչները կամ նախադպրոցական հաստատության դաստիարակները,

2) հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը և/կամ տնօրենները, ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցը և/կամ աշխատակիցները։

Նրանց համար մրցույթը կազմակերպվելու է հետևյալ առանձին անվանակարգերով.

  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
  • հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար,
  • նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
  • նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։

Ովքեր կարող են մասնակցել «Տարվա լավագույնները» մրցույթին

Մրցույթի մասնակիցը պետք է ունենա տվյալ ուղղությամբ առնվազն 2 տարվա գործունեության փորձ:

Մրցույթի մասնակցի ներկայացրած ծրագիրը պետք է ներառված չլինի նախորդ տարիներին անցկացված մրցույթի արդյունքում պարգևատրված ծրագրերի ցանկում:

Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնը 3 անդամներից: Խմբային հայտ կարող են ներկայացնել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ 

Մրցույթն անցկացվում է երեք փուլով՝

1) ծրագրային առաջարկների ընդունում,

2) ծրագրային առաջարկների գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում,

3) մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգևատրում։

Մրցույթը կազմակերպվելու և անցկացվելու է տարեկան առնվազն մեկ անգամ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած ժամկետներում։ Մրցույթի հայտարարությունը հրապարակվելու է նախարարության պաշտոնական կայքում։

Մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կազմավորվելու է մրցութային հանձնաժողով՝ բաղկացած ինը հոգուց, այդ թվում՝ երեք ներկայացուցիչ նախարարությունից, երկու ներկայացուցիչ մանկավարժական բուհերից, երկու ներկայացուցիչ ուսուցչական կազմակերպություններից, երկու ներկայացուցիչ էլ նախարարին կից աշակերտական խորհրդից։ 

«Պետությունը հնարավորություն կստանա, ներդնելով միջոցները, հավելյալ արդյունք ստանալ՝ պահպանելով հանրակրթության աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, սակայն դրան հավելելով նաև վերջիններիս ստեղծարարությունն ու նորարարությունը խթանող գործիքներ։ Կարևոր է, որ առաջարկվող փոփոխությամբ ուսուցիչները, տնօրենները և մյուս աշխատակիցները հնարավորություն ունենան ներկայացնել խմբային հայտեր՝ խթանելով նաև համատեղ աշխատանքի և համագործակցային արդյունք ունենալու պայմանները»,-նախագծում նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter