HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» Արսեն Երևանսկուն ու ևս 11 անձի

Քննչական կոմիտեում ավարտվել է «օրենքով գողեր» Արսեն Երևանսկուն և քրեական աշխարհի 11 այլ ներկայացուցիչներին առնչվող քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1999թ. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Դեդ Հասան» և «Կնդո Մայիս» մականվամբ անձանց կողմից Արսեն Մկրտչյանը «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և քրեական աշխարհում հայտնի դառնալով որպես «Արսեն Երևանսկի» կամ «Արսենչիկ», և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Արսեն Երևանսկի» մականվամբ անձը, 2020թ. փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2020թ. փետրվարի 22-ից սկսած ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելու և անօրինական օգուտ ստանալու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձին քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով այդ անձի վերաբերյալ տեղեկություններ պարզելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տալով հանձնարարություններ:

Բացի այդ, տարբեր անձինք, իրենց հերթին ստանալով և կատարելով «Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողի» հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը, նշում է քննչական կոմիտեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողին» մեղադրանք է առաջադրվել` քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, խմբավորման անդամներից մեկին՝ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, 6 անձի՝ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով, 3 անձի՝ քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածի 1-ին մասով և ևս մեկին՝ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter