HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բանակն իրականում». զինդատախազությունն ու ՊՆ-ն ճնշում են բանակի խնդիրները լուսաբանող լրագրողներին

Հակառակ ՀՀ զինդատախազության և ՀՀ պաշտպանության նախարարության խոստումներին՝ ընդունելու մամուլի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում, վերոնշյալ կառույցներն իրականում փորձում են անտեսել բանակում տիրող անօրինականությունները և ճնշումներ են գործադրում առկա խնդիրները հետևողաբար լուսաբանող լրագրողների նկատմամբ:

Վերջին շրջանում ավանդույթ է դարձել բանակում տեղի ունեցող աղմկահարույց դեպքերի լուսաբանման համար լրագրողներին ՀՀ ՊՆ քննչական ծառայություն հրավիրելը և նրանց հրապարակած նյութերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև տեղեկության աղբյուրների վերաբերյալ տվյալներ պահանջելը:

Փորձը ցույց է տալիս, որ լրագրողներին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն հրավիրելը նպատակ է հետապնդում ոչ թե օգտագործել հրապարակված տեղեկությունները հանցագործությունը բացահայտելու համար, այլ հոգեբանական ճնշում գործադրելով՝ լրագրողներին հեռացնել հանրությանն այսօր ամենաշատը հուզող բանակի թեմայից:

Դեռևս հայտնի չէ մի դեպք, երբ լրագրողի հրապարակած տեղեկությունները քննչական ծառայությունն օգտագործել է ի նպաստ քննության: Ընդհակառակը, իրականությունն արտացոլող տվյալներ հրապարակած լրագրողները, ովքեր հրավիրվել են քննչական ծառայություն, տպավորություն են ստացել, որ փորձ է արվում գործեր «սարքել» հենց իրենց դեմ:

Փոխարենը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից խրախուսվում և մեդալներ են ստանում հենց այն լրագրողները, ովքեր հեռու են բանակում իրական հանցավորության մթնոլորտը ներկայացնելուց: Նման գործելակերպը վկայում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է բռնությունները կոծկելու արատավոր իր պրակտիկան:

Հակառակ ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի բոլոր հավաստիացումներին, թե բանակում իրավիճակը վերահսկելի է, և առկա է առաջընթաց նախորդ տարիների համեմատ, բանակում զինծառայողների նկատմամբ բռնություններն ու կյանքի իրավունքի խախտումները շարունակվում են, ինչպես նաև շարունակվում են խնդիրները բարձրաձայնող լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումները:

Լրագրողներ Ժաննա Ալեքսանյանին, Սյուզան Սիմոնյանին, Գոհար Վեզիրյանին, Արթուր Մինասյանին և այլ լրագրողների տարաբնույթ, հաճախ նաև անհիմն պատրվակներով ՀՀ ՊՆ քննչական ծառայություն հրավիրելը գնահատում ենք որպես քրեական հանցագործությունները կոծկելու պետական քաղաքականության շարունակություն:

Բացի հարցաքննություններից՝ ճնշումներն ու սպառնալիքները դրսևորվում են նաև այլ կերպ: ՀՀ ՊՆ մամուլի արդեն նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանի հեռախոսազանգը epress.am-ի խմբագրություն և ՊՆ նախարարի մասին պատմող տեսանյութը կայքից հեռացնելու պահանջը ակնհայտ սպառնալիք է նյութը տեսագրող և հրապարակող լրագրողի ու լրատվամիջոցի հանդեպ:

Պահանջում ենք ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից և ՀՀ զինդատախազությունից՝

- դադարեցնել ապօրինի ճնշումները, սպառնալիքները և ահաբեկումները ՀՀ բանակի խնդիրները լուսաբանող լրագրողների հանդեպ,

- բացահայտել մամուլի հրապարակումներում հաղորդված հանցագործությունները,

- պատասխանատվության ենթարկել մեղավորներին,

- պատասխանատվության ենթարկել լրագրողին կամ լրատվական միջոցին սպառնացող կամ ահաբեկող պաշտոնյաներին:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն
20.03.2012թ.

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մարդիկ պիտի ՇԱՏ ԼԱՎ հասկանան,որ օլիգարխային-կլանային-քաղաքական իշխանություններին ՊԵՏՔ է ԻՐԵՆՑ շահերի համար ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԲԱՆԱԿ: Իսկ սրան իրենք ՄԻՄԻԱՅՆ կարող են հասնել ՎԱԽԻ ու ԿԱՇԱՌՎԱԾՈՒԹՅԱՆ մթնոլորտ ստեղծելով ԵՎ բանակում, ԵՎ բանակի շուրջ: Միթե դուք սա (դեռ) ՉԵՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ? Խոսքերին մի նայեք,այլ ՉՈՐ ՓԱՍՏԵՐԻՆ: Իսկ փաստն այն է,որ ԱՅՍՕՐ էլ բանակից ԱՄԵՆ ՇԱԲԱԹ մի զինվորի դիակ են բերում: Ձեզ հարցրեք հետևյալ պարզ ու կարևոր հարցր. «Այդ ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ, որ Հայաստանի բանակի պես ՓՈՔՐ բանակում ԱՐԴԵՆ ՏԱՐԻՆԵՐ իսկական կարգ ու կանոն «չեն կարողանում մտցնել»? Պատասխան. «ՉԵՆ ՈՒԶՈՒՄ. դա իրենց օլիգարխային կալվածքների պահպանման համար ձեռնտու չէ»: Որովհետև ՈՒԺԵՂ ու ԹԱՓԱՆՑԻԿ բանակը կարող է իրենց կալվածքները տակով անել. ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ: Ոստի, ես ԻՐՈՔ ԳՏՆՈՒՄ եմ,որ փոփոխությունը հասարակությունից պիտի ՊԱՐՏԱԴՐՎԻ:Այս առումով ՇԱՏ ողջունելի և օգտակար է «Բանակն իրականում», «Չենք լռելու» և այլ ՀԿ-ները: ԱՌԱՋ-ժամանակը ՁԵՐ կողմն է: Ու դուք բավականին էֆեկտիվ եք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter