HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սոթքի ոսկու հանքավայրը շահագործելու հետևանքով անհետացել կամ լցակույտերի տակ են թողնվել անցյալի բազում հուշարձաններ

Գեղամասարի համայնքապետարանը միանգամայն իրատեսական է համարում զբոսաշրջության զարգացումը Վարդենիսի տարածաշրջանում: Նրանց լավատեսության հիմքը վերջին տասը տարիներին համայնքի բնակավայրերում, մասնավորապես՝ Սոթքում և Նորաբակում կատարվող հնագիտական պեղումների արդյունքներն են: Հնագիտական արշավախումբն էլ մեծ հույսեր է ունեցել, որ մեկ տասնամյակ տարածքից պեղված հնագիտական իրերը հնարավոր կլինի պահել և ցուցադրել Սոթքում, եթե տեղական իշխանությունը իրականություն դարձնի երկրագիտական թանգարան կառուցելու գաղափարը:

«Երկար ժամանակ տեղական իշխանության հետ քննարկում էինք թանգարան ստեղծելու գաղափարը, հայտնաբերված արտեֆակտերը չէինք հանձնում, սպասում էինք, որ մի բան կանեն, բայց հասկացանք, որ նրանց համար դեռևս սոցիալական խնդիրներն են առաջնահերթ»,- հայտնեց Սոթքի հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Արսեն Բոբոխյանը: Նրա կարծիքով՝ տարածքից պեղված իրերը ճիշտ կլինի տեղում պահել ու ցուցադրել: Սակայն անցյալ տարի, այլևս հույսեր չփայփայելով, բոլոր իրերը հանձնել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան և հիմա ցուցադրվում են այնտեղ:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները Սոթքում հնագիտական պեղումներ սկսել են իրականացնել 2010թ.-ին, Գերմանիայի Հալեի ու Թյուբինգենի  համալսարանների հետ համագործակցությամբ: Պրն Բոբոխյանն ասում է, որ Սոթքի հանքարդյունաբերական շրջանին արշավախումբը մեծ նշանակություն էր տալիս մի քանի պատճառով: Առաջինը՝ սա ամենամեծ ոսկու հանքն է Մերձավոր Արևելքում: Երկրորդ՝ այն, ամենայն հավանականությամբ, շահագործվել է հնագույն ժամանակներում: Երրորդ՝ այն ունի շատ կարևոր աշխարհագրական դիրք. Սոթքի լեռնանցքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի և Հայկական լեռնաշխարհը կապել է Կովկասի հետ:

Հայ-գերմանական արշավախումբը Սոթքում աշխատել է երեք տարի՝ մինչև 2013թ.-ը: Արսեն Բոբոխյանն ասում է, որ Սոթքի պեղումներից սենսացիոն բացահայտումներ չունեն, բայց այն շատ հետաքրքիր տարածք է պատմական տեսանկյունից: Հնագետը միանգամայն իրատեսական է համարում այս տարածաշրջանում պատմական տուրիզմ զարգացնելը: Սոթքում պեղել են բրոնզե և երկաթե դարի ամրոցներ՝ 4000-5000 տարվա հնություն ունեցող, որոնք վկայում են, որ այդտեղ մարդիկ ապրել են մեզնից 5000 տարի առաջ, ենթակառուցվածքներ են ունեցել, իսկ 4000 տարի առաջ արդեն ոսկի են մշակել: Հետո ուրարտացիներն են գրավել այդ տարածքը՝ ոսկու համար:

Հնագիտական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանից հետաքրքրվեցինք՝ պեղումների արդյունքում հայտնաբերվե՞լ են այնպիսի իրեր, որոնք կվկայեն այդ ժամանակաշրջանում ոսկի մշակելու և դրա համար կիրառված գործիքների կամ մեթոդների մասին: Հնագետն ասում է, որ նման բաներ հանքի շրջակայքում հնարավոր չէ գտնել, կիլոմետրերով ձգվող, բաց շահագործվող ոսկու հանքավայրը հնագիտական շատ արժեքներ է վերացրել:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներից կազմված արշավախումբն իր հաշվետվություններում գրել է, որ հնագույն շատ հուշարձաններ անվերադարձ անհետացել են վերջին 200 տարվա ընթացքում՝ հանքավայրերում երկրաբանահետախուզական և շահագործման աշխատանքների հսկայական ծավալի պատճառով: Այդ աշխատանքների հետևանքով երկրի երեսից անհետացել կամ լցակույտերի տակ են թողնվել անցյալի բազում հուշարձաններ:

Անցյալ դարասկզբին այս տարածքում պեղումներ կատարած հնագետները հավանական են համարել, որ Սոթքի ոսկու հանքերն օգտագործվել են սկսած վաղ բրոնզե դարից՝ Ք.ա. 4-րդ հազարամյակի երկրորդ կեսից, ընդհատումներով օգտագործվել մինչև Ք.հ. 14-րդ դար, ապա կրկին հայտնաբերվել 20-րդ դարում: Սոթքի հանքը հայտնի է ավելի վաղ հանքագործության հետքերով՝ խոտով ծածկված բազմաթիվ հանքահորեր և ձագարներ, ստորգետնյա աշխատանքի հետքեր, աշխատանքային գործիքների փայտե մասեր, քարե հավանգներ՝ հանքաքարը մշակելու համար, քար լվանալու անոթներ, մեծ ու փոքր խարամների կույտեր և փոսեր:

Սոթքի հանքավայրի շրջակայքում ի հայտ են եկել վաղբրոնզեդարյան նյութեր, բնակատեղիների, դամբարանադաշտերի հետքեր, հնագիտական գտածոներ: Հայտնաբերվել են դաշույններ, բնական քարերից հուլունքներ, ոսկյա զարդեր ձուլելու կաղապարներ, կավե սափորներ, տարատեսակ զարդեր, ծիսական ու կիրառական առարկաներ, կավե անիվ, գունավոր խեցեղենի բեկորներ և այլն, որոնք ներկայումս ցուցադրվում են «Էրեբունի» թանգարանում: Ժամանակավոր ցուցասրահում թվարկվածներից բացի, ցուցադրվում է Հայաստանի հնավայրերից երբևէ գտված ամենահին դաշույնի շեղբը, որը 5000 տարվա պատմություն ունի:

Հանքավայրի շրջակայքում պահպանվել են միջնադարյան քարավանատան մի հատված, եկեղեցիներ և այլն: Արշավախմբի անդամներից հնագետ Հայկ Դավեյանը բացատրում է, որ մեծ և լավ մշակված քարերով կառուցված լինելու շինարարական տեխնիկան վկայում է, որ քարավանատունը կառուցվել է 7-րդ դարում: Միջնադարյան Սոթք բնակավայրի տեղում այժմ էլ երևում են բազիլիկ եկեղեցու մնացորդները, գերեզմանատունը` խաչքարերի և այլ հայկական արձանագրությամբ կոթողների հետ միասին:

Հայ-գերմանական արշավախումբը 2011թ.-ին կատարված հետախուզական աշխատանքների արդյունքում Սոթք գյուղից դեպի ոսկու հանքը տանող ճանապարհի աջ կողմում դամբարանադաշտ է հայտնաբերել: 2013թ. այստեղ պեղումներ են սկսել և պարզել են, որ դամբարանադաշտը բաղկացած է մոտ 15 միմյանցից հեռու գտնվող դամբարաններից: Հայտնաբերման պահին դամբարանաբլուրը կիսով չափ ոչնչացված էր: Ենթադրվում է, որ ոսկու որոնումների կամ հարակից երկաթուղու կառուցման ժամանակ կատարված պայթեցման կամ էքսկավատորով փորման արդյունքում է եղել:

Արշավախմբի անդամներից միջնադարագետ Ավետիս Գրիգորյանն ասում է, որ առայժմ Սոթքում պեղումները զուտ գիտական հենքի վրա են արվում: Տարածաշրջանը շատ աղքատ է, և վաղ է այնտեղ թանգարան հիմնելու մասին խոսելը, դա ապագայի հարց է: Հնագետը հայտնեց, որ պեղումները հնարավորություն են տալիս պարզելու, թե մարդիկ բրոնզե դարում ինչպես էին ապրում, ինչ գործիքներ, առարկաներ էին կիրառում, թաղման ծեսն են ուսումնասիրել: Պեղումներից հայտնաբերված գտածոները, հիմնականում, ներկայացված են խեցեղեն բեկորներով, քիչ քանակությամբ վանակատե ցլեպներով, քարե գործիքներով, հելլենիստական շրջանի ապակու բեկորներով, կենդանական և մարդկային ոսկորներով:

Հնագետներն ասում են, որ Սոթքի տարածաշրջանը շատ հարուստ է հնագիտական հուշարձաններով, բայց դեռևս լավ ուսումնասիրված չէ: Արշավախումբը հետախուզական աշխատանքներ է իրականացրել 43 հուշարձաններում, որոնցից 23-ը նորահայտ են: Խոսքը բնակատեղիների, ամրոց-բնակատեղիների, դամբարանադաշտերի, խեցեղենի կուտակումների մասին է, որոնցից հավաքված մոտ 1000 բեկորների դիագնոստիկան ցույց է տալիս, որ գործ ունեն վաղ բրոնզի, միջին բրոնզի, ուշ բրոնզ-վաղ երկաթի, անտիկ և միջնադարյան շրջանների հետ: Պեղումներն իրականացրել են հինգ հուշարձաններում՝ «Սոթք 1» ամրոց-դիտակետում, «Սոթք 2» ամրացված բնակավայրում, «Սոթք 10» դամբարանադաշտում, «Նորաբակ 1» ամրոց-բնակավայրում և դամբարանադաշտում: Ամրոցն իր բնույթով պատկանում է դիտակետ-ամրոցների թվին, ինչը հաստատագրվում է պեղումներից ստացված արդյունքներով:

Այս տարածաշրջանում պեղումներ է իրականացրել նաև հայ-իտալական արշավախումբը: Սոթքի հարևանությամբ գտնվող Նորաբակ գյուղում պահպանվել են հայկական հին գերեզմանոց (12-17-րդ դդ.) և գյուղատեղի: Հետախուզական աշխատանքների տվյալներով` Սևանի հարավային և հարավարևելյան ափերին միջինբրոնզեդարյան խեցեղեն հայտնաբերվել է տասը հնավայրերից, այդ թվում՝ Սոթքից և Նորաբակի հնավայրերից:

Հնագետների հեռանալուց հետո Նորաբակում «պեղումները» շարունակում են տեղի բնակիչները՝ հողի տակից հանելով արտասովոր մեծության խաչքարերն ու արձանագրությունները: Հնագետները խաչքարերի չափերը Վարդենիսի տարածքին բնորոշ խաչքարագործության ոճն են համարում: Բազալտի վրա քանդակված, պարզ խաչքարերը թվագրվում են 9-11 դարերի, մինչև 16-րդ դարի խաչքարեր կան այդտեղ:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter