HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիայի դեպքերով մեղադրանք է առաջադրվել 20 անձի

Քննչական կոմիտեում իրականացված քննչական և դատավարական գործողություններից հետո պարզվել են Իջևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու  նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան  փողոցների հատման խաչմերուկի հատվածը՝ խոչընդոտելով ճանապարհատրանսպորտային երթևեկության բնականոն ընթացքին: 

«Չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ երթևեկելի մասն ազատելու, տրանսպորտի երթևեկությանը խոչընդոտող գործողությունները և հասարակական կարգի խախտումը դադարեցնելու օրինական պահանջներին՝ հավաքի մասնակիցների մի մասը վնասել են նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, քարեր նետելով կոտրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված «ՊԱԶ-32054» մակնիշի ավտոմեքենայի ապակին, ինչպես նաև՝ ավտոմեքենաների խցանման մեջ հայտնված «Ռենո պրեմիում» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի դիմապակին, ձեռքերով, ոտքերով, քարերով և ծառերից պոկված փայտերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ նրանց նկատմամբ գործադրելով կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, որի հետևանքով վերջիններս ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշում է քննչական կոմիտեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 20 անձի մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ 8-ի նկատմամբ՝ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 20 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter