
Ազատամարտիկի բաց նամակ պաշտպանության և առողջապահության նախարարներին
Հարգարժան պարոնայք Օհանյան և Քուշկյան,
Կորցնելով նամակների միջոցով հարցիս լուծումն ակնկալելու վերջին հույսը՝ որպես վերջին միջոց՝ դիմում եմ Ձեզ այս բաց նամակով:
Ես՝ Վարդան Վարդանյանս, 1994թ. մարտին որպես կամավոր զորակոչվել եմ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանից՝ մասնակցելու Արցախյան մարտերին:
Ծանր վիրավորվել եմ 1994թ. մայիսի 3-ին: Առաջին օգնություն ստացել եմ Մեծ Շենի վրանային (շարժական) հոսպիտալում: Արթիկ տեղափոխվելուց հետո տեղի բուժանձնակազմը, տեսնելով վերքի վտանգավորության աստիճանը, ուղարկեց ինձ Երևանի զինվորական հոսպիտալ, ուր վիրաբույժ Ժամագործյանը կատարեց վիրահատություն և նշանակեց հաշմանդամության երկրորդ կարգ, որը ստացել եմ 1994 թվականից:
1999-ին այն կտրել են՝ պատճառաբանելով, թե «վերքը փակ է», այն դեպքում, երբ բուժող բժիշկները նշել են, որ վերքը գործող է, և բացելուց հետո այն չի փակվի (բժշկական տերմինաբանությամբ՝ «խրոնիկական օստեոմիելիտով, հաճախակի սրացումով»), ինչի մասին ունեմ փաստաթղթեր:
Այս ընթացքում մի քանի անգամ դիմել եմ թոշակավորման համար, սակայն ստացել բացասական պատասխան: Ես ի վիճակի չեմ ծանր աշխատանք կատարել և ընտանիք պահել՝ թեք կպած, անընդհատ գործող վերքից և բեկորներից սուր ցավերի պատճառով:
Խնդրում եմ Ձեր միջամտությունը՝ վերականգնելու թոշակս:
Հարգանքներով՝
Վարդան Վարդանյան
Շիրակի մարզ, Արթիկ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել