HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն ընդունեց հանրային կառավարման բարեփոխումների 3 փաթեթ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում մեկ զեկուցմամբ ներկայացրեց 3 փաթեթ, որոնք վերաբերում են արդարադատության նախարարության կողմից հանրային  ծառայությունների մատուցմանը:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ փաթեթներում ընդհանուր առմամբ 2 նոր օրենք է, և 8 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ:

Մասնավորապես առաջարկվում է սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ front և back օֆիս ձևաչափով: Մասնավորապես, դիմումները կընդունեն սպասարկման կենտրոնները, իսկ օտարերկրյա պետություններում՝ հյուպատոսները, իսկ գրանցումները կկատարի արդարադատության նախարարությունը՝ բացառելով դիմող և որոշում կայացնողների շփումները: 

Բոլոր պաշտոնական փաստաթղթերի դեպքում ապոստիլ կտրամադրվի մեկ պետական մարմնի կողմից միասնական ընթացակարգով, այդ թվում՝ էլեկտրոնային ձևաչափով, ընդ որում՝ ներկա 2 կամ 3 օրվա փոխարեն ծառայությունը կիրականացվի 1 օրում: 

Հաջորդ փոփոխությունը էլէկտրոնային  դիմումների ներկայացման կարգի սահմանումն է նախարարի հրամանով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայություններն իրականացնել նաև առցանց հարթակում:

«Այս տարի մեկ ծառայություն արդեն թվայնացվել է: Այժմ արդարադատության նախարարության կայքէջում հնարավոր է  ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը և դրա ապոստիլով վավերացումը ստանալ էլեկտրոնային եղանակով»,- հայտնեց արդարադատության նախարարը:

«Պետական տուրքի մասին» օրենքի նախագծով՝ հստակեցվել են այն գործառույթները, որի համար կարող է գանձվել պետական տուրք, հանվել է ամուսնության պետական գրանցման համար նախատեսված տուրքը, հանվել է քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքներ տրամադրելու համար տուրքերը, բարձրացվել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար՝ 200 000 դրամի չափով, նախկին 30 000 դրամի փոխարեն:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալու պետական տուրք է սահմանվել 5 000 դրամը` նախկին 3 000 դրամի փոխարեն:

Բարձրացվել է ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման տուրքը՝ այն սահմանելով 10 000 դրամ` նախկին 1 000 դրամի փոխարեն, նաև բարձրացվել է ապոստիլի համար գանձվող տուրքը՝ այն սահմանելով 10 000 դրամ` նախկին 5 000 դրամի փոխարեն: Բարձացվել է հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքը այն սահմանելով 10 000 դրամ` նախկին 1 000 դրամի փոխարեն, միաժամանակ հայրության որոշման պետական գրանցման տուրքի գծով արտոնություն է սահմանվել ծնողների համար, ովքեր նույն օրը գրանցում են նաև ամուսնությունը:

Պետական տուրքի գծով արտոնություն են ստացել կենսաթոշակառուները:

Ընդունված նախագծով՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կհամապատասխանեցվի այն գործիքակազմին, որը ներդրվել և կիրառվում է արդեն 2014 թվականին: Կսահմանվի ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում կխնայվի դիմողների ժամանակը և տեղաշարժի հետ կապված ծախսերը: Համակարգային փոփոխության արդյունքում ձևավորելով երկաստիճան՝ քաղաքացիների սպասարկման և որոշումների կայացման տարանջատված մարմինների համակարգը, կնվազեցվի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի վարչական վարույթի շրջանակներում անվավեր ճանաչել այն քաղաքացիական կացության ակտերը, որոնք գրանցվել են օրենքի խախտմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter