HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարինա Բազաեւան չի ընդունում ապօրինի շինարարության փաստը եւ որոշել է դատի տալ Գյումրու համայնքապետարանին

Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կառույցի սեփականատեր լինելը ենթադրում է որոշակի պարտավորությունների ու պայմանների կատարում, որոնք սովորաբար վերաբերում են շինության արտաքին տեսքի, որոշ դեպքերում էլ ներքին ինտերիերի պահպանմանը: Դրանք սահմանվել են արգելոցի ձեւավորումից (ՀԽՍՀ կառավարության 1980թ.-ի որոշմամբ) հետո՝ այն տարատեսակ աղավաղումներից զերծ պահելու համար: «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանն իր իրավասությունների սահմաններում կարող է արգելել կամ դադարեցնել արգելոց թանգարանի տարածքում և արգելոցի կառուցապատման կարգավորման ու բնապատկերի (լանդշաֆտի) պահպանման գոտիներում որևէ կառուցապատում, եթե դրանք իրականացվում են գործող օրենսդրության պահանջների կամ նախագծային խախտումով:  

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է, որ արգելոցի տարածքում կառույցների մի քանի խումբ է ձեւավորված: Առաջինը՝ պատմամշակութային հուշարձան համարվողներն են, երկրորդ խումբը՝ կառույցներ, որոնք մշակութային արժեք չեն, սակայն ճարտարապետական լուծումներով ամբողջացնում են տվյալ փողոցի տեսքը: Երրորդ խումբը երկրաշարժից հետո առաջացած ազատ տարածքներում կառուցվող շինություններն են, որոնք պետք է համահունչ լինեն հարեւանությամբ գտնվող 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբին կառուցվածներին: Հաջորդ խումբը վերականգնման ենթակա շինություններն են, որոնք պարտադիր պետք է իրականացվեն ճակատային մասի պահպանմամբ: Երկրաշարժից կիսավեր դարձած պատմաճարտարապետական հուշարձանների համար էլ պահանջ է դրվում վերակառուցում՝ նախկին տեսքի ամբողջական վերարադրությամբ:

Այլ է խնդիրը, թե շինությունների սեփականատերերից ամեն մեկն ինչպիսի մոտեցում է ցուցաբերում հարցին, եւ որտեղ է սկսվում ու ավարտվում շինության նկատմամբ պատասխանատվությունը: 

Արդեն երկրորդ տարին է Գյումրու պատմական կենտրոնում, Շիրազի փողոցում գործում է «Հայ Ասպետ» հյուրատունը: Սեփականատերը՝ Մարինա Բազաեւան, երբ 15 տարի առաջ գնում էր թիվ 53 տունը, տեղյակ էր, որ վերականգնողական աշխատանքներ սկսելիս պարտավորվելու է զերծ մնալ ճարտարապետական խեղաթյուրումներից: 2018թ. փետրվարին «Հետք»անդրադարձել էր հյուրատան սեփականատիրոջ գործունեությանը: Փաստն այն է, որ Մարինային հաջողվել էր փրկել ու վերականգնել Գյումրու 19-րդ դարավերջին բնորոշ ճարտարապետական լուծումներով հետաքրքրություն ներկայացնող եզակի կառույցներից մեկը: Շիրազի փողոցի սկզբնամասում գտնվող տունը վերակառուցումից հետո հրապուրում է բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք կարող են սեփականատիրոջ թույլտվությամբ, պարզապես շրջել շինության ներսում, դիտել, իհարկե, եթե այդ պահին հյուրատանը հանգստացողներ չկան: «Հայ Ասպետ» հյուրատունը մեծ հետաքրքրություն է վայելում հատկապես արտերկրի մեր հայրենակիցների մոտ:

Սեպտեմբերի 6-ին համացանցում սկսեցին լուսանկարներ տարածել, որտեղ պարզ երեւում է, որ հյուրատան վրա երկրորդ հարկ է ավելանում: Հավելյալ հարկաբաժի՞ն, թե՞ ձեղնահարկ, շինության նախնական տեսքի աղավաղու՞մ, թե հյուրատան սեփականատիրոջ բարեխղճությանն ապավինած ամենաթողություն: Ինչու՞ է հյուրատան վերականգնման ընթացքում իր բծախնդրությամբ աչքի ընկած սեփականատերը գնում նման կտրուկ քայլերի: Մարինա Բազաեւան պնդում է, որ ոչ մի անօրինություն տեղի չի ունեցել. «Մինչեւ իմ գնելը, իսկ դա 15 տարի առաջ էր, տունը ծառայել է որպես խանութ, նկուղն ու ձեղնահարկն օգտագործել են, որպես պահեստ: Սա մեզ համար նաեւ հիմք էր մտածելու, որ որեւէ անօրինական բան չենք անում, ընդամենն օգտագործում ենք նախկինում եղած հնարավորությունները»:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի փոխանցմամբ, համայնքապետարանը Մարինա Բազաեւայից դիմում-նամակ ստացել է օգոստոսի 26-ին, որտեղ սեփականատերը նշել է հյուրատան վրա հավելյալ հարկաբաժնի կառուցման մտադրության մասին: «Դիմումը մենք ստացել ենք, բայց էնպես չէ, որ դա սեփականատիրոջը պիտի հիմք տար առանց պատասխանը ստանալու շինարարություն սկսել,-նկատում է Ռուբեն Սանոյանը,-նման դեպքերում ընթացակարգ գոյություն ունի: Նախ ցանկացած նմանատիպ դիմում քննարկվում է մեր քաղաքաշինական խորհրդում, հետո այն ուղարկվում է մարզպետարանի համապատասխան բաժին, այնտեղից էլ Երեւան՝ քաղաքաշինության կոմիտե, իր պարտադիր կարծիքը պետք է հայտնի նաեւ ԿԳՄՍ նախարարությունը: Դիմումի հետ պետք է պարտադիր լինի էսքիզ, որ հասկանալի լինեն փոփոխության թերությունները կամ առավելությունը: Պարտադիր է սեյսմիկ ծառայության գնահատականը, քանի որ դարն ապրած շինություն է»:

Փոխքաղաքապետը համաձայն է, որ Գյումրու պատմական կենտրոնում քայքայումից փրկվող, ճիշտ վերականգնվող ցանկացած շինություն ոչ միայն սեփականատիրոջ, այլեւ՝ համայնքի հպարտությունն է: Սակայն նեղված է Բազաեւայի հայտարարությունից, թե երբ պետք է պարծենալ՝ վարչապետին իր հյուրատուն են ուղեկցում, իսկ երբ իրեն պետք է տանիքի հարցը կարգավորել, ապա ապօրիննություն են որակում: 

«Նախ անդրադառնամ անցած տարվա քաղաքի օրը վարչապետի այցի ժամանակ կայացած շրջայցին: Ծրագիրը կազմելիս Բազաեւայի հյուրատունն այցելության ենթակա օբյեկտների ցանկում չի եղել: Մարինան ինձ մոտ եկել է, խնդրել, թե բա էդքան գործ եմ արել, մի բան արեք, թող վարչապետը թեկուզ 5 րոպեով մտնի, դա էլ ահագին օգուտ կլինի մեզ: Ես ճիշտն ասած անձամբ եմ խնդրել վարչապետի արարողակարգին, անվտանգության ղեկավարին, որ տեղը նորմալ տեղ է, խնդիրներ չեն առաջանա,-պատմում է փոխքաղաքապետը,-ինձ ոչինչ չեն խոստացել, բայց էդ օրը որ հասնում էինք հյուրատանը, ես նորից խնդրել եմ, որ մի պահ մտնենք: Ու պետք չէ մեղադրել, թե երբ պետք է պարծենում եք, երբ պետք չէ՝ մեղադրում»:

Սեպտեմբերի 7-ին, կողմերի միջեւ հանդիպում-քննարկում է եղել: Ռուբեն Սանոյանը զգուշացրել է Մարինա Բազաեւային, որ վարչական վարույթ են հարուցելու եւ ապօրինի շինությունը պետք է ապամոնտաժվի: Դրա համար տրվում է որոշակի ժամկետ: Չքանդելու դեպքում առաջին անգամ սեփականատերը կտուգանվի 200 հազար, երկրորդ անգամ՝ 2,5 մլն դրամով: «Բոլոր դեպքերում, անգամ տուգանվելուց հետո, էն ինչ ապօրինի սարքել է՝ պիտի քանդի,-նկատում է Ռ. Սանոյանը,-այս պահին շինարարությունը մեր կողմից կասեցված է»:

Քաղաքապետարանի կայացրած որոշմանը համաձայն չէ հյուրատան սեփականատերը: Մարինա Բազաեւան որոշել է դատի տալ համայնքապետարանին՝ հղում անելով ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2015թ-ի մարտի 19-ի N596-Ն որոշման հավելվածի N1-ի 27-րդ կետի եւ հավելված N4-ի ցանկի N1-ի 8-րդ կետին: «Ըստ այդ որոշման 7-րդ ենթակետի, մեր սկսած շինարարությունը դասվում է ցածր ռիսկայնության (1-ին աստիճանի) օբյեկտների թվին եւ այն իրականացնելու համար շինարարական թույլտվություն չի պահանջվում»,-պարզաբանում է Մարինան:

Սեփականատերը դժգոհում է, որ COVID-19-ով պայմանավորված՝ ինքը բավական ֆինանսական կորուստներ է ունեցել եւ չի օգտվել կառավարության մշակած աջակցության ոչ մի ծրագրից: Վիրուսը խանգարել է ոչ միայն շինարարական աշխատանքների շուտ սկսմանը, այլեւ քաղաքապետարանի հետ նախատեսված եւ օրենքով սահմանված փաստաթղթային գործընթացներին: «Քաղաքապետարան մուտք գործել հնարավոր չէր, էնտեղ բնակիչներին լսում են պատուհանների մոտ, ես էլ չեմ կարող ամեն անգամ գնալ ու ժամերով սպասել արեւի տակ,-դժգոհում է Մարինան,-դե էս ամեն ինչը փաստորեն ձգձգվեց, մինչեւ որ հնարավոր եղավ դիմումը լրացնել: Ինչ մնում է ապօրինությանը, ես չեմ կարծում, թե մենք խախտում ենք թույլ տվել: Հյուրատանը կից երկու շինություններն էլ, որ նայում ես, կա անհամապատասխանություն, հյուրերիցս մեկը շատ լավ նկատեց, թե՝ ձեր շենքը շատ կոլոտ է իրանց համեմատ: Հիմա մենք ընդամենը փորձում ենք մանսարդի հաշվին որոշակի բալանսի բերենք շինությունը, դարձնենք համապատասխան կողքինների հետ»:

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի փոխանցմամբ ինքը տեղյակ է եղել, որ Բազաեւան ցանկանում է կտուրը վերակառուցել, սակայն նույնիսկ այս դեպքում նախ պետք է փաստաթղթային համաձայնությունը լիներ, հետո նոր որեւէ գործողություն ձեռնարկեին:

«Մենք էսքիզ էլ չենք տեսել, համացանցում ֆոտոշոփ արած լուսանկար են դրել, թե հյուրատան նորացված տեսքն է՝ դա անթույլատրելի քայլ է: Դարն ապրած տվյալ շինության համար պարտադիր է հատկապես սեյսմիկ եզրակացությունը, որ հասկանալի դառնա՝ հավելյալ ծանրություն կպահի իր՞ վրա, թե՞ չէ: Լուսանկարում ես նաեւ պատշգամբ տեսա, որն ավելի շուտ թիֆլիսյան միջավայրից է, քան Գյումրվա: Եվ նորից կրկնեմ, որ ամեն դեպքում շինարարությունն ապօրին է սկսված ու սեփականատերը պետք է սպասեր պաշտոնական թույլտվության»,- նկատում է Հենրիկ Գասպարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter