HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ Թի Փի»-ն ծրագրում է ստեղծել նոր անտառներ Սարատովկա և Սվերդլով համայնքներում

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը 1.2 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել «Էյ Թի Փի» ԲՀ-ին՝ Ճանաչելով վերջինի հաջողությունները ծառատունկերի, բնապահպանական կրթության և կայուն զարգացման ծրագրերում: Այս ֆինանսավորումը կօժանդակի «Էյ Թի Փի» ԲՀ-ի ծրագրերի մի մասին մինչև 2014թ.:

«Նորվեգական կառավարության հետ համագործակցության մեր առաջնային նպատակներից է կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացումը: Մենք պլանավորում ենք հասնել մեր նպատակին՝ իրազեկելով հանրությանը, ծառատունկերով, որոնք կնպաստեն Հայաստանում կայուն զարգացմանը, խթանելով անձնական պատասխանատվության զգացողությունը բնապահպանական խնդիրների հանդեպ»,- ասում է SEEDS ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը:

2011թ-ին «Էյ Թի Փի» ԲՀ-ն նախաձեռնեց մի նոր ծրագիր, որը կոչվում է SEEDS (սոցիալական, տնտեսական և բնապահպանական զարգացում հանուն կայուն զարգացման): Այս ծրագիրը հնարավորություն տվեց «Էյ Թի Փի»-ին հզորացնել իր կարողությունները անտառվերականգնման ծրագրերում՝ բարելավելով ծրագրի արդյունքները՝ նոր մեթոդաբանություն կիրառելով: Այս ծրագիրը հատուկ շեշտադրում է համայնքային զարգացման խնդիրը և ներդնումներ է անում սոցիալական կապիտալի մեջ այն վայրերում, ուր «Էյ Թի Փի»-ն ծառատունկներ է անում:

Նորվեգական ֆինանսավորումը մասնակի օժանդակություն կտրամադրի «Էյ Թի Փի»-ի հիմնական ծրագրերին, ներառյալ քաղաքային և գյուղական համայնքների ծառատունկի նախաձեռնությունները, Հյուսիսային Հայաստանում անտառվերականգնման ծրագրերի ընդլայնումը, տնկված անտառների պահպանությունը, անտառի կայուն կառավարման վերաբերյալ համայնքային դասընթացները, բնապահպանական ծրագրերը, որոնց միջոցով վերապատրաստվում են ուսուցիչները:

2011թ. «Էյ Թի Փի» ԲՀ-ի SEEDS ծրագիրը տնկել է 186,785 ծառ Լոռու մարզի Ֆիոլետովոյի, Ջրաշենի, Կաթնաջուրի, Սպիտակի և Ծաղկաբերի համայնքային հողերում և պահպանել ու մաքրել արդեն իսկ տնկված տարածքները՝ տնկիների կպչողականության ցուցանիշները բարձրացնելու նպատակով:

«Էյ Թի Փի»-ն ծրագրում է ստեղծել նոր անտառներ՝ համագործակցելով Սարատովկա և Սվերդլով համայնքների հետ, որոնք արդեն իսկ տրամադրել են 80 հա հողատարածք տնկումների համար: «Էյ Թի Փի»-ն համագործակցում է իր տեղական գործընկերների հետ փոքր համայնքային անտառների ստեղծման գործում: Քաղաքներին և գյուղերին, որոնք հեռու են անտառապատ տարածքներից, հատուկ ուշադրություն է հատկացվում այս ծրագրի շրջանակներում»,- նշում է անտառային ծառայությունների բաժնի ղեկավար Անի Հայկունին:

Անտառատնկման նպատակով աճեցված տնկիները ձեռք են բերվում Մարգահովիտ գյուղում գտնվող Ջոն և Արտեմիս Միրաքների անունը կրող տնկարանից և Գետիկ գետի ավազանի տնամերձ տնկարաններից: Այս նորաստեղծ անտառները կազմված են կաղնու, սոճու, հացենու, խնձորենու և տանձենու տնկիներից, որոնք համարվում են բնիկ այս տարածաշրջանի համար:

«SEEDS ծրագիրը նաև զբաղվում է համայնքային զարգացման և սոցիալ-տնտեսական խնդիրներով՝ նվազեցնելու անտառահատման և հողի ոչ կայուն օգտագործման հիմնական պատճառները: Ծրագիրը հնարավորություն է տալիս Լոռու մարզից հարյուրավոր բանվորների սեզոնային աշխատանքով ապահովել, ինչպես նաև համագործակցել այլ կազմակերպությունների հետ, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ համայնքային զարգացման գործում: Այս աշխատանքների միջոցով մարդիկ ստիպված չեն լքել իրենց գյուղը և մեկնել Ռուսաստան գումար աշխատելու համար»,- ասում է Վարդան Մելիքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter