HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նոր կարգով՝ օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունը կտրամադրվի էլեկտրոնային եղանակով

Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել Հայաստանում օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության (լիցենզիա, եզրակացություն) տրամադրման ոլորտում։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը»։

Նոր կարգով՝  օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվությունը կտրամադրվի էլեկտրոնային եղանակով: Նշենք, որ այժմ այն տրամադրվում է բացառապես թղթային տարբերակով, ինչը, նախարարության գնահատմամբ, ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում բիզնեսի կազմակերպման համաշխարհային տեմպերին համարժեք չէ: 

Ըստ նոր կարգի՝ առաքման թույլտվություն ստանալու համար օզոնային շերտը քայքայող նյութեր և հիդրոֆտորածխածիններ ներմուծող, արտահանող, տարանցիկ փոխադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (հայտատու) շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնելու առաքման թույլտվության տրամադրման էլեկտրոնային հայտ՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համացանցային կայքէջի «Միասնական հայտ» համակարգի միջոցով։ Հայտին պետք է կցվեն նաեւ անհրաժեշտ փաստաթղթերը: 

Նախարարությունը էլեկտրոնային հայտը ստանալուց հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնելու է որոշում՝ հայտատուին առաքման թույլտվություն տրամադրելու կամ առաքման թույլտվության տրամադրումը մերժելու մասին:

Առաքման թույլտվության տրամադրման կամ մերժման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացվելու է հայտատուն՝ «Միասնական հայտ» համակարգում նշած էլեկտրոնային փոստի և հեռախոսահամարի միջոցով: 

Հայտատուն պետք է նաև պետական տուրքը վճարի ոչ ուշ, քան առաքման թույլտվության տրման հայտը բավարարելու մասին տեղեկանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Վճարումը հնարավոր է լինելու կատարել նաև «Միասնական հայտ» համակարգի միջոցով, այդ կերպ վճարումը հավաստող փաստաթուղթ չի ներկայացվի շրջակա միջավայրի նախարարություն։

Շրջակա միջավայրի նախարարությունն առաքման թույլտվության տրման հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո հավաստիանալու է պետական տուրքի՝ ժամկետում վճարված լինելու մասին և հայտատուին «Միասնական հայտ» համակարգի միջոցով տրամադրելու է առաքման թույլտվություն: 

Նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում որոշումը չեղյալ է ճանաչվելու։

Առաքման թույլտվության տրամադրումը մերժվելու է՝

.եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

.եթե առաքման թույլտվության տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված.

.ներմուծման անհատական չափաքանակների սպառման դեպքում:

Էլեկտրոնային եղանակով տրամադրված առաքման թույլտվության հիման վրա առաքում իրականացնելիս` մաքսային մարմինն առաքման թույլտվություն չի պահանջելու: Վերջինս առաքման թույլտվության առկայության փաստի վերաբերյալ հավաստիանալու է «Միասնական հայտ» համակարգի միջոցով: 

«Այս բնագավառում Հայաստանը շարունակում է կատարել բարեփոխումներ և արդիականացումներ, որոնք բխում են ժամանակակից տնտեսական և տնտեսավարման ռիթմից, կանոններից՝ հարմարավետ պայմաններ ստեղծելով ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ տնտեսավարողների՝ գործարար համայնքի համար»,-քննարկման նախագծում նշել է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter