HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բեյրութի նավահանգստում դարձյալ հրդեհ է բռնկվել

2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում դարձյալ հրդեհ է բռնկվել։ Նոր հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Լիբանանի զինված ուժերի նախնական տվյալներով՝ այրվել է անվադողերի պահեստը, որտեղ կարող էին լինել նաև ավտոյուղի տարաներ։

Ականատեսների խոսքերով, ծուխը բարձրանում է նավահանգստի այն հատվածից, որտեղ գտնվում է նախորդ պայթյունի էպիկենտրոնը, որն օգոստոսի սկզբին ոչնչացրել էր Բեյրութի մի հատվածը։ Ոմանք էլ կարծում են, որ առաջին պայթյունից հետո դժվար թե այնտեղ որևէ բան մնացած լիներ։

«Twitter»-ի օգտատերերը հրապարակում են հրդեհի լուսանկարները և կոչ անում քաղաքացիներին բացել պատուհաններն ու հեռու գտնվել ապակեպատ հատվածներից։

Ավելի ուշ, Լիբանանի քաղաքացիական պաշտպանության նախարար Ռեյմոն Հաթարը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում հրդեհի օջախը լոկալիզացվել է։ Ըստ նրա՝ չկա որևէ վտանգ, որ հրդեհը կարող է տարածվել։ Լիբանանի լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Միշել Աունի հրամանով սեպտեմբերի 10-ի երեկոյան կգումարվի պաշտպանական խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկվի նոր հրդեհի առաջացման հետ կապված իրավիճակը։

Ոստիկանությունը տեղում աշխատող լրագրողներին խնդրել է պահպանել անվտանգ հեռավորություն։ Երկնքից հրդեհի մարմանը մասնակցում են Լիբանանի զինված ուժերի ուղղաթիռները։ Հրդեհի մարմանը ներգրավված են նաև ԱԻՆ 16 մարտական հաշվարկ։ Լիբանանի կարմիր խաչի տվյալներով՝ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդը տեղի լրատվամիջոցներին հայտարարել է, որ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, իսկ իշխանությունների ջանքերն ուղղված են հրդեհաշիջման ուղղությամբ։

Օգոստոսի 4-ին տեղի ունեցած երկու պայթյունների ընթացքում, որոնք հաջորդել էին մեկը մյուսին, Բեյրութում զոհվել է մոտ 190 մարդ, 6000-ն էլ վիրավորվել։ Պայթյունի ալիքն ամբողջությամբ վերացրել է նավահանգստի և մոտակա թաղամասերի մեծ մասը։ Ողբերգության պատճառը դարձել էր ամոնիումի սելիտրայի մեծ խմբաքանակը, որը պահվում էր նավահանգստի տարածքում, առանց անվտանգության միջոցների պահպանման։

Բեյրութի նավահանգիստը Լիբանանի տնտեսության համար կենսական նշանակության օբյեկտ է։ Լիբանանի տնտեսությունը մեծապես հիմնված է ներկրման վրա։ Զուգահեռաբար արդեն մի քանի տարի է երկիրը չի կարողանում դուրս գալ տնտեսական ճգնաժամից։ Բացի ներտնտեսական խնդիրներից, Լիբանանն արդեն մի քանի տարի բախվում է նաև սիրիացի փախստականների հիմնախնդրին, իսկ այս տարի նաև կորոնավիրուսի համավարակին։

Օգոստոսին տեղի ունեցած պայթյուններից հետո երկրում ընթանում են նաև բողոքի ցույցեր, որոնք ուղղված են կոռուպցիայի և իշխանության ճգնաժամի դեմ։ Ընդհանուր առմամբ, երկրում իշխում է պրոիրանական «Հեզբոլլահ» խմբավորումը, որը 2009 թվականին ստացել է խորհրդարանական մանդատներ և ապահովել իր լեգիտիմությունը։

Լուսանկարը՝ Sam Tarling / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter