Եվրոպական միությունը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
Եվրոպական խորհուրդը սեպտեմբերի 10-ին հայտնել է ՌԴ քաղաքացիների և ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման մասին, որոնց գործունեությունը շարունակում է խաթարել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնավարությունը և անկախությունը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Պատժամիջոցները երկարաձգվել են ևս 6 ամսով, մինչև 2021 թվականի մարտի 15-ը։
ԵՄ գործող սահմանափակումներով նախատեսվում է պատժամիջոցների ցուցակում գտնվող անձանց ակտիվների սառեցում և ԵՄ տարածք մուտքի արգելք։ Եվրոպական խորհրդի կայքում նշվում է, որ պատժամիջոցները կշարունակեն գործել 175 անձանց և 44 ընկերությունների նկատմամբ։
2014 թվականի մարտին Ղրիմի՝ Ռուսաստանին միացումից հետո, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Կանադան կիրառել են պատժամիջոցների առաջին փաթեթը։ Պատժամիջոցների հետագա ընդլայնումը պայմանավորված էր Ուկրաինայի արևելքում իրավիճակի լարմամբ և Ռուսաստանի վարած քաղաքականությամբ, համաձայն որի Ռուսաստանը Դոնբասի պրոռուսական ուժերին մատակարարում էր զինամթերք։
Պատժամիջոցների հաջորդ խումբը կապված էր 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում մալայական Boeing 777 ինքնաթիռի աղետի հետ, որը, ըստ ուկրաինական և արևմտյան կողմերի, խոցվել էր պրոռուսական ուժերի կողմից վերահսկվող տարածքից։
Լուսանկարը՝ «Bloomberg» գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել