HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նոր կարգավորումներ` զինծառայությունից խուսափած և քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ են դրել նախագծերի փաթեթ, որը վերաբերում է զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզման մեջ գտնվող անձանց: Փոփոխությունները ներառված են  Քրեական օրենսգրքում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում:  

Զինվորական ծառայությունից խուսափելը կարող է համարվել ծանր հանցագործության` ազատազրկման առավելագույն ժամկետը դառնալով վեց տարի (գործող 3 տարվա փոխարեն): Զինծառայությունից ազատվելը փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով կարող է հանգեցնել երեքից յոթ տարվա ժամկետով ազատազրկման` գործող մեկից հինգ տարվա փոխարեն:

Գործող օրենքով` զինվորական ծառայությունից առանց օրինական հիմքի ազատված անձինք չեն կարող զբաղեցնել հանրային պաշտոն: Նախագծերի հեղինակներն առաջարկում են հանրային պաշտոն զբաղեցնելու հնարավորություն զինծառայությունից խուսափած այն անձանց, ովքեր քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո երեք տարվա ընթացքում երկու տարով պայմանագրային զինվորական ծառայություն են անցել:

Զինվորական ծառայությունից խուսափած անձանց նաև հնարավորություն է տրվում ազատվել քրեական պատասխանատվությունից` վճարելով պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար (5-5,5 մլն դրամ): Ըստ հեղինակների` այս քայլը տրամաբանական է, քանի որ զինծառայությունից խուսափած անձին փաստացի փոխարինում է պայմանագրային զինծառայողը, որի առջև պետությունը բազմաթիվ պարտավորություններ է կրում, այդ թվում` վարձատրության, և դրա չափով վճարումը որոշակիորեն վերականգնում է սոցիալական արդարդությունը: Նախագծում նշվում է նաև, որ վճարած գումարը ենթակա է վերադարձման, եթե վճարողը երեք տարվա ընթացքոմ անցել է պայմանագրային զինծառայություն երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նախագծերը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում հայտնվելու համար պետք է ստանան ԱԺ գլխադասային` Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հիշեցնենք նաև, որ այս պահին չկա այլ օրենսդրական կարգավորում, որի համաձայն զինծառայությունից խուսափած անձինք, որոնց 27 տարին լրացել է, կարող են վերադառնալ հայրենիք: Վերադարձի դեպքում նրանց սպասվում է քրեական հետապնդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter