Պետական բուհերի ավելի քան 1800 ուսանող մասնակցել է կրթաթոշակ ստանալու մրցույթին
Պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել է կրթաթոշակներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ:
Կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է բարձրագույն կրթություն չստանալու պատճառ լինի: Այսուհետև մեր ծրագրերն ուղղված են լինելու այս խնդրի լուծմանը»,- ասել է նա:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ իրականացվելու են կրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի կրթական համակարգը համապատասխանի միջազգային չափանիշներին: «Աղքատություն ծնող պատճառներից մեկը կրթության անհասանելիությունն է: Այստեղ է, որ պետությունը պետք է լինի անապահով ընտանիքների օգնականը, ստանձնի պարտավարություն՝ նրանց համար կրթությունը հասանելի դարձնելու համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ կրթաթոշակների տրամադրման քաղաքականությունը կշարունակվի:
Կրթաթոշակ ստանալու մրցույթին մասնակցել է հանրապետության պետական բուհերի ավելի քան 1800 ուսանող, այդ թվում՝ 100-ն առաջին, 1700-ը երկրորդ կուրսերից: Կրթաթոշակ ստացած 750 ուսանողից 90-ը հանրապետության մարզերում գործող պետական բուհերից է, այդ թվում՝ Գավառի և Գորիսի պետական համալսարաններից, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերից, Երևանի, Վանաձորի, Կապանի այլ բուհերից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել