HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու որոշ խստացումներ կհետաձգվեն մինչ 2021 թվականի հունվարի 1-ը

Ոստիկանությունը նախատեսում է մինչ 2021 թվականի հունվարի 1-ը հետաձգել վարորդական իրավունքի տրամադրման որոշ խստացումներ։ Դրանք կառավարությունն ընդունել է այս տարվա մարտ ամսին և գործելու էին սեպտեմբերի 27-ից։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այսօր հանրային քննարկման է ներկայացվել նման որոշման նախագիծ։

Սեպտեմբերի 27-ից գործելու էր նոր կարգավորում, որով «A», «B», «BE», «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, ինչպես նաև «AM», «A1», «B1», «C1», «D1» և «C1E», «D1E»  ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձինք պետք է բժշկական հավատարմագրում անցնեին, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում էր, որ ունեն ավտոմեքենա շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում։ Օրինակ՝ բացակայում են վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, առկա են շարժումները սահմանափակող՝ դաստակի, ոտնաթաթի, ձեռքերի մատների ձևախախտում կամ արատներ, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության կամ լսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն։ Կամ առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

Մեկ այլ փոփոխությամբ՝ վարորդական վկայականը տրվելու էր նաև «AM» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար (մոպեդ)։

Իսկ «D» կարգի ու «D1» ենթակարգի տրանս­պորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մաս­նակցելու համար ներկայացվելու էր նաև  բժշկական հավատարմագրում անցնելու մասին տեղեկանք։

Քննությունների միջոցով ստուգվելու էր նաև վարորդի թեկնածուի տրանսպորտային միջոց վարելու հմտու­թյունները և վարքագիծը։ Մասնավորապես՝ «A», «B» կարգի և «AM», «A1» և «B1» ենթակարգերի վարորդական վկայական ստանալու համար գործնական վարման հմտության և վարքագծի ստուգումն իրականացվում է միայն ճանապարհային երթևեկության իրական պայմաններում, իսկ կարգերի ու ենթակարգերի դեպքում գործնական վարման հմտության և վարքագծի ստուգումը՝ ավտոդրոմում և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում։

Ոստիկանությունն այս փոփոխությունների հետաձգումը պայմանավորել է համավարակով։ «Փոփոխություններն էականորեն խստացնում են վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացը, և դրան զուգահեռ արտակարգ դրության պայմաններում ոչ սովորական ընթացակարգով վարորդական վկայականի որակավորման քննություններին մասնակցելու գործընթացի կազմակերպումը բերել է նրան, որ քաղաքացիները, խուսափելով խիստ պայմաններում որակավորման քննություն տալուց, դիմում են ներկայումս գործող ընթացակարգով վարորդական վկայական ստանալու ակնկալիքով»,-նախագծում նշել է ոստիկանությունը։

Ոստիկանության փոխանցմամբ՝ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանության 13 հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը և հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է, վարորդական վկայականներին վերաբերող գործողությունների մասով բացառություն է եղել միայն կորած վարորդական վկայականի կրկնօրինակի հատկացում տալու գործողությունը։

Դադարեցված գործառույթների վերսկսումից հետո բոլոր ստորաբաժանումների ծառայությունների մատուցումն իրականացվում է միայն էլեկտրոնային հրավերի միջոցով՝ նպատակ ունենալով բացառել քաղաքացիների մեծ թվով կուտակումները։

Այս իսկ պատճառով օգոստոսի 10-ի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցելու նպատակով Ճանապարհային ոստիկանություն է ներկայացվել ավելի քան 26 000 դիմում, որից մոտ 12 500-ը՝ Երևան քաղաքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter