HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

ՏՏ ոլորտի մի քանի նոր տերմիններ

Տեխնոլոգիական առաջընթացն առաջ է բերում նոր հասկացություններ, որոնք աստիճանաբար մեր կյանք են մուտք գործում։ Եթե նախկինում համակարգչի, համացանցի կամ բջջային սարքերի առկայությունն էր համարվում առաջընթացի ցուցանիշ, ապա մեր օրերում դրանք վաղուց գործածական հասկացություններ են, և արդի խնդիրն արդեն դրանց կատարելագործումն է։ Նախկին մեծածավալ և շատ էլեկտրական հոսանք սպառող սարքերն այժմ արդեն փոխարինվում են փոքր չափերով և հոսանք խնայող սարքերով՝ միաժամանակ ավելի արդյունավետ ու արագ աշխատանք ապահովելով։ Այս առաջընթացն իր հետ նաև բերում է նոր հասկացություններ, բառերի նոր իմաստներ։

Ստորև ներկայացնում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 4 նոր հասկացություն, որոնք արդեն հասանելի են տարբեր երկրներում և զարգացում են ունենալու մոտ ապագայում։

5G կամ 5-րդ սերնդի բջջային հաղորդակցություն

Նախկին սերունդների հեռահաղորդակցական ազդանշանները սկսել են կիրառվել անցյալ դարի վաղ 80-ականներից՝ ներառելով անալոգային ձայնի տեխնոլոգիաներից մինչև մեր օրերի բազմաֆունկցիոնալ 4G և 4G+ ցանցեր (G-generation` սերունդ բառից)։ Այժմ արդեն որոշ երկրներ փորձարկում են 5-րդ սերնդի հաղորդակցման ազդանշանները՝  զարգացնելով դրանք տարբեր ոլորտներում։ Առաջատարներն են Հյուսիսային Կորեան, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները։

5-րդ սերնդի բջջային կապի ազդանշանների ընդունիչ արդեն ունեն շատ սարքավորումներ՝ հեռախոսներ, անլար տեսախցիկներ և այլն։ Դրանք կարող են ապահովել մինչև մի քանի գիբաբիթ/վրկ․ արագություն և զրոյին մոտ հապաղման ցուցանիշ։ Համեմատության համար նկատենք, որ բջջային կապի տվյալ ցուցանիշը մոտ է օպտիկամանրաթելային գերարագ կապի ցուցանիշներին։

Հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում դեռ չկան 5G կամ 5-րդ սերնդի բջջային կապի մատակարարներ, սակայն դա արդեն ժամանակի հարց է։

IoT կամ «Իրերի ինտերնետ»

Սպառողական շուկայում ավելի շատ են հայտնվում սարքեր, որոնք բացի հիմնական ֆունկցիայից՝ ունեն նաև նմանատիպ այլ սարքերի միանալու, տեղեկություններ փոխանցելու և ցանց ստեղծելու հատկություն։ Օրինակ՝ սառնարանը, սրճեփը կամ թեյնիկը կարող են ունենալ ներկառուցված հաղորդիչ սարքավորում, որով տվյալներ են փոխանակում օգտագործողի բջջային սարքի կամ տնային խելացի կառավորման համակարգի հետ։

Oգտագործողը կարող է տեղեկություն ստանալ ասենք՝ սառնարանի մեջ եղած մթերքների պահպանման ժամկետների վերաբերյալ կամ մեկ հպումով անջատել եռացող սրճեփը՝ առանց դրան մոտենալու։ Նաև անփոխարինելի է «Իրերի ինտերնետի» կիրառությունը անհատական բժշկության ոլորտում։ Դրա շնորհիվ բժիշկը կարող է հիվանդի վիճակի փոփոխության մասին տեղեկություններ ստանալ անմիջապես իր  սարքավորման էկրանին` առանց հիվանդին մոտ լինելու։

Տվյալ տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է նաև արտադրական, շինարարական, գյուղատնտեսական և այլ ոլորտներում և էականորեն հեշտացնում է աշխատանքները։

Բոտեր

Համեմատաբար ավելի նոր հասկացություն է բոտը (bot-փոքր robot բառից), որը կարող է կիրառվել տարբեր ոլորտներում։ Ծրագրային հավելվածների (add-on, plugin, extension) կողքին բոտը կոնկրետ գործողություն կարող է կատարել և որոշակիորեն փոխարինել մարդուն։ Գոյություն ունեն, օրինակ՝ կայքերի չաթ-բոտեր (chatbot), որոնք կարող են երկխոսել այցելուի հետ։ Դրանք կարող են առաջարկել հաճախ տրվող հարցերի տարբերակներ կոճակների տեսքով, կամ փնտրել որոշ բառեր կամ արտահայտություններ ու դրանց հիման վրա պատասխանել հարցերին։ Հայտնի են նաև Ֆեյսբուքի, Թվիթերի, Տելեգրամի ու այլ սոցիալական ցանցերի բոտեր (social bots), որոնք օգնում են սոցիալական ցանցն ավելի արդյունավետ վարել։

Բոտերի դեպքում հարկ է նաև ուշադրություն դարձնել անվտանգության հանգամանքին։ Հայտնի են դեպքեր, երբ ստեղծվել են համակարգչային կամ ցանցային վիրուսներ (keylogger, adware և այլն) ու ողջ սարքավորումը կամ ցանցը դարձրել չարանենգ ծրագրի տարածման կամ տվյալների արտահոսման աղբյուր։ Բոլորիս հայտնի DDoS հարձակումը, որը սերվերային համակարգը ծանրաբեռնում է և անաշխատունակ դարձնում, ստեղծվում է բոտերի կողմից, որոնք հրահանգներ են ուղարկում թիրախի ուղղությամբ՝ օգտագործելով  հազարավոր սարքավորումներ միաժամանակ։ Այս խնդրից խուսափելու համար առաջարկվում է չօգտվել անհայտ ծագման ծրագրերից, հավելվածներից, չբացել էլեկտրոնային փոստի նամակին կից ֆայլերը՝ առանց հակավիրուսով ստուգելու։

Հեռահար կառավարում

Վերջին հասկացությունն ամենաընդգրկունն է և ներառում է բազմաթիվ ոլորտներ՝ առցանց գնումներ, տնից աշխատանք և այլն։ Ամեն օր ավելի շատ ընկերություններ են անցնում հեռահար և մոբայլ աշխատանքի՝ դրանով կրճատելով այցելությունների վրա ծախսվող ժամանակը և միջոցները։ Եթե նախկինում, օրինակ, բանկից բանկ կամ երկրից երկիր գումար փոխանցելու համար հարկավոր էր գնալ ֆինանսական ծառայություններ մատուցող հաստատություն և կատարել գործարքը, ապա այժմ մի քանի հպումով հնարավոր է դա անել։ Նույնը տարատեսակ այլ ծառայությունների դեպքում է կիրառելի։ Կառավարական շատ հաստատություններ ևս հեռահար ծրագրերի միջոցով պատասխանում են քաղաքացիների հարցումներին, դիմումներ ընդունում և ընթացք տալիս դրանց։ Հեռահար կառավարման մի տեսակ է նաև առցանց ուսումնառությունը։

ՏՏ ոլորտի արդի լուծումները կօգնեն կրճատել ֆիզիկապես ներկա գտնվելու, գործողություն կատարելու ժամանակը, միջոցները և նյարդերը, կնպաստեն ժամանակն ավելի արդյունավետ տնօրինելուն։ Մեկուսացման այս օրերին շատ ընկերություններ հարմարվում են հեռահար կառավարմանն ու առցանց հիմնական աշխատանքին և հազիվ թե հետագայում որոշեն նորից անցնել ավանդական աշխատանքային գրաֆիկին, եթե արդյունավետությունը նույնը լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter