HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերօրյա Սոկրատեսներն ու Միքելանջելոները

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սեպտեմբերի 4-ին «Սասնալանջ» կամ «Մհերի դուռ» քանդակի միջազգային փառատոնի այս փուլի ամփոփումն էր: Ներկայացվել էին թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում ստեղծագործող երեխաների ու ճանաչված քանդակագործների աշխատանքներ: Այս խորիմաստ, ազգային ոգով ներշնչված, միաժամանակ համամարդկային արժեքներ ունեցող փառատոնը հնարավոր դարձավ շնորհիվ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի, քանդակագործ Վիգեն Ավետիսի, ինչպես նաև նվիրյալ արվեստագետների և դասախոսների, ովքեր պարոն Բլեյանի առաջնորդությամբ տարիներ շարունակ նոր`ազատության և արդարության ոգով կրթում են երիտասարդ սերունդներ:

Աննախադեպ երևույթ է` ցմահ ազատազրկվածս հնարավորություն ստացա մասնակցել այս փառատոնին իմ կավագործական աշխատանքով (ինչպես գիտեք`տեսակապի միջոցով հանդիպել-ծանոթացել էինք և ներկայացրել էի աշխատանքս): Չկար որևէ օրենսդրական խոչընդոտ, որ ինձ տրամադրեին կարճաժամկետ մեկնում, և ես անձամբ ներկա գտնվեի այս փուլի փակման միջոցռմանը, անձամբ ներկայացնեի աշխատանքս: Ցավոք, ՔԿՀ վարչակազմը մերժեց: Ես գրել էի ողջույնի խոսք փառատոնի փակման առթիվ. «...Արվեստի աշխարհում մարդիկ չեն դասակարգվում ուժեղների և թույլերի, պաշտոնյաների և ենթակաների: Այստեղ մանուկներն ու մեծերը հավասար են, արարում են սրտի կանչով, և չկան սահմաններ: Շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեցիք «Սասնալանջում» իմ քանդակով՝ փոքրիկ անսահմանությամբ միանալ Ձեր անսահմանություններին: Այսպես կաթիլ-կաթիլ ակընթարթը ժամանակ դարձնելով՝ բացվելու է խորհրդանշական դուռը, որ Սիրո ու Արդարության լույսով լցվի ոչ միայն Հայոց աշխարհը, այլ ողջ մարդկությանը: Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, բոլոր ներկաներին այսօրվա համար: 

Ինչ վերաբերում է իմ ներկայացրած աշխատանքին՝ կարևորը զգացմունքներն են, որ փոխանցում է յուրաքանչյուր քանդակ: Բայց ասեմ, որ Քուռկիկ Ջալալուն մտածված եմ համեմատաբար փոքր պատրաստել, ինչպես նաև քարանձավը: Այս մոտեցումը խորհրդանշում է այն, որ Փոքր Մհերն արդեն հասունացել է. բնականաբար չէր կարող քարանձավում մենակ փակված մնալ: Քարանձավ-արգանդը պետք է ծննդաբերի, և Սիրո ու Արդարության լույսը աշխարհ գա միավորված Տղամարդու և Կնոջ տեսքով: 

Արարիչը Տիեզերքում մոլորակների և Արևների տեսքով գնդեր է քանդակել և շաղ տվել: Այդ գնդերից մեկի վրա էլ մենք ստեղծագործում ենք ու այս կամ այն կերպ Սիրո և Արդարության Լույսը տարածում: Քաղաքականությունը բնորոշ է նաև մեղուներրին, մրջյուններին, գայլերին և այլ արարածներին, քանի որ ունեն դասակարգային խմբեր, ճնշողներ և ճնշվողներ, ինչպես մարդկանց աշխարհում: Եվ միայն գիտությունն ու արվեստն են մարդուն փոքրիկ Արարիչ դարձնում՝ մոտեցնելով Աստծուն»:

Այնպես, որ սոցիալական վերականգնման աշխատանքները փաստացի անում եք դուք` ազատ քաղաքացիներդ՝  ի դեմս արվեստագետների և մտավորականների: Պետք է նշեմ, սակայն, որ ՔԿՀ վարչակազմի մեջ էլ կան առաջադեմ, մարդասեր աշխատակիցներ, ցավոք, նրանք շատ քիչ են: Իրականում գրվում են սիրուն օրենքներ, բայց  դրանք կյանքի չեն կոչվում կամ կրիայի քայլերով, քանի որ այս համակարգում հին մտածելակերպ ունեցողները չեն համակերպվում արագ զարգացող իրողություների հետ, որոնք քաղաքակիրթ աշխարհը բարձրացնում են նոր մակարդակի: Օրինակ` Իտալիայում ցմահ բանտարկյալը մինչև 45 օր արձակուրդ է ստանում և ապրում է ազատության մեջ իր ընտանիքի հետ, հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրներում որոշ ժամանակ անց նրանք ապրում են տնակներում, որտեղ դռները չեն փակվում, և ընտանիքի անդամները առանց ժամանակի սահմանափակման կարող են բնակվել իրենց հետ: 

Աշոտ Բլեյանի ջանքերով մեր իրողության մեջ ստեղծվեց և կայացավ նախադեպը չունեցող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որտեղից դուրս են գալիս երիտասարդներ, ովքեր կաշկանդված չեն կարծրատիպերով, ազատ են և ունեն լայն աշխարհայացք: Ցավով իմացա, որ պարոն Բլեյանին փաստացի զրկում են իր իսկ կողմից ստեղծած կրթահամալիրի տնօրենի պաշտոնից: Նա չի կարող պաշտոնավարել միայն այն պատճառով, որ դարձավ 65 տարեկան, իսկ կրթահամալիրը գործում է որպես ՊՈԱԿ, այլ ոչ թե հիմնադրամ, որտեղ նա կկարողանար շարունակել մնալ տնօրենի կարգավիճակում և կրթել սերունդներ: Ի դեպ, հենց փառատոնի փակմանը`սեպտեմբերի 4-ին էր նրա տարեդարձը: Մնում է զարմանալ, որ տարիներ շարունակ իրական հեղափոխություն իրականացնող Մարդուն, ով թե՛ ոգով, թե՛ մարմնով մնացել է երիտասարդ, «հեղափոխական» Հայաստանում փորձում են հեռու պահել դպրոցից… այս դիպվածը նույնպես «Իրական հեղափոխականներ և ծպտված դիմակներ» շարքից է…

Հարգարժան պարոն Բլեյան, շնորհավորում եմ Ձեր տարեդարձը և զորակցությունս հայտնում:

Քանդակի փառատոնը շարունակվում է այժմ որպես «Արատես» փառատոն… Նույնանուն վանքը կառուցվել է 13-րդ դարում և փառատոնի պայմանական կենտրոնը Եղեգնաձորի Արատես գյուղում է… կա մի տեսություն, որի համաձայն մեր մոլորակի վրա ծնվող միլիարդավոր մարդիկ իրականում աշխարհի սկզբի մարդկանց փոխակերպումներն են: Այսինքն`մեզանից յուրաքանչյուրը հազարամյակների խորքից եկող նույն անձի ռեինկարնացիան է: Միգուցե իրոք կա նման բան, չգիտեմ: Միքելանջելոն իր ժամանակի իրական հեղափոխական էր… և ո՞վ կմտածեր, որ հայ տղան`Վիգենը կգնար Իտալիա և քանդակագործների բնօրրանում նրան կընդունեն, իրենց շարքերում պատվավոր տեղ կտան ու նրա քանդակները տեղ կգտնեն Իտալիայում և այլուր:

Սոկրատեսը հիմնեց իր դպրոցը և նոր ոգով սերունդներ էր կրթում: Նա ցավալի վախճան ունեցավ միայն այն պատճառով, որ օրվա իշխանիկների հետ չէր: Բայց մնաց հպարտ և անկոտրում, իսկ նրա անունը և միտքն անցան դարերով ու հասան մեզ, իսկ նրան մահապատժի դատապարտողներին ոչ ոք չի հիշում: Ցավոք, այդ մոլորյալներն էլ են այս կամ այն տեսքով ռեինկարնացիայի ենթարկվում, իսկ ճշմարտախոս նվիրյալները պետության իրական հիմքն են: Այսպես հազարամյակներով շարունակվում է պատերազմը փիլիսոփաների և տգատների, բարու ու չարի, արդարի ու անարդարի, սիրո և ատելության միջև:

… բոլոր ազգերի հեքիաթները շատ նմանություններ ունեն և առավել կարևոր է այն, որ ազգային հեքիաթներում բարին մշտապես հաղթում է չարին: Դարերի խորքից եկող հեքիաթները երեխաներին փոխանցում և ներշնչում են բարու հաղթանակը: Բանտային անցած տարիներին, երբ որոշակի ազատ ժամանակ էր լինում, հեքիաթներից բացի, հոլիվուդյան ֆիլմերի վիճակագրություն էի ինձ համար անցկացնում: Իմ կարծիքով այդ ֆիլմերի մեծամասնությունում բարին հաճախ պարտվում է, կամ հաղթելով`մահանում: Արդյո՞ք այդպես ազգային հեքիաթներին հակադրվելով չեն փորձում գրեթե աննկատ կերպով ներշնչել բարու պարտությունը…

Անկախ նրանից, որ մեր իրողության մեջ հատիկ-հատիկ հարվածում են նվիրյալներին` իրական փոփոխություններ բերողներին, իսկ ժողովրդի կողմից մերժվածներին տեղ են տալիս`վերակենդանացնում, այնուամենայնիվ, միգուցե միամտաբար, դեռ հուսով եմ, որ նոր իշխանությունների գոնե մտադրությունները բարի են…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter