HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թորոսգյուղում սեպտեմբերի 14-ին դպրոցական զանգը կհնչի 2 առաջին դասարանցու համար

Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի կենտրոն Թորոսգյուղի միջնակարգ դպրոցում պատրաստվում են նոր ուսումնական տարվան: Արտակարգ դրությունով պայմանավորված՝ սեպտեմբերի 1-ի ավանդական զանգն այս տարի կհնչի սեպտեմբերի 14-ին: Առաջին դասարան հաճախողների թիվը փոքր է՝ ընդամենը 2 երեխա: Դպրոցի տնօրեն Գարիկ Հակոբյանն ասում է, որ ձգտելու են ամեն ինչ անել ուսումնական առաջին օրը տոնի վերածելու համար: Այդ օրը կգան նաեւ նախակրթարանի 9 սաները: Թորոսգյուղի միջնակարգ դպրոց սեպտեմբերի 15-ից կհաճախի 40 երեխա:

«Ուսումնական տարին սկսելու ենք հնարավորինս անվտանգության կանոնները պահելով,-նկատում է Գարիկ Հակոբյանը,-աշակերտների թիվը մեծ չէ, դասասենյակները բավարար են՝ այնքան, որ կարող եմ ոչ միայն պահանջված 1,5 մետր հեռավորությունն ապահովել, այլեւ դրանից ավելին: Մեր բոլոր դասարանները երկկոմպլեկտ են՝ ամեն դասարանում 4-5 աշակերտ ունենք: Աշխատում ենք, որ գոնե եռակոմպլեկտ չդառնան: Հիմա, եթե անգամ մեզնից պահանջեն դասարանները տարանջատել, էլի մեր ունեցած հնարավորությունները թույլ են տալիս ուղեցույցով սահմանված բոլոր պահանջները կատարել»:

Դպրոցի տարածքը 1500 քմ է. սա բավարար է դասապրոցեսներն ու ընդմիջումներն անխափան կազմակերպելու համար: Դպրոցի ճաշարանը չի գործելու: Քանի դեռ օրերը տաք են, կփորձեն դասերն անցկացնել բաց պատուհաններով՝ ապահովելով մշտական օդափոխություն: «Մենք ունենք որոշակի խնայողություն՝ մոտ 100 հազար դրամի չափով, դրանով ախտահանիչ նյութեր ենք գնելու եւ որոշակի քանակության դիմակ: Ճիշտ է, դպրոցների առաջ պահանջ չկա դրած, որ պիտի պարտադիր դիմակ ունենաք եւ տրամադրենք աշակերտներին, բայց մենք սկզբի համար փոքր քանակ ձեռք կբերենք: Հիմա երեխա է, կարող է առանց դիմակ գալ, կամ՝ գցի հատակին, կեղտոտի, տրամադրենք, որ փոխի»,-բացատրում է դպրոցի տնօրենը:

Թորոսգյուղը ծովի մակերեւույթից բարձր է 1950 մետր: Ինչպես Շիրակի մարզի բոլոր բարձրադիր բնակավայրերում, այստեղ էլ աշնան ցրտերը շուտ են ընկնում, ձմեռն էլ երկարատեւ է ու խստաշունչ: Գարիկ Հակոբյանը մտահոգվում է, որ եղանակները ցրտելուն պես առաջ են գալու սեզոնային վիրուսային հիվանդությունները, դրան էլ գումարվելու է COVID-19-ը: Կա կարծիք, որ աշակերտները երկար չեն կարողանալու դպրոց հաճախել եւ հիվանդությունների ակտիվության ֆոնին կրկին կանցնեն հեռավար ուսուցման:

«Ճիշտն ասած, երբ մարտ ամսից անցանք հեռավար ուսուցման, Թորոսգյուղի դպրոցականներից որեւէ մեկը տեխնիկայի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Եթե նախկինում անընդհատ պայքարում էինք նրա դեմ, որ հեռախոսներն արգելենք, աշակերտները հետները դպրոց չբերեն, փաստորեն երբ անցանք օնլայն ուսուցման, պարզվեց, որ սարքերի պրոբլեմ չկա եւ մենք հայտ չենք ներկայացրել հավելյալ տեխնիկայի,-ասում է Գարիկ Հակոբյանը ու ժպտալով հավելում,-խնդիրներ ծագել են բազմազավակ ընտանիքներում առանձին տարածքների հարցում: Օնլայն միաժամանակյա միացումների ժամանակ, ասենք տանը 4 դպրոցական կա՝ դժվար է բոլոր համար առանձին սենյակ, անկյուն ապահովելը: Թե չէ, մնացած հարցերում, կարելի է ասել եւ աշակերտները, եւ ուսուցիչներն իրենց շատ լավ են դրսեւորել, անգամ էն աշակերտները, որոնք դասարանում անուշադիր են լինում սովորաբար, օնլայնի ժամանակ առավել կենտրոնացել ու ակտիվ են եղել»:

Դպրոցի հարակից փողոցում խաղացող երեխաները երկարաձգված արձակուրդի վերջին օրերն են վայելում: Զրուցում եմ տներից մեկի մոտ հավաքված կանանց հետ: Նրանցից մեկը, որ փոքրիկներից երկուսի տատն է, առավել մտահոգված է դիմակի պարտադրանքից: Կինը չի ցանկանում ներկայանալ, ասում է. «Ընձի կըսեն, դու տատն ես, դու գործ չունիս, դու մի խոսա, բայց ըդպես ինչխ կեղնի աղջիկ ջան, զատո տատերը բդի խոսան: Անունս պետք չէ, գրել, բայց ըսածներս գրե՝ հա, ես դեմ եմ էդ դիմակին էլ, էդ ինտերնետով դասերին էլ: Մե թոռս առաջին դասարան էր, երեխեն տառերը հեռախոսով անցավ, ըբը ըդիկ էնելու բա՞ն էր: Հմի մյուսը բդի էրթա առաջի դասարան, թե էն մեծի նման բդի սորվի՝ չեմ թողնա: Դիմակ դնելն էլ մյուս կողմից: Սաղ ամառ էս երեխեքն իրար հետ խաղցան առանց դիմակ, հըմի ընչի գուզեն, օր շունչները կտրի՞, թթվածին չշնչե՞ն, ես չեմ հասկնա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter