HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունաստանը, Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին, Ֆրանսիայից ձեռք կբերի 18 հատ «Dassault Rafale» բազմաթիրախ կործանիչ

Հունաստանը, Թուրքիայի հետ հարաբերությունների սրմոն ֆոնին, միտված է համալրել իր զինված ուժերը։ Խոսքը գնում է 18 հատ «Dassault Rafale» բազմաթիրախ կործանիչների գնման մասին, որոնք ձեռք կբերվեն Ֆրանսիայից։ Այդ մասին սեպտեմբերի 12-ին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Աթենքը ցանկանում է ձեռքբերել նաև ուղղաթիռներ և պահակային ծառայության չորս նոր ռազմանավ։ Նույն տիպի ևս չորս ռազմանավեր, որոնք արտադրվել են Գերմանիայում, կմոդերնիզացվեն։ Բացի այդ, առաջիկա հինգ տարիների ընթացքում, Հունաստանի զինված ուժերը կհամալրի 15 000 նորակոչիկ։ 

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին ողջունել է Աթենքի մտադրությունը։ Սա «Dassault Rafale» բազմաթիրախ կործանիչների առաջին գնումն է եվրոպական երկրի կողմից։

Հունաստանի վարչապետը նշել է, որ «Թուրքիայի վարքագիծը սպառնում է Եվրոպայի արևելյան սահմաններին և վտանգում տարածաշրջանում առկա անվտանգությունը»։ Նա ընդգծել է, որ Աթենքը պատրաստ է խաղաղ ճանապարհով Անկարայի հետ լուծել առկա խնդիրները։ Հունաստանի վարչապետը նաև նշել է, որ իրենք կդիմեն ՄԱԿ-ի միջազգային դատարան, եթե կողմերը չկարողանան միևնույն հայտարարի գալ։ 

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունական իշխանություններին կոչ է արել «խուսափել սխալ գործողություններից»։ Թուրքիայի առաջնորդը կոչ է արել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հակամարտության մեջ չմտնել Թուրքիայի հետ, որն իր հերթին սեպտեմբերի 10-ին Անկարային կոչ էր արել Աթենքի հետ հարաբերությունների սրման ֆոնին «չանցնել կարմիր գծերը»։

Արդեն մի քանի շաբաթ է չի հանդարտվում Թուրքիայի և Հունաստանի միջև առկա սրումը, որը պայմանավորված է Միջերկրական ծովի արևելքում գտնվող վիճելի տարածքների հետ։ Երկու երկրներն էլ նկրտումներ ունեն այդ տեղանքի նկատմամբ, որտեղ հնարավոր է առկա լինեն նավթի և գազի պաշարներ։ Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում վիճելի շրջաններում դադարեցնել երկրահետախուզական ուսումնասիրությունները և սպառնում պատժամիջոցներ կիրառել։ Անկարան էլ իր հերթին հրաժարվում է զիջումների գնալ։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter