HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցելու ՍԴ դատավորների թեկնածուների ընտրությանը

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների քվեարկությանը:

Խորհրդարանում շարունակում է քննարկվել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցը: Հիշեցնենք, որ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը: Մտքերի փոխանակության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ոչ կոռեկտ որակեց ՍԴ դատավորների թեկնածուների պահվածքը, քանի որ մինչ նիստը նրանք չեն հանդիպել ընդդիմադիր խմբակցություների հետ: ՍԴ դատավորների մյուս թեկնածուներն են Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը` Հանրապետության նախագահի և Կառավարության առաջադրած թեկնածուները:

Զոհրաբյանը, ձեռքերն ուղղելով քաղաքական մեծամասնության կողմը, ասաց, որ անկախ նրանից, թե որոշողներն այդ կողմում են նստած, սակայն 2007 թվականից սկսած պատգամավոր է և չի հիշում, որ երբևէ նման կերպ թեկնածուները «իգնոր» անեն մյուս խմբակցություններին:

«Անկախ նրանից, թե մենք ինչպես կքվեարկենք, դուք պարտավոր էիք հանդիպում խնդրել մյուս խմբակցությունների հետ: Եթե մեզ հետ հանդիպեիք, պարոն Խունդկարյան, ես Ձեզ մի հարց կուղղեի` ինչպես եք վերաբերվում դատարանները շրջափակելու կոչին: Լսելով ձեր պատասխանները` հասկացա, որ լղոզված պատասխան էիք տալու»,- ասաց Զոհրաբյանը: Ըստ պատգամավորի` ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկը հակաիրավական ու հակասահմանադրական է, ուստի իրենք չեն մասնակցելու դատավորների թեկնածուների փակ-գաղտնի քվեարկությանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Տարոն Սիմոնյանը: Վերջինս հիշեցրեց, որ Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանն իր դասախոսներն են եղել և այլ իրավիճակում ինքն ուրիշ կերպ կվարվեր, սակայն այժմ չեն կարող մասնակցել հակաիրավական այս պրոցեսին: Ըստ Սիմոնյանի` հանրության շրջանում ընկալում կա, որ իշխանական թիմը ոչ պրոֆեսիոնալ է, սակայն վերջինս ընդգծեց` իշխանությունը պրոֆեսիոնալ է չեղած խնդիրները խնդիրներ դարձնելու հարցում: Նման պրոցես որակեց Սիմոնյանը մայր օրենքը` Սահմանադրությունը, փոխելու գործընթացը:

«Եթե ծառի արմատի մեջ թույն եք սրսկում, ծառը հնարավորություն չունի լավ պտուղ տալ, պետք է զվաղվեիք ծառը բուժելով, ոչ թե թունավորելով»,- ասաց նա` հավելելով, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Լուսանկարները` Անի Սարգսյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter