2011-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 18 տոկոսը եղել են իտալացիներ
Մարտի 20-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպում ունեցավ Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության և սպորտի նախարար Պիեռո Գնուդիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցին այդ բնագավառներում հայ-իտալական համագործակցության խորացման հետ կապված հարցեր:
Ռ.Կարապետյանը Պ.Գնուդիին տեղեկացրեց, որ երկու երկրների միջև 2009թ. ի վեր օդային ուղիղ կապի հաստատումից հետո զգալիորեն մեծացել են զբոսաշրջության ծավալները: Այս ընթացքում իտալացի զբոսաշրջիկների թիվը գրեթե եռապատկվել է՝ 2011թ. կազմելով Հայաստան այցելող ողջ զբոսաշրջիկների շուրջ 18 տոկոսը:
Դեսպանը տեղեկացրեց նաև, որ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպվել է զբոսաշրջության ոլորտի հայ-իտալական երկու համաժողով Վենետիկում և Կալյարիում: «Սուրբ Ղազարից մինչև Հայաստան» նախագծի շրջանակներում մարտի 30-ին Երևանում նաև նախատեսվում է անցկացնել «Հայաստան. զբոսարջության զարգացման հնարավորությունները» գործարար համաժողով:
Կողմերը կարևորեցին ընթացիկ տարվա նոյեմբերին Իտալիայի Պեստումի 15-րդ միջազգային հնագիտական զբոսաշրջության ցուցահանդեսին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցությունը:
Զրուցակիցները քննարկեցին զբոսաշրջության ոլորտում իրավապայմանգային դաշտի ձևավորման հնարավորությունները:
Արձանագրվեց, որ վերջին երկու տարվա ընթացքում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Իտալիայի և Հայաստանի 6 վարչատարածքային (մարզային և քաղաքային) միավորների միջև:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ զրուցակիցներն ընդգծեցին սպորտի բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները: Ռուբեն Կարապետյանը Պիեռո Գնուդիին հրավիրեց այցելել Հայաստան՝ դիտելու հոկտեմբերի 9-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Երևանում կայանալիք Հայաստան-Իտալիա խաղը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել