HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրինական շրջածախ առևտուր. Երևանի ավագանին նոր կանոններ սահմանեց

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ շրջածախ առևտրի համար մայրաքաղաքում կգործեն նոր կանոններ: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին, որով սահմանվեցին շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների տեսակները և առևտում իրականացնելու թույլատրելի վայրերը:

«ՀՀ առևտրի և ծառայությունների մասին օրենքով առևտրի տեսակների մեջ նախատեսված է նաև շրջածախ առևտուրը, սակայն կարգավորումը տրված չի եղել տարիներ շարունակ: Մինչ օրս մեր քաղաքացիները, ովքեր ապօրինաբար՝ առանց իրավական կարգավիճակի էին զբաղվում այդ գործունեությամբ, հնարավորություն կունենան օրենքով սահմանված կարգով, օրինական ճանապարհով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Նոր նախագծի վերաբերյալ Երևանի ավագանու անդամների կարծիքները տարբեր են, այնուհանդերձ, մեծամասնությունը կողմ քվեարկեց։

Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում՝ շրջածախ առևտուր իրականացնելու համար, ըստ վարչական շրջանների, սահմանվել են հստակ վայրեր:
«Վարչական շրջանների ղեկավարների հետ խորհրդակցել ենք և ստացել համապատասխան եզրակացություններ՝ Երևանի մարդաշատ վայրերում և այգիներում շրջածախ առևտուրը իրականացնելու վերաբերյալ: Հետագայում, եթե կլինեն առաջարկներ, նույն վարչական շրջանների ղեկավարների հետ կհամաձայնեցնենք և կավելացնենք նոր վայրեր: Հիմնականում ընտրվել են մարդաշատ վայրեր»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Արմեն Թովմասյանը:

Գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ,
շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր. ավագանու որոշմամբ, ըստ վայրերի հստակեցվել է նաև թույլատրելի ապրանքների ցանկը:
«Խաղալիքների վաճառքն արգելված է շրջածախ առևտրի կարգավորումներով, քանի որ ինքներս տեսանք, թե ինչպես են խաղալիքները հակասանիտարական պայմաններում վաճառվում: Խաղալիքների առումով գործ ունենք հատկապես երեխաների հետ և անվտանգությունը բացօթյա փողոցային առևտրի պարագայում չենք կարող երաշխավորել: Այս օրենքով և այս կարգավորումներով նաև հնարավորություն է տրվում պաշտպանել սպառողների շահերը, որպեսզի նրանք նույնպես կարողանան հասկանալ, թե ումից են առնում ապրանք, ինչ ապրանք են առնում և իրենց իրավունքները կարողանան պաշտպանել»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

Քաղաքի մշակութային և զբոսաշրջային կենտրոնում շրջածախ առևտրի նկատմամբ առավել խիստ մոտեցում կցուցաբերվի: Մասնավորապես Հանրապետության ու Ազատության հրապարակներում, Հյուսիսային պողոտայում և Կարապի լճին հարող տարածքում կարելի է վաճառել միայն գրքեր, հուշանվերներ, նկարներ, մշակութային միջոցառումների տոմսեր:

Որոշման համաձայն՝ շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։ Շրջածախ առևտուր իրականացնողը պետք է նաև ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր տրամադրելու հնարավորություն ունենա։

«Մենք ուղղակի ամրագրել ենք, որ անհրաժեշտ է գնորդին տրամադրել վաճառքի փաստը հավաստող փաստաթուղթ, դա դեռևս փաստ չէ, որ պարտավոր են բոլորը ունենալ հսկիչ դրամարկղային մեքենաներ: Սկզբնական շրջանում նախատեսված է տեղական տուրքի վճարում օրական 500 դրամի չափով, այսինքն՝ ամսական 15000 դրամ, սակայն ավագանին ունի լիազորություն կիրառելու դրույքաչափեր և փոփոխության ենթարկելու այդ դրույքաչափերը՝ նվազեցնել կամ ավելացնել: Ըստ այդմ կտեսնենք սոցիալական խմբերը, ովքեր են ներգրավված այս առևտրում և ըստ անհրաժեշտության այն կփոփոխենք և ավելի հարմարավետ կդարձնենք մեր քաղաքացիների համար»,- նկատում է Հովիկ Սաֆարյանը:

Շրջածախ առևտուր իրականացնելու նշված կարգավորումը ուժի մեջ կմտնի 2021թ. հունվարի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter