HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սահմանամերձ Բարեկամավանում առաջին դասարան է գնացել 3 աշակերտ

Նվերը, Թերեզան և Սպարտակը Բարեկամավան գյուղի դպրոցի այս տարվա առաջին դասարանցիներն են։ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում 2019-2020 թթ. ուսումնական տարում առաջին դասարան գնացող աշակերտ չի եղել։ Միայն 9-րդ դասարանում 4 աշակերտ կա, երրորդ եւ հինգերորդ դասարանցի դպրոցում չունեն, մյուս դասարաններում մեկ կամ երկու աշակերտ է սովորում։

Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը ոգեւորությամբ է խոսում առաջին դասարանցիների մասին, ասում է, որ նրանցից 2-ը ընտանիքների առաջնեկներն են։

Թերեզայի հայրը՝ Էդուարդ Միքայելյանն ասում է, որ դուստրն ուրախությամբ է դպրոց գնացել, «մարտական» է տրամադրված։ Էդուարդն էլ այս դպրոցի շրջանավարտ է, 30 տարի առաջ է ավարտել, սակայն աշակերտների թիվն այդ տարիներին անհամեմատ մեծ է եղել։

Այս ուսումնական տարում Բարեկամավանի միջնակարգ դպրոց կհաճախի 17 աշակերտ՝ անցած տարվանից մեկով ավելի։ Անցած ուստարում դպրոցն ավարտել է մեկ աշակերտ։

Տնօրեն Աստղիկ Ազատյանը հավաստիացնում է, որ ամեն ինչ անելու են կորոնավիրուսի պայմաններում անվտանգության կանոնները պահպանելու համար։ «Մենք ամեն ինչ անում ենք. դասասենյակները, միջանցքները ախտահանում ենք, ալկոգել ենք օգտագործում։ Հիմա ավելի զգուշավոր պետք է լինենք, քանի որ դպրոցում վերանորոգման աշխատանքներ են, եւ շինարարներ են ամեն օր գնում-գալիս»,- նշում է Աստղիկ Ազատյանը։

Այս տարի դասերը կոմպլեկտավորված են ընթանում, 5 դասարան ունեն, դասասենյակները մեծ են, իսկ սեղանները միմյանցից 1 մետր 50 սմ հեռավորության վրա են դասավորել, ինչպես նշված է «Ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցում»։

Դպրոցի 10 ուսուցիչները դեռ չեն թեստավորվել։ Աստղիկ Ազատյանն ասում է՝ սպասում են, որ իրենց թեստավորման կանչեն։ Չնայած դրան, սեպտեմբերի 15-ին՝ ուսումնական տարվա առաջին օրը, դպրոց են գնալու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter