HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ից հօգուտ 100 աշխատակցի կբռնագանձվի 717 մլն դրամ՝ 12 տարվա չվճարված արտաժամյա աշխատանքի համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի, բավարարել է «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության 100 աշխատակիցների հայցն ընդդեմ ընկերության, որով վերջիններս պահանջում էին վճարել 12 տարվա ընթացքում իրենց արտաժամյա աշխատանքի գումարն ու չվճարված աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող տույժը։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց հայցվորների ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը։ Պաշտպանը պատմեց, որ աշխատակիցները դատարան են դիմել 2019 թվականին, հայտնել, որ 2007 թվականից մինչև 2019 թվականն ընկերությունում իրենք աշխատում են 12-ժամյա աշխատանքային ռեժիմով, որի պարագայում գործատուն պարտավոր էր, սակայն չի հաշվարկել և պակաս է վճարել օրենքով նախատեսված հավելումը արտաժամյա աշխատանքի համար։

«Դա նրանց վաստակն է՝ սեփականությունը, և որևէ մեկն իրավունք չունի նրանց զրկել այն տնօրինելու իրավունքից»,- ասաց Գուրգեն Մալխասյանը։

Փաստաբանի խոսքով՝ թեեւ ընկերության աշխատակիցները համոզված էին իրենց պահանջի արդարացիության մեջ, այնուհանդերձ, հաշվի առնելով գործատուի հզորությունը, կարգավիճակն ու հնարավորությունները, մտահոգություն ունեին՝ անկաշկանդ և լիարժեք արդարադատություն իրականացնելու՝ դատարանի համարձակության, կողմնակի հնարավոր ճնշումներին դիմակայելու, արդարադատությունը և արդարությունը ամեն ինչից վեր դասելու կամքի դրսևորման հարցում: Դատարանը, ըստ Գուրգեն Մալխասյանի, կայացրել է արդարացի որոշում. ընկերությանը  պարտավորեցրել է շուրջ 100 հայցվորներին որպես արտաժամյա աշխատանքի գումար և չվճարված աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող տույժ ընդհանուր առմամբ վճարել 716 մլն 893 հազար 632 դրամ գումար։

Փաստաբանը նշեց, որ 12-ժամյա աշխատանքային ռեժիմով աշխատող հայցվորները յուրաքանչյուր օր աշխատել են 11 ժամ 3 րոպե, իսկ ընդմիջում ունեցել՝ 57 րոպե։

Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի  նորմալ տևողությունը սահմանված է 8 ժամ, հետևաբար 11 ժամ 3 րոպեից 3 ժամ, 3 րոպեն, ըստ փաստաբանի, եղել է արտաժամյա, և դատարանը նույն դիրքորոշումն է հայտնել՝ հայցվորների աշխատանքը գնահատելով արտաժամյա։

Փաստաբան Մալխասյանը նշեց, որ հայցվորների մեծամասնությունն այս պահին էլ համարվում է «Ռուսալ Արմենալ» ընկերության աշխատակից։

Դատարանը ընկերությունից հօգուտ հայցվորների որոշել է բռնագանձել նաև յուրաքանչյուր հայցվորի մասով՝ 75 000-ական դրամ՝ որպես փաuտաբանի խելամիտ վարձատրության գումար:

Նշենք, որ «Ռուսալ Արմենալը» Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է, մտնում է աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ռուսալ»-ի կազմի մեջ, որի սեփականատերը ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկան է։

Դաատավոր Տաթևիկ Ստեփանյանի լուսանկարը՝ Iravaban.net-ից

Մեկնաբանություններ (2)

Կարպիս
Տարիներ առաջ Եղեգնաձորում ինձ պատմեցին, որ մի գործարար իր աշխատակիցների մեկ տավա վարձը չի վճարել: Աշխատակիցները դիմել էին սպարապետին եվ խնդրել նրա աջակցությունը: Սպարապետը գործարարին ժամկետ սահմանեց շուտափույթ վերականգնել աշխատակիցների հասնելիք վճարումները: Ցավոք, սպարապետը չհասցրեց տեսնել իր պահանջի բավարարումը, եվ անհայտ պայմաններում հեռացավ կյանքից
Կարպիս
Տարիներ առաջ Եղեգնաձորում ինձ պատմեցին, որ մի գործարար իր աշխատակիցների մեկ տավա վարձը չի վճարել: Աշխատակիցները դիմել էին սպարապետին եվ խնդրել նրա աջակցությունը: Սպարապետը գործարարին ժամկետ սահմանեց շուտափույթ վերականգնել աշխատակիցների հասնելիք վճարումները: Ցավոք, սպարապետը չհասցրեց տեսնել իր պահանջի բավարարումը, եվ անհայտ պայմաններում հեռացավ կյանքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter