HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է մի շարք ոլորտներում խստացնել պատասխանատվության միջոցները  

Վարչապետի աշխատակազմը նախատեսում է մի շարք ոլորտներում խստացնել պատասխանատվության միջոցները։  

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Առողջապահական և աշխատանքի, Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների պրակտիկան ցույց է տալիս, որ գործող օրենսգրքում նախատեսված որոշ իրավախախտումների համար վարչական տուգանքի չափը բավարար չէ այդ իրավախախտումների կանխումն ապահովելու համար։ Այսպես, դրանք նաև որոշ դեպքերում այնքան ցածր են, որ տնտեսվարող սուբյեկտները նախընտրում են վճարել տուգանքը, քան վերացնել իրավախախտումը»,- նախագծում նշել է վարչապետի աշխատակազմը։

Որոշ վարչական իրավախախտումների վտանգավորության աստիճանից և արդարության սկզբունքի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունից ելնելով՝ որպես վարչական տույժի տեսակ նախատեսվել է նախազգուշացումը, իսկ որոշների դեպքում վերանայվել է նախատեսված տուգանքի չափը։

Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվում է սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և պատասխանատվություն սաhմանողն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է լինելու։

Սահմանվելու են վարչական պատասխանատվության միջոցներ՝ աշխատանքային, առողջապահության, սննդամթերքի անվտանգության օրենսդրություններով, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով նախատեսված պահանջները խախտելու համար։

Օրինակ՝ գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքի ծառայողական քննություն չիրականացնելը, դժբախտ դեպքը չհաշվառելը առաջացնելու է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 130 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը կառաջացնի տուգանք՝ 260  հազար դրամի չափով։

Վարչապետի աշխատակազմը նաև վարչական պատասխանատվություն է նախատեսել հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները, մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության պահանջները, մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու պահանջները խախտելու համար:

Գովազդատուի, գովազդ արտադրողի կողմից արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության, փոխներարկումային բժշկության, մարդու օրգանների, հյուսվածքների առևտրային բնույթ կրող գովազդն առաջացնելու է տուգանք՝ 500 հազար դրամից մեկ միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին այն կատարելը կառաջացնի տուգանք կրկնապատիկի չափով:

Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձին, նրա օրինական ներկայացուցչին բժիշկ-հոգեբույժի կողմից հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, կողմնակի ազդեցության, ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու, դրա հետևանքների մասին տեղեկություններ չտրամադրելը կառաջացնի նախազգուշացում կամ տուգանք՝ 50-80 հազար դրամի չափով:

Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին իրազեկելու համար պատասխանատու անձ չսահմանելն առաջացնելու է նախազգուշացում կամ հոգեբուժական կազմակերպության ղեկավարի նկատմամբ տուգանք 30 հազար դրամի չափով։

100-150 հազար դրամ տուգանք է նախատեսվում հետեւյալ խախտումների համար՝ 

  • հոգեկան խանգարում ունեցող անձանց հոսպիտալացման, բուժման և դուրսգրման պահանջները խախտելու 
  • դոնորին տրամադրվող տեղեկատվության տրամադրման կամ համաձայնության ստացման պահանջները խախտելու
  • արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգի պահանջները խախտելու
  • արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացման պահանջները խախտելու
  • արյան պաշարների ապահովման կամ արյան բաղադրամասերի տրամադրման պահանջները խախտելու դեպքում։

Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու պահանջները խախտելու համար՝ նոր տուգանքներ

Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ՝ փոխպատվաստման օրգաններ, հյուսվածքներ վերցնելու, մշակելու կամ փոխպատվաստման պահանջները խախտելու դեպքում կնախատեսվի տուգանք 400 հազար դրամից մինչ մեկ միլիոն դրամի չափով։ 

Դիակից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության պահանջները խախտելը կառաջացնի տուգանք 400 հազար դրամից մինչ մեկ միլիոն դրամի չափով։ 

Օրգանների կամ հյուսվածքների դոնորների, ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքում կլինի տուգանք 300-600 հազար դրամի չափով:

«Նախագծի ընդունման արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը»,-նշված է նախագծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter