HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը դժգոհ է քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայություններից

Սոցիալական ծառությունների համակարգում առկա են որոշակի խնդիրներ ու բացթողումներ, որոնք հարուցում են քաղաքացիների դժգոհությունն ու բացասաբար են անդրադառնում աշխատանքների բնականոն ընթացքին: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ այսօր մայրաքաղաքի սոցիալական ծառությունների տարածքային գործակալությունների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ:

Տարոն Մարգարյանը մասնավորապես դժգոհել է ոլորտի աշխատակիցների մասնագիտական որակավորման արդյունքներից, որոշ դեպքերում նաև քաղաքացիներին մատուցած ծառայությունների որակից:

«Սա այն ոլորտն է, որտեղ պետք է աշխատեն միայն խորը մասնագիտական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, քանի որ գործ ունենք սոցիալական տարբեր պայմաններում ապրող ու յուրովի խնդիրներ ունեցող քաղաքացիների հետ: Անհրաժեշտ է կտրուկ փոխել վերաբերմունքը սոցիալապես անապահով խավի նկատմամբ և բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը»,- նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ կարիքավոր ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ևս տեղ են գտել թերացումներ ու բացթողումներ, որոնք պետք է բացառվեն:

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տարածքային գործակալությունների աշխատակիցները երբեմն թերանում են իրենց պարտականություններում, չարաշահում լիազորությունները: Վստահեցնում եմ բոլորիդ, որ նման աշխատակիցների նկատմամբ կկիրառվեն վարչական խիստ մեխանիզմներ, ընդհուպ մինչև համակարգից հեռացում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը տարածքային գործակալությունների պետերին հանձնարարել է նաև անձամբ այցելել կարիքավոր ընտանիքներին, ինչը կնպաստի նաև տեսուչների կողմից հնարավոր բացթողումների վերհանմանը և ընդհանուր իրավիճակի հստակեցմանը:

Ի պատասխան Տարոն Մարգարյանի հանձնարարականների՝ սոցիալական ծառությունների տարածքային պատասխանատուները խոստացել են կարճ ժամկետում վերանայել աշխատանքային մոտեցումներն ու շտկել թերացումները և բացթողումները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter