HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հին գյուղտեխնիկայի պատճառով գյուղացիները հացահատիկի բերքի կորուստ են ունենում

Օգոստոսը Գեղարքունիքի մարզում հացահատիկի հնձի ամիսն է: Յուրաքանչյուրը ջանում է օր առաջ հնձել բերքը, որպեսզի եղանակն անակնկալներ չմատուցի:

Մեր այցելության օրը՝ օգոստոսի 5-ին, Գեղամասար խոշորացված համայնքի Արփունք բնակավայրում ևս հացահատիկի բերքահավաք էր: Մոտ 20 րոպե հետևում էինք դաշտերից մեկում աշխատող կոմբայնին և սպասում, թե երբ պետք է կանգ առնի: Հերթական պտույտը կատարելուց հետո կոմբայնը դադար տվեց, որպեսզի դատարկի հնձած ցորենը:

Արփունքցի Աշոտ Ստեփանյանը ժպիտը դեմքին իջավ կոմբայնից և, կանխելով մեր հարցը, ասաց, թե կոմբայնը նման է գործարանի՝ մի քանի հարյուր դետալ է աշխատում, հետևաբար չէր կարող ավելի վաղ դադարեցնել: Նա չէր անջատել կոմբայնի շարժիչը, քանի որ հետո դժվար է «խոդի գցելը»:

Յուղից ու փոշուց սևացած ձեռքերը սրբելով՝ Աշոտն առաջ եկավ, սակայն հայացքն անընդհատ կոմբայնի կողմն էր: Արդեն 10 տարի է, ինչ կոմբայնավար է: Սակայն ունեցած տեխնիկան հին է՝ 31 տարվա արտադրության:

Ամեն տարի՝ բերքահավաքից առաջ Աշոտն իր 1989թ. արտադրության կոմբայնը վերանորոգում, տեսքի է բերում, որպեսզի կարողանա անխափան աշխատել: Սակայն ոչ միշտ է ստացվում: Ընթացքում ևս վերանորոգման աշխատանքներ է կատարում: Հնարավոր է՝ մեկ ամբողջ օր դաշտում կոմբայնը կանգնած մնա մինչև հասցնեն փոխել դետալները:

Մինչև բերքահավաքը կոմբայնի պահեստամասերը փոխելու համար արդեն ծախսել էր մոտ 1 մլն դրամ: Կանխատեսում էր, որ մոտ 200 հազար դրամի պահեստամաս էլ կգնի ընթացքում:

Գեղամասար խոշորացված համայնքի Արփունք բնակավայրում 4 կոմբայն կա, 4-ն էլ՝ խորհրդային արտադրության: Գյուղացիներից Կարեն Ավետիսյանը դժգոհում էր, որ հին կոմբայնները բերքի մի մասը փչացնում են, կորուստը շատ է լինում, սակայն այլընտրանք չունեն:

Աշոտի խոսքով՝ բոլոր կոմբայնների դեպքում էլ կորուստ լինում է՝ նոր, թե հին, սակայն հին կոմբայնի դեպքում կորուստը երբեմն քառապատկվում է:

«Բոլորն էլ բողոքավոր են: Մեկը դաշտի տերն է, մյուսը՝ տեխնիկայի, երկուսին էլ ձեռք է տալիս, որ տեխնիկան նոր լինի: Նոր կոմբայն լինի՝ ես եկամուտ շատ ունենամ, շատ ծախս չեմ անի, դաշտի տերն էլ շատ կորուստ չի ունենա, բայց հիմա հնարավոր չի»,-ասում է Աշոտ Ստեփանյանը:

Լիզինգով նոր գյուղտեխնիկա ձեռք բերելու հնարավորություն Աշոտը չունի, ասում է՝ «թանկ հաճույք է», եթե կառավարությունն աջակցի, կկարողանա նորը ձեռք բերել: Նրա կարծիքով՝ արտոնյալ պայմանն այն է, որ վարկը մատչելի լինի, այլ ոչ թե 24% ու դրանով կործանեն գյուղացուն:

«Աշխատածս տալիս եմ պահեստամասերին: Նույն չարչարանքը տանելու եմ, բայց եթե նոր տեխնիկա լիներ, պահեստամասեր առնելու փոխարեն վարկը կփակեի: Հիմա 1 հա հացահատիկի դաշտը քաղում եմ 10.000 դրամով և 20 լիտր վառելիքով»,-նշում է Աշոտը:

Գեղամասար խոշորացված համայնքի դաշտերն անջրդի են, անձրևի հույսով են բերք ցանում: Այս տարի տեղումները քիչ են եղել, հասկը լավ չի բարձրացել, բերքն էլ քիչ է:

Կոմբայնավար Աշոտը պատմեց, որ մարդկա՝ չի էլ քաղում հացահատիկը, եթե հասկը ցածր է կամ բերքը՝ քիչ, դրան ավելանում է հին տեխնիկայից առաջացած կորուստը, քաղելու, տուն տանելու ծախսը, որն ընդհանրապես ձեռք չի տալիս:

Գեղարքունիքի մարզպետարանից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մարզում առկա տեխնիկան հիմնականում հին է՝ ֆիզիկապես և բարոյապես մաշված: Օրինակ՝ Գեղամասար խոշորացված համայնքի 18 բնակավայրերում միասին կա 39 կոմբայն, սակայն միայն Սոթքի կոմբայնն է մինչև 5 տարվա արտադրության, մնացած 38-ը 20 և ավելի տարիների վաղեմության են: Նույնը վերաբերում է մնացած գյուղտեխնիկային: Գեղամասար խոշորացված համայնքում 15 միավոր T-150 տրակտոր կա: Դրանցից միայն 3-ն է 11-20 տարվա արտադրության, մնացած 12-ը 20 և ավելի տարվա վաղեմություն ունեն:

Խոշորացված համայնքի անունը կրող Գեղամասար բնակավայրը համեմատաբար հարուստ է գյուղտեխնիկայով, սակայն ունեցածը դարձյալ հինէ: Այս բնակավայրում 10 միավոր կոմբայն կա, բոլորի արտադրման «տարիքը» 20 և դրանից բարձր է: 12 միավոր «БЕЛАРУС-81» մակնիշի տրակտորից 2-ը 6-10 տարվա արտադրւթյան են, 3-ը՝ 10-20, իսկ 7-ը՝ 20 և ավելի:

Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետյանի խոսքով՝ գյուղը տեխնիկայով ապահովված է, բայց որակ չկա, քանի որ շատ հին են:

«Որ տեխնիկայից էլ լինի նորը՝ գյուղացու գործը կհեշտացնի: Հիմնական խնդիրը կոմբայններն են: Հին են, ժողովրդի բերքը նորմալ չեն քաղում: Ինչքան էլ փորձում են վերանորոգել, հնարավոր չի լինում: Մեր դաշտերը ջրովի չեն, բերքատվությունը քիչ է, դրան էլ ավելանում է տեխնիկայի կորուստը: Նորմայում 1 հա-ից քաղում են 2 տոննա, այս տարի եղել է, որ 700 կգ են քաղել»,-ասում է Գեղամասարի վարչական ղեկավարը:

Բնակավայրն այս տարի տուժել է նաև կարկուտից: Հուլիսի 24-ին տեղացած ուժեղ կարկուտը 10-80%-ով վնասել է դաշտերը: Արմեն Ավետյանը նշեց, որ 80% և ավելի վնաս է կրել մոտ 400 հա դաշտ:

Վարչական ղեկավարն ասաց, որ եղած տեխնիկայի մի մասն էլ չի աշխատում, մարդկանց ձեռքը գումար չկա, որ վերանորոգեն: «Կողքի բնակավայրերից գալիս, օգնում են»,-հավելեց Ա. Ավետյանը:

Գեղամասար բնակավայրը (մինչև խոշորացումը եղել է առանձին գյուղ) ամբողջությամբ բնակեցված է Ադրբեջանից 1988թ. նոյեմբերին բռնագաղթած հայերով, որոնք եկել են Լեռնային Ջագիր, Չարդախլու գյուղերից եւ Բաքու քաղաքից: Վերջին տարիներին մի քանի ընտանիքներ Գեղամասար են եկել Հայաստանի այլ բնակավայրերից:

Անկախությունից ի վեր՝ բռնագաղթած որոշ ընտանիքներ, չհարմարվելով տեղի պայմաններին, լքել են գյուղը: Ոմանք մեկնել են արտերկիր: Արմեն Ավետյանն ասում է, որ վերջին տարիներին էլ արտագաղթ կա, սակայն ընտանիքները տեղափոխվում են Հայաստանի այլ համայնքներ:

«Մարդիկ մտածում են, որ այստեղ պայմաններ ստեղծելն ավելի դժվար է, քան քաղաքներում կամ քաղաքին մոտ բնակավայրերում: Դրա համար տեղափոխվում են Հրազդան, Մասիս կամ այլ բնակավայրեր»,-հավելեց վարչական ղեկավարը:

Գեղամասարի բնակիչ Պավել Ասատուրյանն ասում է, որ հին գյուղտեխնիկայի պատճառով իրենք շատ են տուժում: Այս տարի նա նպատակ է ունեցել գյուղտեխնիկա գնել լիզինգով և իր հերթին աջակցել համայնքին: Բանկից պատասխանել են, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ այս ամիսներին պայմանագրեր չեն կնքում: Խորհուրդ են տվել օնլայն դիմել: Պավելը դիմել է ու մերժվել: Ասում է, որ վարկերով ծանրաբեռնված չէ, չունի դասակարգված (վճարման ուշացումներ և այլն) վարկային պատմություն եւ իր համար անհասկանալի է մերժման պատճառը:

«Հետո էլ ասում են՝ գյուղացիները չեն դիմում, չեն օգտվում ու դժգոհում են: Դիմել ենք ու առանց պատճառի մերժվել ենք, բա հիմա ի՞նչ անենք: Եթե հնարավոր լիներ, հացահատիկ ցանելու և հնձելու տեխնիկա էի գնելու»,-ասում է Պավելը:

Նա նույնպես առաջնային է համարում նոր կոմբայնների ձեռքբերումը: Ասում է՝ կոմբայն կա, որի քաղած բերքի կորուստը 30-40%-ի է հասնում: Այդ կորուստը նվազեցնելու համար կոմբայնավարները երբեմն շինարարության մեջ օգտագործվող «փրփուր» են փչում՝ տեխնիկայի երկաթային մասերից բացված արանքները փակելու համար:

Համաշխարհային բանկի՝ Հայաստանում սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում (ՍՆՏԶ) ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում, Տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ, Գեղամասար խոշորացված համայնքի համար նախատեսվում է ձեռքբերել 4 միավոր տեխնիկա՝ բեռնատար ինքնաթափ մեքենա, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, կոմբայն (կցասայլով) և ավտոգրեյդեր: Նշված տեխնիկայի անխափան շահագործման և սպասարկման համար նախատեսվում է կառուցել 284 քմ մակերեսով ավտոկայանատեղի:

Գեղամասար խոշորացված համայնքի ավագանին այս տարվա հուլիսի 17-ի նիստում որոշել  է հավանություն տալ «Գեղամասար խոշորացված համայնքում ավտոկայանատեղիի կառուցում» ենթածրագրին, որի ընդհանուր արժեքը 40 մլն դրամ է: Համայնքի ներդրումը ենթածրագրի իրականացմանը կազմում է ընդհանուր գումարի 5%-ը՝ 2 մլն դրամ:

Ավտոկայանատեղին նախատեսվում է կառուցել Գեղամասար համայնքի կենտրոն՝ Սոթք գյուղում, լինելու է անմիջապես Գեղամասարի համայնքապետարանի կողքին: Կառուցումից հետո ավտոկայանատեղիի սպասարկման բոլոր ֆինանսական ծախսերը հոգալու է Գեղամասարի համայնքապետարանը:

Ծրագրի առաջարկում նշված է, որ խոշորացված համայնքում գյուղտեխնիկայի անբավարարության կամ դրա առկայության պայմաններում ծառայության բարձր արժեքի պատճառով բնակիչները չեն կարողանում զբաղվել հողագործությամբ: Կան ընտանիքներ, ովքեր զբաղվում են մշակաբույսերի աճեցմամբ, սակայն բերքահավաքը գյուղտեխնիկայի դժվարամատչելիության պատճառով իրականացանում են իրենց դեռահաս երեխաների օգնությամբ, ինչը երեխաների լավագույն շահից չի բխում: Ակնկալվում է, որ ծրագրի շնորհիվ համայնքը կապահովվի անհրաժեշտ գյուղտեխնիկայով, և սոցիալապես անապահով ընտանիքները հնարավորություն կունենան ավագանու հաստատմամբ տեխնիկայի ծառայություններից օգտվել մատչելի գներով:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Ինֆոգրաֆիկան՝ Կատյա Մամյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter