HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարթաշենի բնակիչը կալանավորվել է՝ համագյուղացիներից մեկին ծեծելու, իսկ մյուսի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար

2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 02:40-ից 03:10-ն ընկած ժամանակահատվածում, կտրած-ծակած մարմնական վնասվածքներով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն են ընդունվել Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 3 բնակիչ:  

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

«Քննությամբ պարզվել է, որ Հարթաշեն բնակավայրի 21-ամյա բնակիչը 2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 00:30-ի սահմաններում, իր տան հարևանությամբ բարձր հնչող երաժշտությունն անջատելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ծեծել է հարևանին: Այնուհետև 21-ամյա երիտասարդը, «Սովխոզ» կոչվող տարածքի հարևանությամբ շարունակելով պարզաբանումները, մի խումբ համագյուղացիների հետ քաշքշուկի և փոխադարձ կռվի ընթացքում, իր մոտ պահած դանակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բազմաթիվ անկանոն հարվածներ հասցնելու եղանակով նույն համայնքի 18-ամյա երիտասարդին պատճառել է որովայնի առաջնային պատի, գոտկային և պոչուկային շրջանի ծակած-կտրած վերքեր, իսկ 30-ամյա համագյուղացուն դիտավորությամբ պատճառել է կյանքի համար վգանտավոր ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 118-րդ հոդվածով (ծեծը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter