HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաչագանն աշխատանքի ժամանակ ընկել է ամբարձիչից․ նրան վիրահատելու համար գործատուն գումար չի տրամադրում

Էլեկտրամոնտյոր Վաչագան Նալբանդյանն այս տարվա հուլիսի 28-ին էլեկտրասյան վրա գործընկերոջ հետ աշխատելիս է եղել, երբ ամբարձիչը կոտրվել է։ Նրանք վայր են ընկել, կոտրված ամբարձիչն էլ ընկել է Վաչագան Նալբանդյանի վրա։ Այդ օրվանից նա գամված է մահճակալին։ «Տ-քնսթրաքշն» ՓԲԸ-ն, որտեղ աշխատում է Վաչագան Նալբանդյանը, չի կատարել համապատասխան վճարումներ, որպեսզի վերջինս վիրահատության ենթարկվի և կարողանա կրկին քայլել։

Վաչագան Նալբանդյանն իր ընտանիքի հետ ապրում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Հայրը՝ Գառնիկ Նալբանդյանը, մեզ ուղեկցում է մասնակի վերանորոգված տան երկրորդ հարկի սենյակում պառկած Վաչագանի մոտ։ Տանտիրուհին՝ Վաչագանի մայրը, դեռ տանը չէ, դաշտում աշխատանքի է գնում մյուս որդու հետ, բայց հասցրել է ամեն ինչ կարգի բերել, որ տունը, տղայի անկողինն ու սենյակը կոկիկ երևան։ Մայրը կարի ֆաբրիկայում է աշխատում, սակայն որդուն խնամելու համար ժամանակավոր աշխատանքի չի գնում։ Փոխարենը հողային աշխատանքներ է կատարում մինչև կեսօր և վերադառնում տուն։ 

Բարևել ու ծանոթանալ չհասցրած՝ Վաչագանը հեռախոսազանգ է ստանում․ varks.am-ի աշխատակիցն է, զգուշացնում է, որ վարկի ժամկետներն անցել են, պետք է հերթական վճարումը կատարել։ Վաչագանն աշխատակցուհուն համառոտ պատմում է, որ դեպք է պատահել, չի կարողանում վճարել։ Վարկը վերցրել էին ցորեն ցանելու համար, բայց ցորենը գրեթե չի աճել այս տարի։

34-ամյա Վաչագան Նալբանդյանը 2018թ․ օգոստոսի 28-ից աշխատում է «Տ-քնսթրաքշն» ՓԲԸ-ում որպես էլեկտրամոնտյոր։ Վաչագանը պատմում է, որ ինքը հիմնականում ՀԷՑ-ին առնչվող աշխատանքներ է կատարել։

«Տ-քնսթրաքշն» ՓԲԸ-ն գրանցվել է 2016թ․-ի ապրիլին։ Համաձայն պետռեգիստրից ձեռք բերած կանոնադրության՝ ընկերությունը պետական գրանցման պահին մեկ բաժնետեր է ունեցել՝ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն։ «Տաշիր Կապիտալ»-ը տաշիրցի գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքինն է։

Դեպքի օրը Վաչագանին հանձնարարել են անցկացնել Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի մանկապարտեզի էլեկտրաէներգիան, ինչի համար, աշխատանքները կազմակերպող իր ղեկավարն ուղարկել է համապատասխան տեխնիկա՝ ամբարձիչով։

«Առաջին սյունից անցանք երկրորդը, ու էդտեղից միանգամից ամբարձիչը կոտրվեց, մենք շուռ եկանք։ 8 մետր բարձրությունից մենք ընկանք, գործընկերս էլ ընկավ իմ վրա, փորձեցինք կանգնել, պտտվեցինք մի կողմի վրա, ուզում էինք բարձրանալ, ամբարձիչն ամբողջությամբ կոտրվեց ու ընկավ իմ մեջքին ու ուսերին»,- պատմում է Վաչագանը։ 

Գյուղացիների օգնությամբ Վաչագանին և գործընկերոջը հանել են ամբարձիչի տակից, շտապօգնություն կանչել և տեղափոխել Էջմիածնի բժշկական կենտրոն։ Այնտեղ համակարգչային տոմոգրաֆիան արձանագրել է Վաչագանի քթի միջնապատի Տ-աձև դեֆորմացիա և խեցիների հիպերտրոֆիա, ձախ հայմորյան ծոցի առաջնային պատի ներհրված և ձախ այտոսկրի տեղաշարժով բեկորային կոտրվածք և հայմորյան ծոցի հեմոսինուս, թոքերի ստորին բլթերի սալջարդ, աջից՝ կողոսկրերի գծային՝ առանց տեղաշարժի կոտրվածքներ, աջ թիակի ներհոդային տեղաշարժով բեկորային կոտրվածք, ողնաշարի կրծքային ստորին և գոտկային ողերի կողմնային ելունների տեղաշարժով կոտրվածք, գոտկային Լ1 ողի մարմնի կոպրեսիոն կոտրվածք։ Գործընկերը քիչ վնասվածքներ է ստացել, քանի որ Վաչագանի վրա է ընկել։

Վաչագանին Էջմիածնի ԲԿ-ից նույն օրը տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Էրեբունի ԲԿ-ում համակարգչային տոմոգրաֆիան արձանագրել է ավելին․ թոքերում թերօդափոխության զոնաներ, ֆիբրոզ փոփոխություններ։ Ձախից սեպոսկրի մեծ թևի գծային կոտրվածք, ձախ այտային աղեղի բեկորային քիչ տեղաշարժով կոտրվածք, ձախ հայմորյան խոռոչի առաջային և հետին պատերի գծային կոտրվածք, ակնակապճի դրսային պատի գծային կոտրվածք։ Գոտկային Լ1 ողի մարմնի կոմպրեսիոն կոտրվածք։ Գոտկային Լ3, Լ4 ողերի աջ լայնական ելունների, Լ1, Լ2-րդ ողերի աջ և ձախ լայնական ելունների գծային կոտրվածքներ։ Աջից 1,3,7-12-րդ կողերի կոտրվածքներ։ Զույգ թիակների մարմինների կտցաձև ելունների բազմաբեկորային տեղաշարժով կոտրվածքներ։ Աջ գագաթային շրջանում ենթամաշկային լիպոմա։

Վաչագանը 6 օր մնացել է վերակենդանացման բաժանմունքում, այնուհետև 10 օր որոշակիորեն ապաքինվել հիվանդասենյակում։ Վաչագանին այնուհետև ցուցվել է վիրահատության ենթարկվել, որպեսզի կողոսկրերը իմպլանտների միջոցով ամրացնեն ողնաշարին և կարողանա քայլել, սակայն վիրահատության համար 1,7 մլն դրամ գումար է պահանջվել, որը Նալբանդյանների ընտանիքը չունի։ Նրանք չեն կարողացել վճարել նաև հիվանդասենյակի 187 հազար դրամը։

Նալբանդյանները պնդում են, որ ընկերությունը, որտեղ աշխատում է Վաչագան Նալբանդյանը, որևէ ծախս չի կատարել նրա բուժման համար, չի փոխհատուցել բժիշկների նշանակած դեղորայքի արժեքը, չի ուզում վճարել նաև 1,7 մլն դրամ արժեցող վիրահատության գումարը։ Հիվանդի ծնողները Վաչագանին ստիպված տուն են տեղափոխել, որովհետև ԲԿ-ում այլևս նրան չէին պահում։ Վաչագանին ոտքի հանելու միակ միջոցը վիրահատությունն է։  

Վաչագանը 1,5 ամիս է՝ գամված է մահճակալին, չի կարողանում տեղաշարժվել։ «Իմ ոտերը չեն աշխատում, չեմ զգում։ Չեմ կարողանում ինչ-որ բան ուտել, որ․․․»,- ամաչում և կիսատ է թողնում խոսքը Վաչագանը։

«Հաց չի ուզում ուտի, որ դուրս չգա, մենք չչարչարվենք,- շարունակում է որդու խոսքը հայրը՝ Գառնիկ Նալբանդյանը,- գիշերները մեկ-մեկ լացում է»։

Ընկերության ներկայացուցիչները փորձում են կատարվածի պատասխանատվությունն ամբողջությամբ դնել մեքենայի սեփականատիրոջ վրա, ով մասնավոր անձ է և չի հանդիսացել ընկերության բալանսում գտնվող տեխնիկայի վարորդ կամ ընկերության աշխատակից։ Ընկերությունն այդ անձի հետ պայմանագիր չունի։

«Հետքի» հետ զրույցում «Տ-քնսթրաքշն» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Լիանա Մանուկյանն ասաց, որ այդ տեխնիկայի հետ իրենք չեն պայմանավորվել, այլ պայմանավորվել է Վաչագանը, հետևաբար, իրենց որևէ պատասխանատվություն չեն կրում կատարվածի համար։ Վաչագանն այս հանգամանքը բացառում է, քանի որ ինքը չէ գործը կազմակերպել, այլ իր վերադաս՝ Լևոն անունով անձը, ով ընկերության աշխատակիցն է և ինքն էլ ուղարկել է տեխնիկան։

«Մենք մեքենա չենք վարձել, այդ գործի համար մեքենա նախատեսված չի եղել, իրենք իրենց գործն առաջ գցելու համար պայմանավորվել են չգիտեմ ում հետ։ Եթե մենք մեքենա տրամադրեինք, մեր մեքենան կանցներ բոլոր համապատասխան ստուգումները, մենք կունենայինք մեքենայի վարձակալության պայմանագիր»,- նշեց Լիանա Մանուկյանը։

Մեր դիտարկմանը, թե ինչպես պետք է սյուների վրա բարձրանային աշխատակիցները, որպեսզի կատարեին իրենց աշխատանքը, վերջինս արձագանքեց․ «Բոլոր սյուների վրա բարձրանալու համար չէ, որ մեքենա է պետք։ Իրենք անվտանգության հրահանգավորում են անցնում։ ՀԷՑ-ն համապատասխան անջատումը կազմակերպում է, սյուների մեծամասնության վրա հնարավոր է բարձրանալ առանց տեխնիկայի»։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար։ 

Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Փորձաքննություն է նշանակվել, սակայն պարզ չէ, թե երբ այն կավարտվի և ինչ եզրակացություն կտրվի։ Նալբանդյաններն ասում են, որ մինչ քննությունը պարզի ամբարձիչի ընկնելու պատճառները, դրա սեփականատիրոջ և գործատուի իրավահարաբերությունները, իրենց երեխայի հետագա ճակատագրի համար անդառնալի կարող է լինել այդ ժամանակահատվածը, կոտրվածքները սխալ են ոսկրանում, և Վաչագանին պետք է շտապ վիրահատել՝ հաշմանդամությունից խուսափելու համար։ 

Ծնողներն ասում են, որ ընկնելուց հետո միայն տեխնիկայի տերն ու որդին են այցելել և հետաքրքրվում Վաչագանի առողջական վիճակով, իսկ «Տ-քնսթրաքշն» ՓԲԸ-ի ներկայացուցիչները ոչ հետաքրքրվում են, ոչ այցելում իրենց աշխատակցին։

«Մինչև էս դեպքը՝ ընկերությունն ասում էր, որ դու ապահովագրված ես, խնդիր չկա։ Եթե հոսանքահարված լինեի, ինձի կասեն՝ դու օրենքին ծանոթ ես, կանոնները գիտես, բայց ես չեմ հոսանքահարվել, կոտրվել է տեխնիկան, ես վայր եմ ընկել, ու ոչ մի տեսակի աջակցություն չեն ցուցաբերում։ Անգամ իմ աշխատավարձն եմ ուզում, չեն տալիս»,- ասում է Վաչագան Նալբանդյանը։

Մեր այցելության նախօրեին էլեկտրիկն է եկել և ասել, որ էլեկտրաէներգիայի գումար է կուտակված, որը պետք է վճարել, սակայն Նալբանդյանները չեն կարողացել վճարում կատարել։ Էլեկտրիկը ինքն է վճարել հոսանքի գումարը և կտրոնը փոխանցել Նալբանդյաններին, որպեսզի նրանք լույս ունենան։

«Ամեն օր ցավազրկող եմ սրսկում, որ քնի երեխեն։ Ես էլ ի վիճակի չեմ, շաքար ունեմ, թունավոր զոբ ունեմ, բայց դաշտ եմ գնում աշխատելու, որ կարողանանք պահել երեխուն։ Անգամ ասում է՝ աշխատավարձս տվեք, հոսանքի փողը մուծենք, ասում են՝ էսօր, էգուց, կտանք, չենք տա, կլինի, չի լինի»,- ասում է դաշտից վերադարձած Վաչագանի մայրը՝ Թերեզա Մելքոնյանը։

Ընկերության ֆինանսական տնօրենն ասում է, որ իրենք հոգացել են Վաչագանի՝ առաջին բուժօգնության հետ կապված բոլոր ծախսերը, դրանից հետո հարուցվել է քրեական գործ, որպեսզի մեղավորներին պարզեն։ Քրեական գործի ելքից պարզ կլինի, թե ով է ֆինանսական պարտավորություններն իր վրա վերցնելու։ «Մեր փաստաբանն է ներգրավված գործի շրջանակներում, սպասում ենք քրեական գործի ավարտին։ Մենք չենք կարող 200 հազարանոց գործի համար 3 մլն-անոց փոխհատուցումներ տալ՝ առանց հասկանալու մեր մեղքի չափը։ Եթե էմոցիոնալ կողմը մի  կողք ենք դնում և նայում ենք բիզնեսի տեսանկյունից, էնքան էլ ճիշտ չէ էմոցիաներով բոլորին փոխհատուցումներ տալ»,- նշում է Լիանա Մանուկյանը։

Վերջինս նշում է, որ կլինի վճիռ, որով ընկերության մեղքը կհաստատվի, իրենք էլ կփոխհատուցեն, բայց ոչ այս փուլում։

Մեր առաջին հեռախոսազրույցի ժամանակ, երբ նոր էինք ներկայացնում՝ ինչի համար ենք զանգել և հարցնում էինք, թե ինչու չեն փոխհատուցել իրենց աշխատակցի հիվանդանոցային և վիրահատության ծախսերը, Լիանա Մանուկյանը զարմանքով նշեց, որ չի կարող նման բան պատահել, քանի որ իրենք միայն 6 մլրդ դրամի բարեգործական ծրագրեր են իրականացնում և 1,7 մլն դրամ վիրահատությունը այնքան էլ մեծ գումար չէ այդ համատեքստում։ Ճշգրտումներ անելուց հետո՝ երկրորդ զրույցի ժամանակ, երբ հիշեցրինք այդ մասին, վերջինս նշեց, որ եթե Վաչագանն իրենց դիմի «Տաշիր» բարեգործականի միջոցով, գուցե հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը քննարկի և բավարարի իր պահանջը։ Սակայն «Տ-քնսթրաքշն» ՓԲԸ-ն նման բան չի կարող անել առանց դատարանի վճռի։

Ֆինանսական տնօրենը նաև ասաց, որ «Տ-քնսթրաքշն» ՓԲԸ-ի հիմնական աշխատակիցներն ապահովագրություն ունեն, սակայն շինարարության հետ առնչվող աշխատակիցները ապահովագրված չեն, քանի որ ապահովագրական ընկերությունները նրանց չեն ապահովագրում՝ ռիսկը բարձր է։ 

Մեկնաբանություններ (3)

Քրիստինե
Հարգելի ընթերցողներ Ձեր խնդրանքով Վաչագան Նալբանդյանի համար հարազատները հաշվեհամարներ են բացել, որոնց միջոցով կարող եք օգնել նրան: Հաշվեհամար` Անի Տիգրանի Մնացականյան AMD 16017019940200 USD 16017019940201 EUR 16017019940202 Rub 16017019940203, Սա էլ Վաչագանի հեռախոսահամարն է՝ 077786163։
Արթուր
Խնդրում եմ այս տղայի հեռախոսի համարը ? Ամպայման գրեք ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ
Henry
CJSC "T-Constructions" - это пример компании, которая лежит в основе ухудшения экономической системы и деморализации такой прекрасной страны, как Армения. Эксплуатация сотрудника и мошенничество, касающееся неполного страхования всех сотрудников, нарушают не только трудовое законодательство, но и человеческое достоинство. Без уважения человеческого достоинства Армения никогда не выздоровеет. Человек должен уважать другого человека. Работодатель должен уважать своего сотрудника. На месте раненого Вачагана мог оказаться любой человек в Армении, и он бы тоже остался без помощи. Не будем бессердечными и поможем ему. Компания CJSC "T-Constructions" должна быть приговорена к финансовому и уголовному наказанию. Этот вопрос должен быть воспринят как прецедент для того, чтобы народ Армении смог вернуть себе достоинство. Шелковая революция еще не закончилась, если такие вещи обнаружатся!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter