Տարոն Մարգարյան. «Կանաչ տարածքների հաշվին որևէ կառուցապատում չի թույլատրվելու»
«Կանաչ Երևան» կարգախոսին համապատասխան քաղաք ունենալու համար պետք է եռապատկել կանաչապատ տարածքների նկատմամբ խնամքը և հնարավորին ավելացնել դրանք: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների տնօրենների հետ հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Ինչ խոսք, մի քանի ամսում ամբողջովին կանաչ քաղաք ունենալը իրատեսական չէ, սակայն հենց այսօրվանից պետք է կենտրոնացնենք բոլոր ուժերը և սկսենք այդ նպատակին ուղղված մեր աշխատանքները»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Նա նշել է, որ մայրաքաղաքի զբոսայիգների, պուրակների և կենտրոնական փողոցների կանաչապատման ու ծաղկապատման աշխատաքներին զուգահեռ պետք է աշխատանքներ կատարվեն նաև բակային տարածքներում և այն հատվածներում, որտեղ հնարավոր է ունենալ բարեկարգ և կանաչապատ գոտի:
Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում մայրաքաղաքի ոռոգման ցանցի արդիականացման ուղղությամբ կատարված ու շարունակվող աշխատանքները՝ Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ առաջիկայում ամբողջությամբ կլուծվի ոռոգման ջրի խնդիրը: Մասնավորապես, այս տարի նախատեսված է անցկացնել 16 կմ ջրագիծ:
Կկրկնապատկվեն ծաղկային ձևավորումները և սիզամարգերը, կհամալրվի մշտադալար ծառերի քանակը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական աշխատանք կատարել ապօրինի ծառահատումները կանխելու ուղղությամբ, այդ թվում նաև ծառերի ապօրինի կտրման հնարավոր դեպքերի բացահայտման ու բացառման նպատակով գիշերային ժամերին տարածքները վերահսկելով:
«Պետք է բացառել ցանկացած ծառահատում: Ասել եմ ու մեկ անգամ էլ կկրկնեմ, որ կանաչ տարածքների հաշվին որևէ կառուցապատում մայրաքաղաքում չի թույլատրվելու»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Կանաչապատման ձեռնարկությունների տնօրեններն իրենց հերթին խոստացել են անել ամեն ինչ, որ առաջիկայում մայրաքաղաքում վերականգնվեն երբեմնի կանաչ տարածքները, ավելացվեն ծառերն ու ծաղիկները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել