HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քննչական կոմիտեն կարճել է Beauty of Armenia տուրիստական կազմակերպության տնօրեն Վահե Շահվերդյանի վերաբերյալ առաջին քրեական գործը

«Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Beauty of Armenia տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե»։

Այս բովանդակությամբ հաղորդագրություն տարածելուց օրեր առաջ Քննչական կոմիտեն կարճել է նույն տուրիստական կազմակերպությանն առնչվող և ֆինանսական մեծ կորուստներ կրած այլ քաղաքացիների վերաբերյալ քննվող մեկ այլ գործ։

Կարճման մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մհեր Հակոբյանն, ով քրեական գործով ներկայացնում է տուժող քաղաքացիներից Արթուր Մուրադյանի շահերը։

Փաստաբանը պատմեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 29-ին Մուրադյանը պետք է մեկներ Վրաստան՝ Նոր տարին այնտեղ անցկացնելու, սակայն դրանից մեկ օր առաջ էլեկտրոնային փոստով նամակ է ստացել, որ Վրաստանի Redisson blue հյուրանոցում իր ամրագրումը չեղարկվել է։ Դրանից հետո Beauty of Armenia տուրիստական ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանն անջատել է հեռախոսահամարը, նրա հետ կապ հաստատել չի ստացվել:

Արթուր Մուրադյանը միակը չէ, ով հայտնվել է այս իրավիճակում։ Շահվերդյանի անհետանալուց հետո տասից ավելի ֆիզիկական ու իրավաբանական անձ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, գործերը միացվել և քննվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Արաբկիրի քննչական բաժնում։ Շուտով քննվող քրեական գործով Վահե Շահվերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեղադրանքով։ Խոսքը 20 հզր դոլարից ավելի գումարի մասին է։

Իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տալիս Վահե Շահվերդյանը հայտնել է, որ Վրաստանում բազմաթիվ ամրագրումներ է կատարել Redisson Blue, Kalasi և այլ հյուրանոցներում, բայց չի կարողացել դրանք վաճառել, ուստի ընկերությունները չեղարկել են ամրագրումները:

Շահվերդյանը չի հերքել, որ քաղաքացիներից գումար է վերցրել։ Վարույթն իրականացնող մարմինը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գործի քննության ընթացքում նա տուժող քաղաքացիներից ոմանց վերադարձրել է նրանց գումարները, ոմանց՝ ոչ:

Շահվերդյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվել է։ Կարճման որոշումը փաստաբան Մհեր Հակոբյանը բողոքարկել է Դատախազություն։

Փաստաբանի խոսքով՝ գործով լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի իրականացվել

Մեզ հետ զրույցում փաստաբանը մի շարք խնդիրներ բարձրաձայնեց, որոնք, ըստ նրա, վկայում են թերի նախաքննություն իրականացնելու մասին։

Հակոբյանը  պնդում է, որ գործը միակողմանի է քննվել, վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի կարճման հիմքում դրել է միայն Վահե Շահվերդյանի հայտնած տվյալները, որոնց իսկությունը չի ստուգվել։

Քրեական գործի նյութերում, ըստ փաստաբանի, փաստաթուղթ չկա, որը կհավաստի, որ Վրաստանում որևէ հյուրանոցի և Վահե Շահվերդյանի միջև եղել է որևէ պայմանագիր։ Վրաստանի որևէ հյուրանոցի հետ կապ չի հաստատվել, և առհասարակ Հայաստանի և Վրաստանի միջև իրավական փոխօգնության շրջանակներում վարույթն իրականացնող Քննչական կոմիտեն չի փորձել հարցում կատարել՝ գործի հանգամանքերին վերաբերող  տեղեկություն ստանալու համար։ Միայն մեկ հարցում է կատարվել Հայաստանում գործող Redisson Blue հյուրանոց, որին ի պատասխան հայտնել են, որ իրենք կապ չունեն Վրաստանում գործող Redisson blue-ի հետ։

Պաշտպանի խոսքով՝ Վահե Շահվերդյանը քաղաքացիների հետ գործարքներն արել է «Վահե Շահվերդյան» ԱՁ-ի միջոցով։ Քննվող քրեական գործով չի նշանակվել դատահաշվապահական փորձաքննություն՝ պարզելու համար՝ «Վահե Շահվերդյան» ԱՁ որքան գումար է մուտք եղել, որքան՝ ելք, ինչին է ուղղվել այդ գումարը։ Պաշտպանն ընդգծում է, որ խարդախություն հանցակազմի համար սա էական նշանակություն ունի։

«Եթե անձը բարեխիղճ է, ենթադրվում է, որ գումարը պետք է վերցնի և փոխանցի այն հյուրանոցին, որտեղ պետք է մեկներ Արթուր Մուրադյանը»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ պատշաճ քննություն իրականացնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը կարող էր վերցնել «Վահե Շահվերդյան» ԱՁ-ի բանկային շարժը, ստուգել դրամարկղային մուտքի օրդերը, հարկային ստուգում նշանակել։

Ըստ պաշպանի՝ Վահե Շահվերդյանը ցուցմունք տալիս հայտնել է, որ հյուրանոցներին վճարումները կանխիկ եղանակով է կատարել, այսինքն՝ գումարը մաս-մաս տարել է Վրաստան ու վճարել։ Հակոբյանն ասում է՝ այստեղ ևս խնդիր կա, եթե պարզվի, որ անձնական կարիքների համար տարված գումարը օգտագործվել է որպես ԱՁ վճարում կատարելու նպատակով։

«Ես չեմ պնդում, որ Վահե Շահվերդյանը խարդախ է, հանցագործ է, մեր պահանջն այն է, որ օբյեկտիվ քննություն իրականացվի։ Գուցե նա իսկապես անձ է, ում մոտ բիզնեսն ինչ- ինչ պատճառներով չի ստացվել, բայց պետք է բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն իրականացվի՝ գործի հանգամանքները պարզվելու համար, այլ ոչ թե վարույթն  իրականացնող մարմինը հիմնվի Վահե Շահվերդյանի հայտնած տվյալների վրա՝ առանց դրանց իսկությունը ստուգելու»,- ասաց Մհեր Հակոբյանը։

Երկրորդ քրեական գործով տուժողները պետք է իրենց հանգիստն անցկացնեին Հայաստանում

Ինչպես արդեն վերը նշել ենք, Քննչական կոմիտեն օրեր առաջ հաղորդագրություն է տարածել և քաղաքացիներին հորդորել դիմել իրենց, եթե տուժել են Beauty of Armenia տուրիստական ընկերության գործունեությունից։ Սա վերաբերում է տուրիստական ընկերության վերաբերյալ երկրորդ քրեական գործին։ Այս գործի հանգամանքները նմանություն ունեն կարճված գործի հետ, պարզապես քաղաքացիները ոչ թե Հայաստանից դուրս, այլ Հայաստանում պետք է հանգստի մեկնեին։

Մեզ հետ զրույցում տուժող քաղաքացիներից Լիլիթ Ալավերդյանը պատմեց, որ Beauty of Armenia-ի՝ Հայաստանի հյուրանոցներից մեկում հանգստանալու շահավետ առաջարկը տեսնելով՝ ընկերներով որոշել են մեկնել հանգստի, զանգահարել են հյուրանոց, ճշտել, որ համագործակցում են տուրիստական ընկերության հետ։ Գումարը տուրիստական ընկերությանը փոխանցելուց հետո ևս, ըստ Լիլիթի, իրենք կապվեն են հյուրանոցի հետ ու նորից ճշտել՝ արդյոք առկա է իրենց անունով ամրագրում։ Հյուրանոցից հավաստիացրել են, որ ամրագրումն արված է, ամեն ինչ կարգին է։ Մեկնելուց առաջ, սակայն, պարզվել է, որ ամրագրումները չեղարկվել են։ Հյուրանոցից հայտնել են, որ իմանալով տուրիստական ընկերության ունեցած խնդիրների մասին՝ ամրագրումները չեղարկել են։ Լիլիթ Ալավերդյանն ու ընկերները Վահե Շահվերդյանի հետ կապ հաստատել չեն կարողացել. նա հեռախոսազանգերին չի պատասխանել։ Լիլիթ Ալավերդյանն ասում է, որ եթե անգամ ինքը հետ ստանա գումարը, ապա դրանով իր պահանջը բավարարված չի լինելու։

«Ես ուզում եմ, որ նա պատժվի, ավելի լավ է՝ գումարը չվերադարձնեն, բայց նա պատժվի, որովհետև նա նորից կարող է նույն բանն անել»,- մեզ հետ զրույցում ասաց Ալավերդյանը։

Վահե Շահվերդյանի պաշտպանը պնդում է, որ նա քաղաքացիներին խաբելու միտում չի ունեցել

Կապ հաստատեցինք նաև կարճված քրեական գործով Վահե Շահվերդյանի շահերը ներկայացրած փաստաբան Կարինե Անդրեասյանի հետ։ Վերջինս նշեց՝ փաստ է, որ նախկին քրեական գործով Վահե Շահվերդյանը խարդախ չի համարվում։

Ըստ պաշտպանի՝ անձի արարքը խարդախություն որակելու համար նախաքննական մարմինը պետք է կարողանա ապացուցել, որ անձը նախապես ունեցել է դիմացինին խաբելու ցանկություն, և Վահե Շահվերդյանն իր վերաբերյալ նախկին գործով կարողացել է ապացուցել, որ այդպիսի դիտավորություն չի ունեցել։

«Պայմանականորեն վերցնենք, որ Վահե Շահվերդյանը պետք է հյուրանոցին վճարեր 1000 դոլար, ինքը վճարել է 980 դոլարը։ Չվճարված 20 դոլարի համար հյուրանոցն իրավասու է համարել, որ Վահե Շահվերդյանը չի կատարել իր պարտականությունը և հյուրերին չի թույլատրել ներս մտնել»,- օրինակ բերեց պաշտպանը և նշեց, որ նմանատիպ իրավիճակներ են ստեղծվել, և, փաստացի, հյուրանոցները չվճարված չնչին գումարիների պատճառով չեղարկել են ամրագրումները, իսկ արդեն վճարված գումարները չեն վերադարձրել։

Ըստ պաշտպանի՝ եթե Վահե Շահվերդյանը խարդախություն կատարելու նպատակ ունենար, ապա առհասարակ որևէ վճարում չէր կատարի, տեղեր չէր ամրագրի քաղաքացիների համար։

Մեր հարցին՝ ինչու Շահվերդյանը քաղաքացիներից կոնկրետ նպատակով գումար վերցնելիս դրանք ամբողջությամբ չի ուղղել այդ նպատակին, ինչո՞ւ վճարումներն ամբողջական չի կատարել, պաշպանը նշեց, որ ինքն այդ հարցին պատասխանել չի կարող, որ այդ հարցի հասցեատերը Շահվերդյանն է։ Պաշտպանը նշեց, որ Շահվերդյանը միայն կանխիկ վճարումներ չի կատարել, գործում բազմաթիվ անկանխիկ փոխանցումներ ևս կան։

Նոր քրեական գործի հարուցումից հետո Վահե Շահվերդյանը փաստաբանի հետ կապ չի հաստատել, հետևաբար նոր գործով Կարինե Անդրեասյանը որևէ տեղեկություն չունի։

Քննչական կոմիտեից «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնում են, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ նոր գործով տուժողների թիվը հասնում է 32-ի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter