HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծովագյուղում իրականացվող ապօրինի շինարարության գործով Տեսչական մարմինը դիմել է դատախազություն

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող Մ-14 ավտոմայրուղու Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս 11.5 կմ հատվածում՝ մայրուղուց լիճ ընկած տարածքում, կատարվում են շինարարական աշխատանքներ:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմին չեն ներկայացվել շինարարության թույլտվություն և տեղեկանք, ինչը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 15-ի թիվ 596-Ն որոշման պահանջների խախտում է և նշված շինարարական աշխատանքները դիտարկվում են որպես ինքնակամ:

Տեսչական մարմինը 2020 թ հունիսի 23-ին գրություն է ուղարկել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանին` տեղեկացնելով համայնքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին։ 

Ծովագյուղ համայնքի ղեկավարին՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջների, առաջարկվել է կասեցնել վերոհիշյալ հասցեում իրականացվող ինքնակամ շինարարությունը և ապահովել դրա հետևանքների վերացումը, որից հետո ձեռնարկված միջոցառումների մասին տեղյակ պահել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Սակայն նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։

Ծովագյուղ համայնքի ղեկավարից պատասխան գրություն չստանալու արդյունքում Տեսչական մարմինը օգոստոսի 14-ին երկրորդ գրությամբ է դիմել համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը և օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել և մինչ օրս մնացել է անպատասխան։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter