HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ-ն այս տարվա համար 6.2 % տնտեսական անկում է կանխատեսում

Կենտրոնական բանկն (ՀՀ ԿԲ) այսօր որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25 %: Այս որոշման համար հիմք են հանդիսացել ցածր գնաճը, տնտեսության մեջ պահպանվող անորոշությունը, այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսումների վատթարացումը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Այս գործիքով ԿԲ-ն փորձում է ազդել տնտեսության աշխուժացման վրա։ Դա օգնում է բանկերին էժան փողի հարցում և որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել նրանց կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը։ Դա էլ իր հերթին նպաստում է վարկերի ծավալների ու սպառման աճին, տնտեսության աշխուժացմանը։

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնում է այն ժամանակ, երբ տնտեսության ընդհանուր աշխուժացման հարցում խնդիրներ է տեսնում։

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, այս տարվա օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. օգոստոսը 2019թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 1.8 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1 % գնանկում: Սա ԿԲ-ի նախանշած թիրախում չէ։ Հիշեցնենք, որ ԿԲ-ն որպես 12-ամսյա գնաճի թույլատրելի միջակայք է ընտրել 4 +/-1.5 %-ը: Այսինքն՝ համարվում է, որ գնաճի 2.5-5.5%-ի միջակայքը գնաճի այն թիրախն է, որը կարող է նպաստել տնտեսական աճին։

Բացի այդ, ԿԲ-ն անորոշություններ և ռիսկեր է տեսնում տնտեսության վերականգման ուղղությամբ։ Եթե մեկ ամիս առաջ գլխավոր դրամատունը կանխատեսում էր, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը 4 % անկում է ապրելու, ապա այսօր՝ կանխատեսվող անկումը 6.2 %-ն է։ Անկում է սպասվում տնտեսության բոլոր ոլորտներում՝ շինարարությունից մինչև արդյունաբերություն։

«Հաշվի առնելով պահպանվող ցածր գնաճային միջավայրը, ինչպես նաև արտաքին ու ներքին պահանջարկի վերականգնման որոշակի հետաձգման հանգամանքը` ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Տնտեսական սպասվող զարգացումների պարագայում ԿԲ խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը` գնահատելով, որ անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, միջնաժամկետ հատվածում գնաճն աստիճանաբար կավելանա և կանխատեսվող հորիզոնի վերջում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ»,- եզրակացրել է ԿԲ խորհուրդը:

Վերջին անգամ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել էր այս տարվա հունիսի 16-ին՝ 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5 %:

Նկատենք, որ այս տարի ԿԲ-ն արդեն չորրորդ անգամ է իջեցնում տոկոսադրույքը։ Ներկայում սահմանված 4.25 %-ը վերջին տարիների ամենացածր մակարդակն է։

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը համոզմունք հայտնեց, որ ԿԲ-ն արդյունավետ դրամավարկային քաղաքականություն է վարում այս պահին և որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն իր դրական ազդեցությունը թողնում է տնտեսության վրա։ «Հետքի» հարցին՝ արդյոք քաղաքացիներին տրվող վարկերի տոկոսադրույքների վրա այդ ազդեցությունը ներկայում նկատվու՞մ է, ԿԲ նախագահը պատասխանեց, որ տնտեսության անորոշության պայմաններում արագ ազդեցությունը սպասել պետք չէ։

«Մեր թիրախը գնաճի մակարդակն է։ Որպես տոկոսադրույքի նվազեցման առաջնային մակարդակ դիտարկում ենք գների կայունությունը։ Այդ առումով, կարծում ենք՝ այն, ինչ անում ենք, ճիշտ ուղղությամբ ենք անում։ Մենք կարող ենք առաջիկայում ևս շարունակել մեր դրամավարկային խթանող քաղաքականությունը իրականացնել և խորացնել խթանման չափը։ Ինչ վերաբերում է տնտեսության վրա տոկոսադրույքների նվազեցման ազդեցությանը, ապա ստեղծված անորոշությունների պարագայում մի քիչ դժվար է ակնկալել, որ վարկերի վրա դա միանգամից արտացոլում կստանա։ Բայց, օրինակ, ֆինանսական շուկայի գործարքներում, մասնավորապես՝ մեր պետական պարտատոմսերի եկամտաբերության կորը, եթե նայեք, մեր իրականացրած քայլերը այդ կորի վրա դրական են ազդել»,- նշեց ԿԲ նախագահը։

Ընդհանուր առմամբ, Կենտրոնական բանկն այս անգամ ավելի զգուշավոր է կանխատեսումներում։ Ինչպես իր խոսքում նշեց ԿԲ նախագահը, տնտեսությունն ու մարդիկ անորոշության մեջ են։ Ապագայի նկատմամբ այս անորոշությունն այսօր մարդկանց ստիպում է ոչ թե սպառել, այլ խնայել։  Սա ազդում է ինչպես գնաճի, որը վերջին ամիսներին ցածր մակարդակում է, այնպես էլ՝ ամբողջ տնտեսական աճի վրա։

ԿԲ-ն, սակայն, ավելի լավատես է 2021 թվականի հարցում՝ կանխատեսվում է 4-5% ՀՆԱ-ի աճ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter