HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվերապահ հրաժարականներ

Երբ 2018 թ. «հեղափոխություն» կոչված իշխանափոխության արդյունքում իրենց քաղաքացիական հասարակության մաս համարող անձինք ընդգրկվեցին «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ու հետագայում ընտրվեցին որպես պատգամավորներ, որոշակի ակնկալիք ստեղծվեց, որ ԱԺ-ում նրանք պաշտպանելու և առաջ են մղելու սոցիալական արդարության, բնության պահպանության, կապիտալիստական տնտեսական կեղեքումը սաստելու, խաղաղության կամ գոնե մարդու իրավունքների օրակարգերը: Սակայն իրենց պաշտոնավարման շուրջ երկու տարվա ընթացքում եղան բազմաթիվ նախադեպային իրավիճակներ, երբ նրանք իրենց լռությամբ կամ ձայնով լեգիտիմացրին ու սիստեմատիկ կերպով նպաստեցին հակասոցիալական որոշումների և օրենքների ընդունմանը, իսկ համաճարակի պայմաններում տեղայնացրեցին ավտորիտար օրենքներ ու կյանքի կոչեցին է՛լ ավելի կեղեքիչ նեոլիբերալ քաղաքականություններ՝ «ներդրումների ներգրավման» ու «պետական շահի պաշտպանության» փաթեթավորմամբ:

Ոմանք փորձում են համոզել, որ այս մարդիկ համակարգում հայտնված եզակի «փրկիչներ» են և կանխում են ավելի վատթար քաղաքականությունների իրագործումը, «հակահեղափոխության» ալիքը: Այնինչ ակնհայտ է, որ հակահեղափոխությունը իրեն «հեղափոխական» հռչակված ուժի մեջ է. նախկին համակարգից ներգրավված նեոլիբերալ ու ավտորիտար պաշտոնյաները շարունակում են մնալ կամ վերանշանակվել որոշում կայացնող դիրքերում, իսկ «քաղաքացիական հասարակության երբեմնի ներկայացուցիչները» միայն օգնում են գեղեցիկ փաթեթավորել անարդար ու ավտորիտար որոշումները և մատուցել դրանք պրոգրեսիվ, «բոլորիս լավի» համար արվող լույսի ներքո: 

Մենք չենք պատրաստվում մեր լռությամբ փրկել նրանց հեղինակությունը:

Եթե քաղաքացիական հասարակությունից «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամ պատգամավորները լինեին իրենց հռչակած արժեքների կրողը, ապա առանց վարանելու մանդատները վայր կդնեին՝ օգտվելով քաղաքական հիմնավորումների հետևյալ ձևանմուշից:

«Ես՝ առաջադրվելով պատգամավորական ցուցակներում, պարբերաբար հանդիպում էի պնդումների, որ իմ նկատմամբ մարդկանց վստահությունը կօգտագործվի ձայներ հավաքելու համար, և շուտով ե՛ս էլ կտեղավորվեմ իշխանության մեջ, կլեգիտիմացնեմ իշխանությունը, կյուրացնեմ իշխանության դեմքը և լեզուն, հանուն քաղաքական միասնության ու լոյալության անգաղափար նպատակների կդառնամ հարմարվողական կամ ցինիկ բյուրոկրատ:

Եվ այդպես էլ եղավ։

Ես ապիկար գտնվեցի՝ պաշտպանելու իմ արժեքները նույնիսկ ինքս ինձանից ու նորմալացրի դա։ Ընկա ինքնախաբեության հոգեբանական ծուղակի մեջ ու համոզեցի ինքս ինձ, որ ներսում գտնվելով ինստիտուցիոնալ փոփոխություններ եմ բերում: Այնինչ, ես չխնդրականացրեցի անգամ այն, որ իշխանության եմ գալիս իմ իսկ մերժած Սերժի սահմանադրության ու օրենքների ուժով. շատ արագ հարմարվեցի ու սկսեցի սիրել այդ սահմանադրությունը: Ես ընդամենը զբաղված էի բյուրոկրատիայով, վիճակագրություն էի ապահովում, կոճակ սեղմում, ֆեյսբուքում պաշտոնական գրություններ էի տարածում, լայքեր հավաքում ու շռայլում. ոչ թե որոշումներ կայացնող էի, այլ որոշումները սպասարկող:

Ես համոզում էի, որ իրավիճակ է փոխվել, որ արդարության հասնելու համար կարիք չկա փողոց դուրս գալու, որ ընտրված պաշտոնյաները բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալով կլուծեն հարցերը, իսկ «անգրագետ պողոսներն» ու «համբալները» չպետք է մեզ խանգարեն:

Ես իմ անվերապահ հավատարմությունը հայտնեցի միանձնյա որոշում ընդունողներին։ Ես, որ կարող էի քաղաքական նոր մշակույթ բերել, ոչ թե օգտագործեցի իմ լիազորություններն ու լծակները իշխանության ներսից ըմբոստանալու, ինձ համար սկզբունքային հարցերում հրապարակային անհնազանդություն դրսևորելու համար, այլ ընտրեցի լուռ, կրավորական և ենթակա կեցվածքը․ քաղաքական լոյալության խոստում էի տվել։

Ես հռչակեցի, որ կարևորում եմ կանանց սոլիդարությունն ու ազատագրումը, բայց միացա նրանց, ովքեր ճնշում են փողոցում պայքարող կանանց, դարձնում նրանց ձայնազուրկ ու հեղինակազուրկ։ Իմ քաղաքական կյանքում ինձ շարունակեցին ճնշել ավելի մեծ իշխանություն ունեցող տղամարդիկ, բայց ես ընտրեցի հանրային կերպով չընդվզել դրա դեմ: Ես օգտագործեցի իմ խոսափողը այդ նույն տղամարդկանց պաշտպանելու համար։ Ես ընդունեցի  ու տիրաժավորեցի նահապետական գաղափարը, որ «հայրենիքը օջախ է». իսկ օջախում տան գլխավորը կարող է ձեռքը խփել սեղանին ու գոռալով որոշումներ կայացնել:

Յուրացնելով նախկին ակտիվիստիս փորձն ու կապերը՝ ես ընտրեցի գրաքննել իշխանությունից հրաժարված, իշխանությունից դուրս գտնվող, դիմադրող համայնքին: Օգտագործելով համոզելու լեզուն՝ փոփոխությունների իմիտիացիա ստեղծեցի, միջնորդի դեր ստանձնեցի ակտիվիստների ու իշխանության միջև, այնինչ իրականում գործիքայնացրեցի նրանց, չարաշահեցի վստահության տարածքը՝ թուլացնելով պահանջատիրությունը ի նպաստ իշխանական օրակարգիս: Փորձեցի թելադրել ու խմբագրել նրանց, սահմանել «կարելին» ու «չի կարելին» իշխանության հետ հարաբերվելիս։

Ես հռչակեցի, որ սոցիալական արդարության կողմնակից եմ, բայց լեգիտիմացրի բոլոր հակասոցիալական օրենսդրական փաթեթներն ու որոշումները: Օրենքի ուժով պարտադրեցի համահարթ հարկումը, հերթական երկկողմ ներդրումային համաձայնագիրը, ջենթրիֆիկացիան՝ ի դեմս Ֆիրդուսի և գույքահարկի, կորոնակապիտալիզմը՝ ի դեմս արտաքին պարտքի մեծացման, կես տարի ձգված արտակարգ իրավիճակում հեռախոսների միջոցով քաղաքացիների տեղաշարժի վերահսկման և այլն: Հաճախ թաքնվեցի այն անհեթեթ հիմնավորման հետևում, թե ոլորտի մասնագետ չեմ։ Ես ընդունում եմ, որ պատասխանատու եմ բոլոր այդ նախագծերը կյանքի կոչելու համար։

Ես հռչակեցի, որ կանգնում եմ մաքուր բնական միջավայրի պահանջների կողքին, բայց ընտրեցի ստանձնել օֆշորային կապիտալի, գաղութարար հարստահարողի փաստաբանի կամ լուռ դիտորդի դերը՝ թաքնվելով պետական շահ հետապնդողի անվան տակ։

Ես հռչակեցի, որ խաղաղության ջատագով եմ, բայց ընտրեցի հլու-հնազանդ լռել, երբ ռազմահայրենասիրական հռետորաբանությունը կրկին դարձավ իշխանության միակ լեզուն, երբ «Ազգ բանակին» փոխարինելու եկավ «աշխարհազորը» և «Կանայք հանուն խաղաղության» միջոցառումը վերածվեց կնոջ մարմնով սպառազինության գովազդի:

Ես հռչակեցի, որ բռնությունն անընդունելի է, բայց երբ ոստիկանությունը ռեպրեսիաներ կիրառեց Ջերմուկում Ամուլսարի համար պայքարող խաղաղ բնակչության դեմ, ես ընտրեցի թավշյա լռությունը՝ շատ լավ հասկանալով, որ երբ չես դատապարտում բռնությունը, իրականում մեղադրում ես զոհին, իսկ այս դեպքում՝ նաև կանգնում մասնավոր հարստահարողի կողքին։ Որովհետև ես արդեն ընդունել էի, որ «աղքատությունը մարդկանց գլխում է», ոչ թե համակարգային բռնություն, անարդարության ինստիտուցիաների ու նորմերի արդյունք, որոնց հաստատմանը մասնակցել եմ նաև ես:

Ես շատ արագ յուրացրի իշխանական մանիպուլացման լեզուն, երբ ուզում էի հավասարության նշան դնել իմ ու դիմադրական խմբերի նկատմամբ ճնշումների միջև։ Ներկայացրի, թե ինքս եմ ճնշվածը, զոհը, ումից մարդիկ դժգոհ են, ում վրա հարձակվում են «հակահեղափոխականները»։ Այնինչ ես արտոնյալն եմ, անձեռնմխելին, իմ մարմինն ապահովագրված է ոստիկանական բռնությունից, իմ կարիերան ապահովված է, վարկ մուծելու մտահոգություն նույնիսկ չունեմ, քանի որ չարդարացված պարգևավճարներս աշխատավարձիս հետ միասին այդ հարցը լուծում են:

Գտնվեցին պաշտոնյաներ, ովքեր հրապարակային կերպով մանդատ վայր դրեցին ու հրաժարականներ տվեցին կամ էլ դուրս շպրտվեցին համակարգի կողմից, բայց ես ընտրեցի սոլիդար չլինել նրանց հետ և կառչել իմ աթոռից։ Ես հասկացա, որ ի տարբերություն նրանց, ես չեմ էլ ունեցել այն սկզբունքային կարմիր գծերը, որոնք հատվելու դեպքում կհրաժարվեի իշխանությունից: Իմ պայքարի հետագիծն էր՝ պայքար, պայքար մինչև պաշտոն:

Ընդունելով որ հապաղելը կարող է հասցնել կյանքի ու մահվան սահմանագծին՝ ես անում եմ իմ քայլը․ հրաժարվում եմ իմ դրած էքսպերիմենտից։ Ես գիտակցում եմ որ ելք չկա։ Ես չեմ սպասում մինչև «Քրիստոսի երկրորդ գալուստը» և անվերապահորեն վայր եմ դնում մանդատս։ Հրավերը նետում եմ մյուս «վերապահներին»»։

Արևիկ Մարտիրոսյան, Արփինե Գալֆայան, Աննա Շահնազարյան

Հ.Գ. Մինչ այս տեքստը պատրաստում էինք հրապարակման, տեղեկացանք, որ ԱԺ-ն ՍԴ անդամներ է ընտրել խիստ քննադատությունների արժանացած անձանց, այդ թվում՝ Ա1+ը փակած դատավորին:

Մեկնաբանություններ (1)

Նարինե
Արևիկ Մարտիրոսյան, Արփինե Գալֆայան, Աննա Շահնազարյան, կարելի էր ընդհանուր առմամբ համաձայնել, եթե ձեր նշած "ռազմահայրենասիրական հռետորաբանությունից" նեղված չլինեիք։ Դո՛ւք, հարգելի՛ տիկնայք և/կամ աղջիկներ, խաղաղության պայմաններում սուրճ վայելելով հոդված եք գրում, հրապարակում՝ շնորհիվ "ռազմահայրենասիրական հռետորաբանությամբ" մեծացած ու կրթված զինվորականների, որոնք իրենց ռազմահայրենասիրությամբ ձեր խաղաղ կյանքն են ապահովում ու չեն ընտրում ում պաշտպանեն, ում՝ չէ՝ կախված բնակչության տարբեր շերտերի՝ "ռազմահայրենասիրական հռետորաբանության" վերաբերյալ ունեցած անձնական ճաշակից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter