HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարության և Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության գործընկերների միջև

2020թ սեպտեմբերի 15-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների փոստային կապի օպերատորների միջև փոստափոխադրման բնագավառում ծագած փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում Արցախից մասնակիցների ներգրավվածության հարցին, կարևորվել համագործակցության խթանումը նաև այս ոլորտում:

Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին և համոզմունք է հայտնել, որ Արցախի գործընկերների այցը և աշխատանքային քննարկումներն արդյունավետ բնույթ կունենան: Ապա անդրադարձել է նախկինում կատարված համատեղ աշխատանքների արդյունքներին՝ մասնավորապես ԱՀ-ի և ՀՀ-ի միջև բջջային կապի սակագների իջեցմանը: «Համատեղ աշխատանքի արդյունքում սակագնի ավելի քան 50 տոկոսի նվազում է արձանագրվել, որը սոցիալական ազդեցությունից զատ զգալիորեն ավելացրել է նաև հաղորդակցության որակը և ծավալը»,- նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանը կարևորել է Արցախի երիտասարդության մասնակցությունը ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում՝ մասնավորապես  տեխնոլոգիական 19 ուղղություններով կազմակերպվող առցանց դասընթացներում, «Վիրտուալ կամուրջ» և այլ ծրագրերում:

Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ երկու հանրապետությունների օպերատորների փոխգործակցությունը զգալի թեթևություն է առաջացրել ԱՀ-ում և համագործակցության լավ հիմք դրել՝ հետագայում ծառայությունների պլանավորման և զարգացման առումով:

Լևոն Գրիգորյանն անդրադարձել է նաև ԱՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման տեսլականին՝ ընդգծելով համատեղ ծրագրեր մշակելու, հայաստանյան փորձն ընդօրինակելու և տեխնոլոգիական ընտանիքի անդամ դառնալու կարևորությունը: Կապի, փոստային ոլորտում ծառայությունները հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքները, թվայնացման, կիբեռանվտանգության հետ կապված հարցերը ևս առաջնահերթությունների շարքում են:

Աշխատանքային հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել նաև քննարկումներ երկու հանրապետությունների գործընկերների միջև, որոնց մասնակցել են ԲՏԱ նախարարի տեղակալներ Գոռ Մելիքյանը և Վիկտորիա Պողոսյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Էմմա Սարգսյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ինչպես նաև Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը, Արցախի «Արցախփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter