HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

26 տարի առաջ տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի համար մեղադրանք է առաջադրվել նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին

Նոր երևան եկած հանգամանքով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Վճռաբեկ դատարանում գտնվող քրեական գործը, որով մեղադրյալի աթոռին է հայտնվել ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:

Մեղադրանքն առաջադրվել է 1961թ. ընդունված Քրեական օրենսգրքի 259.1 հոդվածի Բ կետով, որը վերաբերում է զենքին, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտմանը, եթե դրա հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել մի քանի անձանց կամ մահացել է տուժողը:

Հրանտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով N զորամասում, որպես վաշտի հրամանատարի տեղակալ՝ կոչումով ավագ լեյտենանտ, 1994թ. ապրիլի 16-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում վիճաբանության, այնուհետև քաշքշոցի ու կռվի մեջ է մտել Էջմիածնի էլեկտրացանցի տնօրեն Նորիկ Կարապետյանի հետ: Խախտելով զենքի հետ վարվելու կանոնները՝ իրեն ամրացված «Մակարով» տեսակի ատրճանակով Հ. Գրիգորյանը կրակ է արձակել օդ, այնուհետև ստանալով հարված՝ վայր է ընկել և շարունակել անկանոն կրակել տարբեր ուղղություններով:

Հրանտ Գրիգորյանի արձակած կրակի հետևանքով Մհեր Պողոսյանը, ստանալով կյանքի համար վտանգավոր երկու գնդակային հրազենային վնասվածք, հիվանդանոցում մահացել է: Մեղադրանքի համաձայն՝ Հրանտ Գրիգորյանը գործով չպարզված ոմն Վաչոյի հետ դեպքի վայրից դիմել է փախուստի՝ վերջինիս «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով:

Հրանտ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

Նշենք, որ Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժին 2018թ. հուլիսին հաղորդում էր ներկայացրել հոր հետ կատարվածի մասին: Է. Պողոսյանը նշել էր, որ իր հորը Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը:

Դեպքից հետո Պաշտպանության նախարարությունը իրականությանը չհամապատասխանող փաստաթուղթ էր տվել, թե իբր Մհեր Պողոսյանը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս, մինչդեռ Մ. Պողոսյանը զինվորական չի եղել: Նշենք, որ Հրանտ Գրիգորյանը Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:

Կատարվածի համար Հրանտ Գրիգորյանը դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter