HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճար՝ ճանապարհների համար. նախագիծը խնդրահարույց կետեր ունի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է ճանապարհային վճար գանձել։

Ըստ հանրային քննարկման ներկայացված նախագծի՝ Հայաստանի տարածքում և՛ գրանցված (հաշվառված), և՛ չգրանցված 12 և ավելի տոննա զանգված ունեցող ավտոմեքենաներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները պետք է վճարեն ճանապարհային վճար:

Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվելու է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 դրամ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանելու է Կառավարությունը: Այս գաղափարը դեռևս նախագծի տեսքով է, ներկայացված է հանրային քննարկման։ Օրենքի ուժ ստանալու համար դեռ պետք է արժանանա Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի հավանությանը։

Ճանապարհային վճար չգանձելու արտոնություն է նախատեսվում միայն օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների, մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների ու Հայաստանում տեղակայված` Ռուսաստանի ռազմակայաններին սպասարկող բեռնատարների համար։ Մնացած բոլոր դեպքերում, ըստ նախագծի, առաջարկվում է ճանապարհային վճար գանձել 12 և ավելի տոննա կշռող բեռնատարների համար։

Ճանապարհային վճարների գանձման համակարգը գործում է բազմաթիվ երկրներում։ Հայաստանում բեռնափոխադրման ոլորտի ներկայացուցիչներն ու փորձագետները, մեծ մասամբ, դեմ չեն այս գաղափարին, սակայն միևնույն ժամանակ մեզ հետ զրույցում փորձագետներն այս նախագծի վերաբերյալ խնդրահարույց դրույթներ են առանձնացրել։

Բեռնափոխադրող «Սպիննակեր գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը վստահ է, որ այսօր Հայաստանում բեռնափոխադրումների ոլորտը կարգավորելու անհրաժեշտություն ունի, սակայն արտասահմանյան ցանկացած փորձ, ցանկացած նորմ ներմուծելիս պետք է այն տեղայնացնել՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները:

Ճանապարհային նոր վճարի գաղափարին, ընդհանուր առմամբ, դեմ չէ, սակայն, վիճահարույց է համարում առաջարկվող սակագինը՝ առավելագույնը 50 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար:

«Միջազգային բեռնափոխադրողների համար գուցե այս գումարը շատ էական ծախս չլինի Հայաստանով անցնելիս, սակայն այն խնդրահարույց է լինելու ներպետական ուղևորափոխադրողների համար, որոնք առավել մեծ հաճախականությամբ են փոխադրումներ իրականացնում: Կան ոլորտներ, որոնց ծախսերի վրա այս վճարի ազդեցությունը մեծ է լինելու: Օրինակ՝ հանքարդյունաբերողների»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Նորայր Գևորգյանը:

«Պետք է գնահատական տալ՝ 50 դրամը խելամի՞տ դրույքաչափ է, թե՞ չէ»

«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը նշում է, որ եթե ուզում ենք ունենալ լավ ճանապարհներ, ապա պետք է վճարենք այդ ճանապարհներից օգտվելու համար։ Շեշտում է, որ դա ընդունված է ամբողջ աշխարհում։ Կան տարբեր համակարգեր, որոնք վերահսկում են մեքենաների շարժը, հաշվում նրանց անցած ճանապարհահատվածը և ըստ դրա գանձում ճանապարհային վճարները։ Ըստ նրա՝ Հայաստանին միանշանակ պետք է դա, սակայն պետք է քննարկել վճարման առաջարկվող դրույքաչափը, այն է՝ 50 դրամ յուրաքանչյուր կմ-ի համար։

«Մենք տնտեսվարող սուբյեկտ ենք և կարող էինք մտածել՝ ավելի լավ կլիներ, որ չվճարեինք։ Բայց մենք նաև գիտակցում ենք, որ այդպես չի կարելի։ Մենք ինքներս կողմ ենք այս համակարգին։ Եվ այդ ճանապարհների համար պետք է վճարեն ոչ միայն Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությունները, այլև՝ ոչ ռեզիդենտները։ Ճիշտ այնպես, ինչպես մենք ենք վճարում այլ երկրներում իրենց ճանապարհներից օգտվելիս։ Այստեղ այլ հարց է, թե վճարման ինչ չափեր են առաջարկվում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Աղաջանյանը։

Նա չի ցանկանում գնահատական տալ՝ շա՞տ է առաջարկվող 50 դրամը մեկ կիլոմետրի համար, թե՞ քիչ։ Առաջարկում է միայն զուգահեռներ տանել։ Օրինակ է բերում, որ եթե հայկական բեռնատարները Վերին Լարսով անցնում են Ռուսաստանի Դաշնության սահմանը, գնում են Մոսկվա և նույն ճանապարհով վերադառնում։ Անցնում են մոտավորապես 4 հազար կմ ճանապարհ։ «Պլատոն» համակարգով Ռուսաստանի ճանապարհներից օգտվելու համար Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցը Ռուսաստանում անցած այդ ճանապարհի համար վճարում է 80 ԱՄՆ դոլար.

«Հիմա գանք Հայաստան. Հայաստանի սահմանից՝ Բագրատաշենից մինչև Երևան, եթե նորից կլորացնենք, 200 կմ է։ Եթե Բագրատաշենով գալիս ենք Երևան ու վերադառնում նորից սահման, ստացվում է, որ հատել ենք 400 կմ ճանապարհ։ Եվ նախագծով առաջարկվող 50 դրամի պարագայում մենք կվճարենք 20 հազար դրամ կամ մոտ 40 դոլար։ Ստացվում է, որ Ռուսաստանի տարածքում 4 հազար կմ-ի համար մենք վճարում ենք 80 դոլար, իսկ Հայաստանում 400 կմ-ի համար՝ 40 դոլար։ Այսինքն՝ Հայաստանում մենք հատում ենք 10 անգամ պակաս ճանապարհ, բայց վճարում ենք ընդամենը 2 անգամ պակաս գումար»,- ասում է Գագիկ Աղաջանյանը։

Ճանապարհային վճարն առավել տեսանելի կլինի այն ներպետական բեռնափոխադրողների ու նրանց պատվիրատուների համար, որոնք առավել հաճախակի են բեռնափոխադրումներ իրականացնում։ Այստեղ խոսքն առաջին հերթին հանքարդյունաբերության ոլորտում գործող տնտեսվարողների մասին է։

Աղաջանյանի հաշվարկներով՝ մեկ մեքենան դեպի, օրինակ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ մեկ ամսում կատարում է 10 երթ։ Երևանից մոտ 400 կմ գնում է և այդքան էլ վերադառնում։ Ամսական կտրվածքով դա կազմում է 8 հազար կմ ճանապարհ։ Այդ ճանապարհների համար վճարը առաջարկվող 50 դրամով կկազմի 400 հազար դրամ։ Այսինքն՝ բեռնափոխադրող ընկերությունն ամեն ամիս այդքան գումար է վճարելու ճանապարհների համար։ Տարեկան կտրվածքով դա կկազմի 4.8 մլն դրամ։

«Սրան պետք է գնահատական տալ՝ խելամի՞տ դրույքաչափ է, թե՞ չէ, կամ կա՞ն արդյոք եվրոպական երկրներում նման իրավիճակներ, թե՞ չէ։ Սրանք փաստեր են, որոնց հետ պետք է հաշվի նստել»,- նշում է «Ապավենի» գործադիր տնօրենը։ 

Ճանապարհային վճարների բեռը, ըստ նրա, շղթայաբար փոխանցվելու է արտադրողներին՝ բեռնափոխադրումներ պատվիրողներին։ Եթե բեռնափոխադրողը մեկ մեքենայի հաշվարկով տարեկան մոտ 5 մլն դրամ հատկացնելու է ճանապարհային վճարներին, ապա վերջինս թանկացնելու է իր ծառայությունը։ Իսկ այդ բարձր գինը վճարելու են նույն արտադրողները՝ պատվիրատուները։

Այլ պատկեր է միջազգային բեռնափոխադրողների պարագայում։ Առաջարկվող 50 դրամը էական բեռ չի լինելու, քանի որ նրանք ամիսը մեկ անգամ կգան, կվճարեն որոշակի գումար ու կգնան։ Նրանք ներպետական փոխադրողների նման շատ չեն անցնելու Հայաստանի ճանապարհներով։ «Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե գումարն է դառնում, այլ՝ ճանապարհից օգտվելու քանակը։ Բայց մյուս կողմից էլ ես դեմ եմ ներպետական և միջազգային բեռնափոխադրողների համար տարբեր դրույքաչափեր սահմանելուն։ Դա կլինի խտրական վերաբերմունք»,- նշում է Գագիկ Աղաջանյանը։

ՏԿԵ նախարարություն. «Բեռնափոխադրողների համար ֆինանսական բեռ չի լինի»

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը վստահեցնում է, որ ճանապարհային վճարները զգալի ֆինանսական բեռ չեն լինելու բեռնափոխադրողների համար։

«Հարևան բոլոր երկրներում այս փորձn արդեն երկար տարիներ կիրառվում է. գանձվում են ճանապարհային վճարի տարբեր տեսակներ կամ հարկեր։ Այն ոչ խտրական կիրառվում է նաև իրենց ներքին փոխադրումների վրա։ Նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում, մենք ունենք ասոցացման ճանապարհային քարտեզ, և դրանցից մեկը վերաբերում է ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգ ստեղծելուն»,-«Հետքի» հետ զրույցում նշեց Արման Կարապետյանը։

Այժմ «Հարկային օրենսգիրքը» սահմանում է, որ այլ երկրում գրանցված տրանսպորային միջոցները Հայաստան մուտք գործելիս վճարում են ճանապարհային հարկ։ Սակայն Հայաստանը ունի երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր, որով որոշ երկրներ ազատված են այդ հարկ վճարելու պարտավորությունից, փոխադարձաբար Հայաստանն էլ այդ երկրներում։ Այնուամենայնիվ այդ երկրներն այլ մոտեցում են ներդրել. հարկի փոխարեն սահմանել են ճանապարհի ծածկույթին պատճառված վնասի փոխհատուցում։ «Այս անվան տակ մենք արդեն երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Բելառուսում ճանապարհներից օգտվելու համար վճարում ենք այդ վճարները։ Սակայն Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի բեռանափոխադրող վարորդները Հայաստանի ճանապարհներից օգտվում են անվճար»,- ասում է Արմեն Կարապետյանը։

Այժմ Հայաստանի ճանապարհներից օգտվելու համար տեղական բեռնափոխադրումների համար վճար նախատեսված չէ, որը, ըստ Արման Կարապետյանի, հաճախ միջազգային մարմինների կողմից գնահատվում է խտրական մոտեցում այլ երկրների փոխադրողների նկատմամբ։ Այդ իսկ պատճառով այս նախագծով որոշվել է նաև Հայաստանի ներսում 12 և ավելի տոննա ավտոմեքենաներով փոխադրումներ իրականացնելու համար ճանապարհային վճար նախատեսել։

«Մինչ 2018 թվական մեր փոխադրողները, այսինքն՝ Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցները վճարել են ճանապարհի վճար, այնուհետև «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարվեց, փոխվեց դրույքաչափերը, ապա զրոյացվեց»,- ասում է Արման Կարապետյանը։

Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետի գնահատմամբ՝ անգամ առավելագույն 50 դրամը 1 կմ-ի համար զգալի գումար չէ բեռնափոխադրում՝ հատկապես միջպետական բեռնափոխադրումներ իրականացնողների համար։ Այն փոքր-ինչ ազդեցություն կունենա ներքին բեռնափոխադրում իրականացնողների վրա, որոնք ազատված են ճանապարհից օգտվելու վճարից, սակայն պետք է հաշվի առնել, որ նրանք, իրենց գործունեությամբ վնասում են ճանապարհային ծածկույթը։

Արման Կարապետյանը սակայն չի թաքցնում, որ ճանապարհային վճարի կիրառումն ազդեցություն կունենա բեռնափոխադրումների արժեքի վրա։

Ի դեպ՝ Արման Կարապետյանը չկարողացավ նշել, թե նախարարության հաշվարկներով ճանապարհային նոր վճարի գործելու պարագայում որքան գումար կմտնի պետական բյուջե։ Ըստ նրա՝ այժմ թվեր հնչեցնելը նպատակահարմար չէ, քանի որ առաջարկվող 50 դրամ դրույքաչափը հաստատված չէ և քննարկումների արդյունքում դեռևս կարող է փոփոխվել։

Հարցին՝ հնարավո՞ր է ոչ թե մեկ ընդհանուր դրույքաչափ սահմանվի, այլ՝ սանդղակներով, Արման Կարապետյանը նշեց, որ այդ տարբերակը ևս չի բացառվում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գնահատել է նաև ճանապարհային վճարի դրական կողմերը։ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանի փոխանցմամբ՝ ճանապարհային այդ վճարները օգտագործվելու են միայն ճանապարհների ընթացիկ պահպանման և վերանորոգման համար։ Այն նաև ազդեցություն պետք է ունենա տարանցիկ բեռնափոխադրումների վրա։

Արման Կարապետյանն ասում է՝ գաղտնիք չէ, որ տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ վճարները ամենաբարձրն են, իսկ այս նախագծով մի քանի անգամ կնվազի տարանցիկ բեռնափոխադրողների համար նախատեսված վճարները՝ խթանելով տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտը։ Այժմ տարանցիկ փոխադրումների վճարի չափը կախված է բեռի քաշից։

Որպես օրինակ նշում է՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարն այժմ 125 հազար դրամ պետք է վճարի, իսկ այս օրենքի ընդունվելու դեպքում կվճարի 25 հազար դրամ՝ Հայաստանի մի ծայրից մյուսը հասնելու համար։

Ինչպես է վերահսկվելու մեքենայի անցած ճանապարհը

Ներքին բեռնափոխադրումների գործընթացը հսկելու է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Ներդրվելու է էլեկտրոնային համակարգ, որն ունենալու է տեսանկարահանող և կշռող համակարգեր։ Այդ սարքավորումները հաշվելու են մեքենայի անցած ճանապարհը: Եթե լինեն խախտումներ, տեսչական մարմինը կստանա ազդանշան, և աշխատակիցը բեռնափոխադրողի նկատմամբ կկազմի վարչական պատասխանատվության ակտ։

Նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ համակարգը հաջողությամբ կիրառվում է շատ երկրներում։

Ճանապարհի վճարը հնարավոր կլինի վճարել մինչ երթի դուրս գալը, կամ մեքենայում լրացուցիչ սարքավորում կտեղադրվի, որը կչափի մեքենայի անցած ճանապարհը՝ գումարը հետագայում գանձելով։

Մեկ այլ նախագծով էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է, որ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդները հանձնեն նախնական մասնագիտական որակավորման տեսական քննություն և ստանան մասնագիտական որակավորման վկայագիր (ՄՈՎ): Այս նախագիծը ևս, ըստ մասնագետների, խնդրահարույց դրույթներ է պարունակում, որոնց կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածում։

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter