HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սկանդալ՝ նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի ապագա թանգարան-ցուցասրահի շուրջ

Սեպտեմբերի 8-ին կայացած Գյումրու ավագանու նիստին ներկայացված 40 հարցերից մեկը վերաբերում էր «ԿԱԼԳ» երիտասարդական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելուն: Նիստի ժամանակ, «ԿԱԼԳ»-ի ղեկավար Գայանե Կարապետյանը հայտնեց, որ ծրագրել են Գյումրիում ունենալ վայր, որտեղ կցուցադրվեն ծնունդով գյումրեցի, 1980թ.-ին ԱՄՆ տեղափոխված, ճանաչված արվեստագետ, նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի գործերը:

Ավագանին որոշեց այդ նպատակի համար տրամադրել Ջիվանու 50 հասցեում գտնվող շինությունը, որտեղ մի քանի տարի, մինչեւ քաղաքապետարանի նոր շենք տեղափոխվելը, պահվում էին Կումայրի արգելոց-թանգարանին պատկանող ցուցանմուշները: 130 քմ տարածքը գտնվում է բավական անմխիթար վիճակում, եւ այն թանգարանի վերածելու համար կազմակերպությունը խոստացել է կատարել ներդրում: 

Ավագանու նիստի լուսաբանումից հետո, լրատվամիջոցներում հայտնվեցին նյութեր, որտեղ Էմիլ Գազազը հայտարարում է, որ 15 տարի է՝ իր միակ ու պաշտոնական ներկայացուցիչն աշխարհում կինն է՝ Մանե Հայրյան-Գազազը: Վերջինս նաեւ «Գազազ գալերիի» տնօրենն է: Էմիլ Գազազը նաեւ նշել էր, թե լավ չի ճանաչում իր անունից հանդես եկող Գայանե Կարապետյանին, եւ նրան չի լիազորել զբաղվել իր աշխատանքների ցուցադրությամբ: Արվեստագետը նաև հայտարարել է, որ բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում Գյումրի կժամանի Մանե Հայրյան-Գազազը:

«ԿԱԼԳ» ՀԿ-ի ղեկավար Գայանե Կարապետյանը դիմել է «Հետք»-ին, սկանդալի վերածված այս պատմության վերաբերյալ մանրամասներ հաղորդելու նպատակով:

«Նախ սկսեմ նրանից, որ Էմիլ Գազազը ճանաչում է ինձ՝ լավն ու վատը թողնենք մի կողմ: Ես աշխատել եմ երաժշտական դպրոցում իր մամայի հետ, իր ծնողների տունը մեր թաղում էր ու բացառապես ժխտել, որ մենք ծանոթներ չենք, իբրեւ հազիվ է ինձ տեղը բերում՝ անիմաստ է,- ասում է Գայանե Կարապետյանը,- կան լուսանկարներ, տեսանյութեր, նամակագրություն, որոնք փաստում են ե՛ւ ծանոթության, ե՛ւ լավ ճանաչելու, ե՛ւ Հայաստանում որոշակի գործունեություն ծավալելու նպատակով ինձ լիազորված անձ ճանաչելու վերաբերյալ: Էմիլի կինը՝ Մանեն, «ԿԱԼԳ» ՀԿ-ն որակել է թյուրիմացություն, ու էլի մի քանի վիրավորական արտահայտություններ են եղել, որի համար մենք տիկնոջ հետ կհանդիպենք ամերիկյան դատարանում, քանի որ մեր կազմակերպությունը գրանցված է նաեւ Ամերիկայում: ԱՄՆ-ն Հայաստանը չէ, որտեղ լրատվամիջոցներով, ֆեյսբուքներով ինչ ուզեն, ասեն ու պատասխան չստանան»:

Գայանե Կարապետյանը պնդում է, որ Հայաստանում Էմիլ Գազազի ստեղծագործությունների ցուցահանդեսի կազմակերպմանն ուղղված աշխատանքները սկսվել են մեկ ու կես տարի առաջ:

«Ինքս անձամբ եմ առաջարկել կազմակերպել Էմիլ Գազազի գործերի ցուցադրությունը Հայաստանում: Ինչպես նաեւ դիմել քաղաքային իշխանություններին եւ ունենալ Գազազի գործերի ցուցադրության մշտական վայր Գյումրիում: Էմիլը, որ էսքան տարի չի եղել Հայաստանում, ինքը տեղափոխվել է Լոս Անջելես 1980թ.-ին, ինչքան հիշում եմ՝ 1983թ.-ին մեկ անգամ եկել է, որ մորը տեսնի ու այլեւս չի եկել, պնդեց, որ մեծ ցուցադրություն կազմակերպվի Երեւանի պետական պատկերասրահում, հետո նոր գործերը տեղափոխվեն ծննդավայր,- պատմում է Գայանե Կարապետյանը,- ըստ նախնական պայմանավորվածության՝ այցը պետք է կայանար անցած տարի սեպտեմբերին, սակայն վերջին պահին պարզվեց, որ Գազազը չունի անձնագիր եւ չի կարող դուրս գալ երկրից, բացի դրանից՝ լուծված չեն ստեղծագործությունների տեղափոխման, ապահովագրության եւ այլ հարցեր»:

Գայանե Կարապետյանը պատմեց, որ Երեւանում Էմիլ Գազազի ստեղծագործությունների ցուցադրություն Մանե Հայրյան-Գազազը կազմակերպել է 2009թ.-ին: Նրան օգնել է Գոռ Վարդանյանը, ում մոտ հետագայում մնացել է արվեստագետի 41 ստեղծագործություն՝ յուղաներկ կտավներ եւ երկու արձան:

«Հիմա, բավական ընդմիջումից հետո, հնարավորություն կա եւս մեկ անգամ մեծարելու Էմիլ Գազազին սեփական հայրենիքում, սակայն Մանեի հայտարարությունների շնորհիվ մեկ տարի առաջ սկսված կազմակերպչական, բանակցային աշխատանքները վերածվում են շիլաշփոթի,- նշում է զրուցակիցս,- ես 2019թ.-ի նոյեմբերից մինչեւ մայիս ամիսը գտնվել եմ ԱՄՆ-ում: Մայիսի 13-ին՝ կրտսեր Գազազի համերգի օրը, Մանեն բոլորի ներկայությամբ հայտարարեց հետեւյալը. «Այստեղ նստած է աշխարհահռչակ նկարիչ Էմիլ Գազազը եւ նրա նորաստեղծ թանգարանի տնօրեն Գայանե Կարապետյանը»: Անգամ ես անակնկալի եկա նման հայտարարությունից: Կա տեսագրություն, որտեղ այդ արտահայտությունը լսվում է, մարդիկ կարող են տեսնել, որ մի շարքում նստած ենք ես, Էմիլ Գազազը եւ Մանեի մայրը, ու այդքանից հետո հայտարարում են, թե ոմն Գայանե Կարապետյան հանդես է գալիս իրենց անունից»:

Գայանեն ասում է, որ հայաստանյան մեծ ցուցահանդեսի համար Մանեն  ցանկանում էր Հայաստան տեղափոխել 120 գործ՝ 40 յուղաներկ, 40 գծանկար, 40 քանդակ: Երեւանի պատկերասրահից պահանջել են ապահովել տեղափոխման ծախսերը, կազմակերպել գործերի ապահովագրությունը եւ այլն: «Մանեի եւ պետական պատկերասրահի միջեւ կապող օղակը ես եմ եղել, կան նամակագրություններ, որոնք հաստատում են դա: Ինձ մոտ է գտնվում նաեւ էն 41 գործը, որ Մանեի խնդրանքով վերցրել եմ Գոռ Վարդանյանից ու մեկ ու կես տարի է՝ տարածքի, պահպանության, ապահովագրության վարձ եմ մուծում: Այսինքն՝ այս ամենը չէր կարող անել ինքնակոչ մեկը, եթե լիազորված չլիներ իրենց կողմից»,- պնդում է Գայանե Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Գյումրու ավագանու հատկացրած տարածքին, ապա Գայանե Կարապետյանի փոխանցմամբ, այն տրվելու է անհատույց, 20 տարի ժամկետով, պայմանով, որ պետք է վերանորոգվի եւ կարգի բերվի կազմակերպության միջոցներով: 

«Ես չգիտեմ, թե ինչու է աղմկում Մանե Հայրյանը, քանի որ համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը տրվելու է ոչ թե ինձ, այլ կազմակերպությանը եւ ոչ սեփականության իրավունքով: Մանե Հայրյանը բոլոր անկյուններում գոռում է «Գազազ գալերիի» մասին, բայց այդ գալերին իրականում գոյություն չունի՝ սահմանափակվում է իր խոհանոցի սահմաններում,- ասում է Գայանե Կարապետյանը:- Էմիլ Գազազը սեփական ոչինչ չունի՝ բացի իր մեքենայից եւ ստեղծագործություններից, անգամ էն տարածքը, որն օգտագործվում է որպես արվեստանոց, իրենը չէ, այլ ամերիկաբնակ բժիշկ Ավո Դավթյանի սեփականությունն է: Հիմա շանս կա Գյումրիում ունենալ Էմիլ Գազազի գործերի ցուցասրահ, քաղաքն ընդառաջ է գնացել, ինչու՞ են ձգտում փչացնել ամեն ինչ: Էմիլը հայտարարել է, որ կինը գալիս է սեպտեմբերի 25-ին եւ բոլոր հարցերին կտա սպառիչ պատասխան: Սպասում եմ»:

Գայանե Կարապետյանը նշեց, որ ապագա ցուցասրահը բացվելու է Էմիլ Գազազի 50 այլ գործով եւ չի վերաբերելու 11 տարի առաջ Հայաստան տեղափոխած 41 ստեղծագործությանը: Նաեւ պնդեց, որ պայմանագիր ունի անձի հետ, ում անունն առայժմ չի ուզում հրապարակել, այդ գործերի ցուցադրության համար:

ՀԳ- «Հետք»-ը պատրաստ է լսել նաեւ թնջուկային այս պատմության մյուս կողմին:

Գլխավոր լուսանկարում «ԿԱԼԳ» ՀԿ-ի ղեկավար Գայանե Կարապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter