
Պատգամավորներն առաջարկում են փոխել ՊՈԱԿ-ների ղեկավարների ընտրության մրցույթի պայմանները
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Հերիքնազ Տիգրանյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկում են փոփոխություններ Պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) գործադիր մարմնի ղեկավարի ընտրության ընթացակարգում:
Նախագիծը խորհրդարանում քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանի խոսքով` այժմ բազմաթիվ բացեր կան ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության գործող կարգում: Ըստ համահեղինակի` այս փոփոխությունները հաստատելուց հետո Կառավարությունը ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ղեկավարների ընտրության մրցույթի նոր կարգ է սահմանելու:
Գործող ընթացակարգով` ՊՈԱԿ-ի ղեկավարի ընտրության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթությամբ անձինք, պատգամավորներն առաջարկում են պարտադիր պայման ավելացնել նաև երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը:
Պատգամավորներն առաջարկում են նաև ՊՈԱԿ-ի տնօրենի համար անցկացվող մրցույթում չթույլատրել նախկինում դատապարտված անձանց մասնակցությունը: Պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե որն է նման սահմանափակման պատճառը, ինչու դատվածությունը մարած պատգամավոր կամ վարչապետ կարող է լինել, իսկ դպրոցի տնօրեն` ոչ: Վարազդատ Կարապետյանն արձագանքեց` այդ հարցը շատ են քննարկել, սակայն ինքն այն կարծիքին է, որ կան որոշ հանցագործություններ, ինչպես` կոռուպցիոն հանցագործությունները, որոնք նույնիսկ մարելու դեպքում անձը չպիտի որևէ պաշտոն զբաղեցնի:
Այսքանով հարցի քննարկումն ընդհատվեց և կշարունակվի վաղը` սեպտեմբերի 17-ին:
Լուսանկարում՝ Վարազդատ Կարապետյանը
Մեկնաբանել