HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է կատարված բարեփոխումներից, իր հրաժարականի պահանջից, ուսումնական գործընթացի մեկնարկից

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ կատարված բարեփոխումներին, իր հրաժարականի պահանջին, ուսումնական գործընթացի մեկնարկին։

Ըստ նախարարի՝ հիմնական բարեփոխումները տեղի են ունենում հանրակրթության ոլորտում, օրինակ՝ անցած տարվանից մեկնարկած հանրակրթական պետական չափորոշիչները դրված է հանրային քննարկման։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջին անգամ է, որ չափորոշիչները բաց քննարկման են դրված, եւ որի արդյունքում ստացվել է 2000 առաջարկ, մասնակցել է մոտ 6000 ուսուցիչ։ Մյուս բարեփոխումը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունումն է, ինչպես նաեւ «Հանրակրթության մասին օրենքում» տեղի ունեցած փոփոխությունները։ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը եւս կարեւորներից է, այս ամսվա վերջին այն կուղարկվի ԱԺ»,- հավելեց նախարարը։

Ուսումնական հիմնարկների ֆինանսավորման կարգի վերաբերյալ նշեց, որ կատարվել են փոփոխություններ՝ դպրոցներում ֆինանսական հավասարություն ապահովելու համար, ինչպես նաեւ մշակվում է ուսուցիչներին հեռավոր գյուղերում աշխատանքի ընդունելու հարցը։

Ըստ նախարարի՝ կարեւոր ձեռբքերում է առաջին դասարանցիների՝ առցանց ընդունելության համակարգի ներդրումը, որն ամբողջ Հանրապետությունով մեկ առաջին անգամ գործածվել է այս տարի, մինչեւ այդ համակարգը գործածվել է միայն Երեւանի դպրոցների համար։

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ դպրոցաշինության եւ մանկապարտեզների շինարարության աշխատանքներին, ինչպես նաեւ խոսեց հեռավար ուսուցման համակարգի ներդրման մասին։ Ըստ նրա՝ նոր նախաձեռնությունների եւ կապիտալ ծախսերի վրա այս տարի ներդրվելու է մոտ 9 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարի մինչեւ 20 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվելու։

Իր հրաժարականի վերաբերյալ նախարարն ասաց, որ առաջիկայում կանդրադառնա հարցին, այն հարցապնդմամբ կներկայացվի ԱԺ-ում։

Պաշտոնավարման հետագա հարցի վերաբերյալ նախարարը նշեց, որ եթե հրաժարականի հիմքեր լինեին, ինքը դիմում կգրեր, իսկ բողոքները կապեց կատարված բարեփոխումների հետ։

ԿԳՄՍ նախարարը պնդեց՝ իրականացված բարեփոխումների արդյունքում լինելու է քննադատող-վերլուծող սերունդ, որն այդ շրջանակներին չի ծառայելու, եւ կեղծ արժեքների անվան տակ պայքարող խմբերը զրկվելու են հասարակության աջակցությունից։ Բողոքող խմբերի հետ հանդիպման վերաբերյալ ասաց, որ եթե խմբերն ունեն օրակարգ, ապա հանդիպում է նրանց հետ, լսում դժգոհությունները, առաջարկները, իսկ եթե խմբերը դնում են ծայրահեղ կետեր, օրինակ՝ նախարարի հրաժարակի հարցը, ապա հանդիպում տեղի չի ունենում, քանի որ նախարարության օրակարգը նորություններ բերելն է։

Ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ չեն կարող ասել՝ 100 % պահպանվում են ուղեցույցի կանոնները, սակայն հիմնական մասը կատարվում է։ Նախարարը նշեց, որ մեծ հույս ունեն՝ գործընթացը շարունակական կլինի, եւ ստիպված չեն լինի դադարեցնել այն՝ նորից անցում կատարելով հեռավար կրթության։

Իսկ որոշակի առողջական խնդիրների պատճառով դպրոց չհաճախող աշակերտների վերաբերյալ ասաց, որ նրանց թիվը մոտ 2500 է, վերջիններս ուսումը կշարունակեն հեռավար եղանակով եւ այդպես կապահովվի երեխաների կրթության անընդհատելիության իրավունքը։

Ուսուցիչների թեստավորման վերաբերյալ Հարությունյանն ասաց, որ այն կանխարգելիչ նշանակություն ունի, նպատակն է վիրուսի ներթափանցումը նվազագույնի հասցնել, սակայն չի նշանակում, որ թեստավորումից հետո ուսուցիչը չի կարող վարակվել։

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter