
ԱԺ-ն քննարկեց Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու՝ «Լուսավոր Հայաստանի» հարցապնդումը
Խորհրդարանի հերթական նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած հարցապնդումն ուղղված Կառավարությանը, որով ընդդիմադիր խմբակցությունն անվստահություն է հայտնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Նիստերի դահլիճում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղադրել են «Քա՛յլ արա, դուխով հեռացի՛ր» գրությամբ Արայիկ Հարությունյանի լուսանկարով պաստառ: Տեղեկացնենք, որ ԱԺ նիստին զուգահեռ մի շարք քաղաքացիներ խորհրդարանի դիմաց ակցիա էին իրականացնում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ասաց, որ վերջինս ղեկավարում է մի նախարություն, որը պատասխանատու է այն հարցի համար, թե վաղվա ինչպիսի հանրություն ու քաղաքացի է ուզում ունենալ պետությունը:
«Մենք ուզում ենք ունենալ իրենց ազատությունները, իրավունքներն ու պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի: Հենց էս ձևակերպումն է, որ որոշ շրջանակների խանգարում է, եթե նման քաղաքացիներ ունենանք, այլևս այդ շրջանակները հանրության մեջ աջակցություն չեն ունենալու»,-արձագանքեց Արայիկ Հարությունյանը:
Գորգիսյանը հակադարձեց` դպրոցներում վախի մթնոլորտ է տիրում, ուսուցիչները բողոքում են, բայց ցանկանում են մնալ անանուն: Արայիկ Հարությունյանը կոչ արեց հետևել իր ֆեյսբուքյան էջում ուսուցիչների կատարած մեկնաբանություններին:
«Երբեք ուսուցիչն այսքան ազատ չի եղել, որքան հիմա է»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Խոսելով դասագրքերի մասին՝ նախարարը հայտնեց, որ 2022-2023 թվականներին դասագրքերի ամբողջական փոփոխություն է նախատեսվում, դասագրքերիամբողջ ֆոնդը փոխվելու է` այժմ մշակվող կրթական չափորոշիչների հիման վրա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց տարրական դասարաններում դիմակ կրելու արդյունավետությունից: Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ դիմակների վերաբերյալ նախարարության մշակած ուղեցույցում բոլոր կարգավորումները համաձայնեցված են Առողջապահության նախարարության հետ: Արայիկ Հարությունյանը վստահեցրեց` նախարարությունը չի ցանկանում դպրոցների վերաբացման հետ կապված ունենալ մի իրավիճակ, որ լինի կորոնավիրուսի երկրորդ ալիք, ու փակվեն դպրոցները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ անդրադարձավ գյուղական համայնքներում դասավանդման պրոցեսին` հիշեցնելով, որ ուսուցիչները ճանապարհածախսի համար գումար են ստանում, սակայն այժմ եթե դասավանդվող առարկան կես դրույքից պակաս է, չեն ստանում գումար: Գրիգորյանը որպես օրինակ բերեց ֆիզիկայի ուսուցչի, որը երկու դպրոցում դասավանդում է, և այն չի համարվում կես դրույք, այդ դեպքում չի ստանում ճանապարհածախս, և չի ցանկանա գնալ երկու գյուղ` դասավանդելու:
Նախարարն արձագանքեց` գործող Կառավարությունը ուսուցիչների ճանապարհածախսի գումարը ավելացրել է երեք անգամ` դարձնելով 300 միլիոն դրամ: Հարությունյանը նաև հավելեց, որ առաջիկայում այդ կարգը փոխվելու է, և այդ հարցը ևս կլուծվի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով Արայիկ Հարությունյանին, ասաց, որ վերջինս հավակնեց դառնալ սուպերնախարար և միևնույն ժամանակ տապալեց կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտը: Ըստ պատգամավորի` ոլորտային քաղաքականություն մշակելու փոխարեն նախարարը պատերազմ էր հայտարարել «Այբ» դպրոցին և պարտվել այդ պատերազմում, հրապարակային ծաղրել մանկավարժների կարողությունները, իսկ բուհերի ու դպրոցների կառավարման ՀՀԿ-ական խորհուրդները փոխարինել է ՔՊ-ական խորհուրդներով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ` Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, քանի որ իր ղեկավարած ոլորտի ամբողջ ռեֆորմները տապալված են, համակարգը` ճահճացած: Պատգամավորը կոչ արեց նախարարին հրաժարականի դիմում ներկայացնել, ապա ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ԿԳՄՍ նախարարի հետագա պաշոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն ևս միանում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքով էլ` այս հարցապնդումը պատմության մեջ կմնա մի հարցապնդում, որտեղ այդպես էլ հարցեր չհնչեցին:
Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը քվեարկության կներկայացվի վաղն առավոտյան:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել