HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարիսա Ալավերդյան. «Դատարաններում կաշառակերությունը դատավորների համար թույլատրված է և պաշտպանվում է օրենքով»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը Ազգային ժողովի մարտի 20-ի նիստում

Հարգելի հայրենակիցներ,

ՀՀ իշխանությունները 20 տարուց ավելի է, խոսում են կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, այնինչ կոռուպցիան վարչականից վերաճել է քաղաքականի: Սա է պատճառը, որ «ժառանգություն» խմբակցությունը գրեթե հինգ տարի հնչեցնում է ոչ թե իշխանափոխություն, այլ համակարգային փոփոխություն իրականացնելու անհրաժեշտությունը, որի ամենակարևոր օղակը դատաիրավական համակարգն է:

Այնինչ ՀՀ դատարաններում կաշառակերությունը դատավորների համար թույլատրված է և պաշտպանվում է օրենքով, չնայած տարիներ շարունակ հնարավոր բոլոր ամբիոններից անընդհատ լսում ենք, թե իշխանությունը իրականացնում է դատաիրավական բարեփոխումներ՝ ընդդեմ կաշառակերության և կոռուպցիայի:

Հայտնի է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածը դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը պատժվում է կամ տուգանքով, կամ ազատազրկմամբ (կախված կատարված արարքի ծանրությունից) մինչև յոթ տարի ժամկետով:

Այնինչ, ՀՀ Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, վերը նշված արարքների համար դատավորի նկատմամբ քրեական գործ չի հարուցվում, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկված չէ: ՀՀ Դատական օրենսգիրքը ազատում է դատավորներին նույն արարքի համար նախատեսված որևէ պատժից, եթե բոլոր երեք ատյանի դատարաններն էլ կայացրել են ակնհայտ անարդար դատական ակտեր:

Սա արդարադատության հասցեին ուղղակի ծաղր է: Այսինքն օրենքը թույլ է տալիս բոլոր երեք ատյանի դատարանների դատավորներին նույն գործով կաշառք վերցնել, կայացնել ակնհայտ անարդար վճիռ քաղաքացիական գործերով, դատավճիռ քրեական գործերով կամ այլ դատական ակտ' պատասխանատվության չենթարկվելով և անպատիժ ձևով խախտելով երկրի յուրաքանչյուր քաղաքացու արդար դատավարության իրավունքը:

Փաստորեն, Դատական օրենսգրքի վերը նշված նորմը իշխանություններին թույլ է տալիս դատավորներին մղել կազմակերպված հանցավոր խմբի անդամներ դառնալուն, կաշառք ստանալուն, անպատիժ ձևով շահադիտական նպատակներով ակնհայտ անարդար դատավճիռներ կայացնելուն ու ոչ մի պատասխանատվություն չկրելուն:

Հենց այսպես է, որ Հայաստանում իշխանությունները ոչ թե պայքարում են, այլ զարգացնում են կոռուպցիան: Համակարգային փոփոխությունն է, որ իրավական պետություն կայանցնելու ճանապարհին կբերի անմիջական արդյունքների:

Մեկնաբանություններ (1)

Լևոն Թոքմաջյան
Իմ համոզմամբ կաշառքի փաստը ապացուցելու հնարավորությունը զուտ տեսական է, գործնականում անհնար: Այ, ոչ մի դատ. կամ նյութական նորմի շրջանակներում չտեղավորվող ապօրինի վճիռներ ու որոշումներ ինչքան ասես: Դրանք պատրաստի մեղադրականներ են: Պատժեք դրա համար եթե այս պետությունը արժանապատվություն ունի: Դրդապատճառները շահադիտական, թե այլ (պրոֆ-նիգոդնոստ, անիրավունակ կամ անմեղսունակ) արդյունքի հասնելու համար մեծ կարևորություն չունի: Միայն եթե մեր դատավորները մասայական անիրավունակ ու անմեղսունակ են մեջը շահ չունեն, ապա այս դեպքում օրինքի ու սահմանադրության երաշխավոր նախագահ Ս Սարգսյանը պիտի պատասխան տա: Կարծեմ՝ Չերչիլ ա ասել. «իշխանության դիմաց վճարում են պատասխանատվությամբ»---ոչ թե խոստումներով ու փողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter