HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ծիրանի ծառ» կինոփառատոնի մեկնարկը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կայացավ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի վեցերորդ միջազգային փառատոնի բացման արարողությունը։

Փառատոնը, որը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և շարունակվելու է մինչև ամսի 20-ը, ընդգրկում է 15 վավերագրական ֆիլմեր 13 երկրներից՝ Հայաստանից, Ավստրալիայից, Ճապոնիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Նիդերլանդներից, Իրանից և այլ երկրներից։ Ֆիլմերը կցուցադրվեն ամեն օր՝ երեկոյան 7 անց կեսից բաց երկնքի տակ։

Բացման շրջանակներում ուջանցիներն ու գյուղի հյուրերը դիտեցին դրվագներ ապրիլին կյանքից հեռացած հայտնի ուջանցի և Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանի հարցազրույցներից, վայելեցին Ուջանի երիտասարդական երգչախմբի և «Կարոտ» երիտասարդական պարային համույթի մի շարք կատարումները։ Այնուհետև հանդիսատեսը լսեց համաճարակի պատճառով Հայաստան ժամանել չկարողացած մի շարք ռեժիսորների վիդեոուղերձները, ում ֆիլմերը ներառված են «Ծիրանի ծառի» ծրագրում։

Բացման օրը ցուցադրեցին իրանցի ռեժիսոր, կինոփառատոնի մրցանակակիր Շահրամ Բադախշան Մեհրի կարճամետրաժ վիդեկոլաժն իր 2017 թվի այցի մասին։

Փառատոնի համակարգող Արթուր Վարդիկյանը նշում է․

«Ուջանյան պատմություն» ֆիլմը պիտի մոտ 2 ժամ լինի, բայց կորոնավիրուսի պատճառով Շահրամը չի հասցրել մոնտաժը վերջացնել, դրա համար կարճամետրաժ տարբերակը ցուցադրեցինք։ Մոտակա ամիսներին ֆիլմը պատրաստ կլինի, ու կկարողանանք Ուջանում ցուցադրել»։

Բացումը եզրափակեց Դարիա Լիտվիչենկոյի ու Մհեր Համբարձումյանի «Օդակայան» էստոնական կարճամետրաժը։ Վարդիկյանը մեկնաբանում է․

«Ֆիլմում Տալլինի օդանավակայանն է՝ կորոնավիրուսային տրամադրությունների մեջ։ Մտածեցինք՝ վերջում ճիշտ կլինի այս կորոնավիրուսային տարին մի ձև հիշատակել»։ 

Սեպտեմբերի 15-ին ցուցադրեցին երիտասարդ հայ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի «Ով է այս պապը» կամ «Էլի կգաս, պապ» ֆիլմը՝ ռեժիսորի պապ Հարություն Խաչատրյանի դիմանկարը, որն ունեցել է հինգ կին և ունի տասնվեց մասնագիտություն։

Իշխանյանը նշում է․

«Սերունդների անջրպետը կամրջելու միջոց էր։ Մեր սերունդը ձեռք է բերել ազատություններ, ու այդ ազատությունների միջոցով այնպիսի դիրք է ընդունել, որ արհամարհվում են կամ կոպտորեն դատապարտվում են նախորդ սերունդները։ Մարդիկ պիտակավորվում են, լինում է, որ հրեշացվում են իրենց ժամանակաշրջանում ունեցած մտածողության համար։ Արդյունքում, որևէ վերլուծություն ու ընկալում չի լինում թե՛ նրանց ժամանակաշրջանի մասին, թե՛ այդ ժամանակաշրջանում ձևավորված մարդու»։

Փառատոնի հիմնադիր-տնօրեն Գարեգին Զաքոյանը (աջից)

Յուրի Պիվովարովի «Գաղափարախոսության քարտուղարը» ֆիլմը պատմում էր Մոսկվայում ապրող 16-ամյա կոմերիտական Իվան Կամենդանտովի մասին, որը, կարծես, դեռ ապրում է ԽՍՀՄ-ական շրջանում:

Դու՛ք էլ երեկոյան կամրջե՛ք Երևանն Ուջանից զատող 36 կիլոմետրը և դիտե՛ք չեխական «Մարող գյուղ», նիդերլանդական «Հոտի հերոսը», ավստրալական «Ցավը իմ» և այլ ֆիլմեր բաց երկնքի տակ Ազատամարտիկների հուշահամալիրում։ Ֆիլմերի ողջ ցանկը կարող եք գտնել այստեղ։

Տեքստը՝ Նարե Նավասարդյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter