HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները միջնորդեցին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Արսեն Երևանսկի» անունով հայտնի Արսեն Մկրտչյանին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, նման խմբավորման մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հոդվածներով առաջին գործը դատարանում է։

Ամբաստանյալի աթոռին են «Արսեն Երևանսկի» անունով հայտնի Արսեն Մկրտչյանը, վերջինիս մտերիմ Ռուսլան Թադևոսյանը,  «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանն  ու ևս 9 անձ։ Առաջին երեք անձինք կալանքի տակ են, մյուսներն՝ ազատության մեջ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, սեպեմբերի 16-ին տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում քննության առարկա էր կալանքի տակ գտնվող ամբաստանյալների խափանման միջոցը վերահաստատելու, վերացնելու կամ փոփոխելու հարցը։

Արսեն Մկրտչյանը դատարան չէր բերվել։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից գրություն էր ստացվել այն մասին, որ վերջինիս, առողջական վիճակով պայմանավորված, չի կարող մասնակցել նիստին։

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Մկրտչյանը 1999 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Կնդո Մայիս» մականվամբ Մայիս Մկրտչյանի կողմից «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»  քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2020 թվականի փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով  պահպանել այդ կարգավիճակը՝ ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում։

Քրեական օրենսգրքի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակին առնչվող  հոդվածներն ուժի մեջ են մտել 2020 թվականի փետրվարի 22-ից, այդ պատճառով է Արսեն Մկրտչյանի մեղադրանքում հիշատակվում այդ ամսաթիվը։

Նկատենք՝ թեև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ» տերմինը և դրան առնվող հոդվածները միայն 2020 թվականին են հայտնվել Քրեական օրենսգրքում՝ վարույթն իրականացնող մարմիննը գործով  այդպիսի «կոչում է տվել» նաև տարիներ առաջ մահացած «Դեդ Հասան» անունով հայտնի Ասլան Ուսոյանին և «Կնդո Մայիս» անունով հայտնի Մայիս Մկրտչյանին։

Ըստ Արսեն Մկրտչյանի մեղադրանքի՝ վերջինս քրեական ենթամշակութ կրող խմբավորում ստեղծելով՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես` իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր հարցերին առնչվող վեճերը, խնդիրները լուծելու և անօրինական օգուտ ստանալու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձին քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով այդ անձի վերաբերյալ տեղեկություններ պարզելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տվել է հանձնարարություններ։ Վերջիններս Մկրտչյանի հանձնարարությունները ստանալով և կատարելով՝ մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Արսեն Երևանսկու մեղադրանքում «քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը» բացատրվում է որպես  քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը «հանցագործություն կատարելն է կամ  հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը»։

Արմեն Մելքոնյանին՝ Բասարկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով հեղինակության և ունենալով «քրեական հեղինակություն» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնյա հիեարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ՝ 2020 թվականի փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով պահպանել «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, մասնավոր հարցերին առնչվող վեճերը իր անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու եղանակով մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման:

Ռուսլան Թադևոսյանն ու ևս 6 անձ, ըստ մեղադրանքի, ներգրավված է եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման գործընթացին։ Գործով մեղադրյալներից երեքը՝ Արկադի Ղուկասյանը, Սամվել Քոչարյանը և Ջանիկ Սիմոնյանն, ըստ մեղադրանքի, դիմել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կոչում ունեցող անձին։

Դատախազը պնդեց, որ ամբաստանյալները պետք է մնան կալանավորված

Դատարանն այսօր կալանքի տակ գտնվող Արսեն Մկրտչյանի, Արմեն Մելքոնյանի և Ռուսլան Թադևոսյանի խափանման միջոցների հարցը միասին քննեց։ Դատախազ Գրիգոր Ամիրյանը դիրքորոշում հայտնեց, որ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է, և պետք է թողնվի անփոփոխ։ Ըստ դատախազի՝ ամբաստանյալների մեղադրանքի հիմքում հեռախոսային խոսակցություններ կան, որոնց բովանդակությունից ակնհայտ է, որ նրանք առնչություն ունեն իրենց վերագրվող արարքներին։

Գործի դրվագներից մեկն, օրինակ, ըստ դատախազի, վերաբերում է «Սևան ազգային պարկում» անտառահատում կատարելու ինչ-որ գործընթացի, որին միջամտել է Արմեն Մելքոնյանը։ Այս պահին դատախազը մանրամասներ չհայտնեց։ Մյուս դրվագը կապված է գումարի վերադարձնելու հարցին միջամտելու հետ։ Ըստ գործի նյութերի՝ Արկադի Ղուկասյանը գումար վերադարձնելու հետ կապված հարցով Ռուսլան Թադևոսյանի միջոցով դիմել է Արսեն Մկրտչյանին։

Բացի հեռախոսային խոսակցություններից, ըստ դատախազի, գործում առկա են նաև ցուցմունքներ, որոնց վկայում են, որ ամբաստանյալները կատարել են իրենց վերագրվող արարքները։

Անդրադառնալով ամբաստանյալներից Ռուսլան Թադևոսյանի խափանման միջոցի հարցին՝ դատախազը հիշեցրեց, որ նա Ռուսաստանի քաղաքացի է և կարող է օրինակ ինչ-որ ճանապարհով հայտնվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, այսինքն, փաստացի՝ ՌԴ տարածքում։ Դատախազի խոսքով՝ որևէ պետություն իր քաղաքացուն չի հանձնում այլ պետության։ Սա, ըստ Ամիրյանի, չի նշանակում, որ եթե անձն օտարերկրացի է, ուրեմն պիտի կալանավորել, բայց հաշվի առնելով գործի հանգամանքները՝ Ռուսլան Թադևոսյանի թաքնվելու ռիսկը ռեալ է։ Բացի այդ՝  մեղադրանքի կողմը համարում է, որ Թադևոսյանը կարող է նաև խոչընդոտել գործի քննությանը։

Արմեն Մելքոնյանի մասին խոսելիս դատախազը նշեց, որ նա նախկինում դատապարտվել է սպանություն կատարելու համար և դեռևս դատվածությունը չմարած՝ առերևույթ նոր հանցանք է կատարել, որը խոսում է Մելքոնյանի՝ հանցանք կատարելու հակվածության մասին։

Ինչ վերաբերում է Արսեն Մկրտչյանի կալանքի հարցին, ըստ դատախազի, միայն այն հանգամանքը, որ Մկրտչյանը «օրենքով գող» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է,  բավական է՝ պնդելու համար, որ ազատության մեջ գտնվելով ՝ նա կարող է ազդել գործով վկաների վրա, խոչընդոտել գործի քննությանը:

Արսեն Մկրտչյանն առողջական խնդիրներ ունի։ Անդրադառնալով այդ հանգամանքին՝ դատախազը նշեց, որ գործի նախաքննության փուլում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու՝ արդյոք Մկրտչյանն ունի՞ պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդություն, իսկ նրա մոտ այդպիսի հիվանդություն չի ախտորոշվել։ Այժմ կրկնակի փորձաքննություն է նշանակված, որի պատասխանը դեռևս չի ստացվել։

Ի՞նչ անել, որպեսզի պարզ լինի՝ անձը հրաժարվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալուց

Արմեն Մելքոնյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պնդեց, որ Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ենթակա է վերացմանմ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ իր պաշտպանյալը կատարել է իրեն վերագրվող արարքը։

Պաշտպանը համոզմունք հայտնեց,  քրեական գործի նյութերով և քրեական դատավարության ընթացակարգերի շրջանակներում հնարավոր չէ դատողություններ անել՝ «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» և «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում» հասկացությունների վերաբերյալ։ Գործի նյութերում առկա չէ որևէ անձի՝  որևէ մշակույթի կրող լինելու վերաբերյալ փաստաթուղթ, տվյալ, գործում բացակայում է նաև սահմանված և ճանաչված վարքագծի որևէ կանոն։

Ըստ պաշտպանի, եթե նույնիսկ պատկերացնենք, որ կա ինչ-որ խմբավորում, որը սահմանել ու ճանաչել է վարքագծի ինչ-որ կանոններ, ապա դրանք պետք է լինել գործի նյութերում, որպեսզի հնարավոր լինի համեմատել ու պարզել՝ դրանք համապատասխանում ե՞ն պետության կողմից սահմանված կանոններին, թե՞ ոչ։

Գործում Արմեն Մելքոնյանը բնութագրվում է «Սևան ՔՀԿ-ում նախկին զոն նայող՝ Բասար մականվամբ»։ Լիպարիտ Սիմոնյանի խոսքով՝ գործում առկա չէ որևէ տվյալ, բացատրություն այն մասին, թե ինչ է «զոն նայողը» կամ ինչ փաստական տվյալների հիման վրա է որոշվել որ Մելքոնյանը «զոն նայող է»։

Արդեն 4 տարուց ավելի է՝ Արմեն Մելքոնյանն ազատության մեջ է։ Գործում առկա է Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի տված տեղեկանքն այն մասին, որ Մելքոնյանը զբաղվում է անասանապահությամբ, հողագործությամբ և այգեգործությամբ։ Ըստ Լիպարիտ Սիմոնյանի՝ աշխատանք ունեցող անձի նպատակը չի կարող լինել հանցագործություն կատարելը, նման արարք կատարելուն հովանավորելը և այլն։

Նշենք, որ քրեական գործում մեղադրյալների՝ կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատելու համար հղում է կատարված primecrime.ru  կայքին, որտեղ, այսպես ասած «քրեական աշխարհի» վերաբերյալ տեղություններ են տեղադրվում։ Լիպարիտ Սիմոնյանը դիրքորոշում հայտնեց, որ լրատվական մասնավոր կայքի նյութը չի կարող որպես ապացույց դիտարկվել՝ անձին այս կամ այն կերպ բնութագրելու համար։

Ինչպես արդեն վերը նշել ենք, քրեական ենթամշակույթի վերաբերյալ հոդվածներն ուժի մեջ են մտել 2020 թվականի փետրվարից։ Սիմոնյանը հարց բարձրացրեց՝ իր պաշտպանյալն ի՞նչ գործողություններ պետք է աներ, որպեսզի պարզ լիներ, որ հրաժարվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալուց։

«Պետք է ինչ-որ պատի վրա գրե՞ր, որ հրաժարվել է»,-  ասաց Լիպարիտ Սիմոնյանն ու դիրքորոշում հայտնեց, որ վերը նշված հանգամանքները խոսում են այն մասին, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը իրավական որոշակիության սկզբունքին չի համապաատսխանում, հետևաբար չի կարող հանդիսանալ օրենք։

Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել, իսկ մերժելու դեպքում խափանման միջոց ընտրել գրավ և չհեռանալու մասին ստորագրություն։

Ամբաստանյալ Մելքոնյանը կարճ ելույթ ունեցավ։

«Ինձ համար մինչև հիմա հասկանալի չէ՝ ես ի՞նչ եմ արել, որ պիտի չանեի կամ ի՞նչ պիտի անեի, որ չեմ արել»,- դիրքորոշում հայտնելիս մի քանի անգամ այս արտահայտությունը կրկնեց Արմեն Մելքոնյանը։

Արսեն Մկրտչյանի պաշտպանները միջնորդեցին նրան 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել

Արսեն Մկրտչյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը նշեց, որ հետագա դատական նիստերի ընթացքում բարձրացնելու են իրենց պաշտպանյալներին վերագրվող հոդվածների սահմանադրականության հարցի մասին։ Էլբականի խոսքով՝ իր պաշտպանյալին ևս պարզ չէ իրեն առաջադրված մեղադրանքը։ Պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց հարցով դատական նիստերի ընթացքում մեղադրող կողմն ընդհուպ խոսել է՝ «իտալական մաֆիայից», մեջբերումներ արել «Կնքահայրը» ֆիլմից։

Էլբակյանը նաև դիտակեց, որ եթե իսկապես իր պաշտպանյալն «օրենքով գող» է, ապա պիտի չաշխատեր, մինչդեռ Արսեն Մկրտչյանն աշխատել է, վերապատրաստումների գնացել։

Պաշտպանն առավել շատ անդրադարձավ Արսեն Մկրտչյանի առողջական վիճակին․ ըստ նրա՝ դա այս պահին առաջնային է։

«Դատապարտյալների հիվանդանոցում» պահվող Մկրտչյանի վիճակն, ըստ պաշտպանի, երեկ վատացել է, նրա համար շտապօգնություն է հրավիրվել։ Երեկ սկսվել է Արսեն Մկրտչյանի առողջական վիճակը ստուգելու հարցով լրացուցիչ փորձաքննությունը, որը հավանաբար մեկ ամիս կտևի։ Վարդուհի Էլբակյանի խոսքով՝ նրան մեծ դժվարությամբ, սայլակով են ներկայացրել բժիշկներին։ Պաշտպանը նշեց, որ Մկրտչյանը մահացու հիվանդությամբ է տառապում, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում, այս պահին սրտի վիրահատության կարիք ունի, սակայն անգամ վիրահատությունը հնարավոր չէ կատարել՝  առողջական ծանր վիճակի պատճառով։

Պաշտպանը նաև նշեց, որ Մկրտչյանն իր խնամքին մանկահասակ երեխա ունի, որը ծնվել է մեկ շաբաթ առաջ ու միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կամ այն փոխարինել գրավով կամ էլ խափանման միջոցով։ Որպես գրավի չափ Էլբակյանը նշեց 10 մլն դրամը կամ այլ ողջամիտ գումար, որը կսահմանի դատարանը։

Մկրտչյանի պաշտպաներից Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի անտեսումն այժմ բերել է մի վիճակի, որ նա այսօր սայլակով է տեղաշարժվում, իսկ ապրելու հավանականությունը բժիշկները 40%  են գնահատում։ Այսօր, ըստ պաշտպանի՝ Արսեն Մկրտչյանն անընդմեջ խնամակալի, օգնականի կարիք ունի։

Ռուսլան Թադևոսյանի պաշտպան Վազգեն Թադևոսյանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց

Ըստ  Թադևոսյանի պաշտպանի՝ գործի նախաքննության ընթացքում Ռուսլան Թադևոսյանի իրավունքների, ազատությունների այնպիսի ոտնահարումներ են տեղի ունեցել, որոնք հնարավոր չէ դատաքննությամբ վերացնել։

2020 թվականի մայիսին Ռուսլան Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գործով ամբաստանյալ Արկադի Ղուկասյանը նրա միջոցով դիմել է Արսեն Մկրտչյանին՝ գումարային վեճ լուծելու հարցով։ Պաշտպանի խոսքով՝ իրենք ամիսներ շարունակ բարձրացրել են այն հարցը, որ Թադևոսյանի մեղադրանքում հստակեցված չէ՝ երբ է կատարվել ենթադրյալ հանցագործությունը։

Եթե, օրինակ, Թադևոսյանի մեղադրանքում նկարագրված արարքը կատարվել է փետրվարի 20-ին, ապա դա հանցագործություն չէ, քանի որ օրենքն ուժի մեջ մտած չի եղել։ Ըստ պաշտպանի՝ վարույթն իրականացնող մարմինն այս հարցի պատասխանը չկարողանալով հստակեցնել՝ 2020 թվականի օգոստոսի 27-ին ստիպված է եղել հրաժարվել մեղադրանքի այդ դրվագից և նախաքննության ավարտ հայտարարելուց ընդամենը մի քանի օր առաջ Ռուսլան Թադևոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Ըստ Վազգեն Թադևոսյանի՝ թեև Ռուսլան Թադևոսյանի մեղադրանքի հոդվածը չի փոխվել՝ փոխվել է դրա բովանդակությունը․ նա այժմ մեղադրվում է այն բանում, որ ընդունելով Արսեն Մկրտչյանի՝ օրենքով գողի կարգավիճակը՝ վերջինիս և Արկադի Ղուկասյանի հետ  հանդիպման է գնացել, որտեղ Արկադի Ղուկասյանը Թադևոսյանի ներկայությամ 500  հազար դրամ գումար է վճարել Մկրտչյանին՝ որպես իր գումարը վերադարձնելու դիմաց նրա մասնաբաժին։

Ըստ Վազգեն Թադևոսյանի՝ իր պաշտպանյալին նոր մեղադրանք առաջադրելուց հետո  քննիչն իրեն տրամադրել է գործի 12 հատոր նյութերն ու ընդամենը մեկ օր՝ դրանց ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար։ Նման կարճ ժամկետ տրամադրելու վերաբերյալ պաշտպանի առարկություններն ապարդյուն են անցել, բայց, այնուամենայիվ, մեկօրյա ժամկետում հասցրել է որոշ չափով գործի նյութերին ծանոթանալ ու միջնորդություն ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Պաշտպանը քննիչին զգուշացրել է, որ փոստային առաքմամբ միջնորդություն է ուղարկել և նշել, որ գործն առայժմ  չուղարկի Դատախազություն, սակայն քննիչը գործն ուղարկել է։ Սեպտեմբերի 12-ին Վազգեն Թադևոսյանը քննիչից գրավոր պատասխան է ստացել այն մասին, որ իր միջնորդությունները կարող է ներկայացնել Դատախազություն, սակայն այդ օրվա դրությամբ արդեն գործը դատախազությունից ուղարկված է եղել դատարան։

Այսինքն՝ ըստ Թադևոսյանի՝ խախտվել է իր պաշտպանյալի՝ պաշտպանության նախապատրաստության իրավունքը, և այդ խախտումն այս փուլում այլևս հնարավոր չէ վերացնել։

Այսպիսով՝ պաշտպանը միջնորդեց դադարեցնել Ռուսլան Թադրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը իսկ այդ միջնորդությունը մերժելու դեպքում՝ նրա նկատմամբ գրավ կամ այլ խափանման միջոց ընտրել։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Մկրտչյանի, Թադևոսյանի և Մելքոնյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter