
Կոտայքի մարզի մի շարք համայնքների ոռոգման մեխանիկական համակարգերը կփոխարինվեն ինքնահոսով
Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքներում ոռոգման մեխանիկական համակարգը կփոխարինվի ինքնահոս համակարգերով, ինչի արդյունքում կտնտեսվի էլեկտրաէներգիա և ջուրն առավել հասանելի կդառնա գյուղացիներին: Որոշումն ընդունվեց Կառավարության սեպտեմբերի 17-ի հերթական նիստում:
Գեղարդալճի ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014 թվականին «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից և 2015-2018 թվականներին իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի մասը: Գողթ համայնքի բնակիչների բողոքների պատճառով չի կառուցվել նախագծով նախատեսված 26.2 կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925 կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչ կառուցվածքը: Չավարտված աշխատանքների կազմում ներառվել է նաև գլխամասի ջրընդունիչ կառուցվածքի վերակառուցման նախագիծը:
Ծրագրային ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել այդ հատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց նախագծանախահաշվային փաստաթղթերն և փորձաքննությունը արդեն պատրաստ են։
Սույն որոշման նախագծով պահանջվող գումարը կվերաբաշխվի 2020 թվականի պետական բյուջեի «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված գումարներից:
Մեկնաբանել