
Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 բնակիչներին կառավարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի՝ 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կառավարությունը կհատկացնի 182 մլն դրամ:
Սեպտեմբերի 17-ին ընդունված կառավարության որոշման համաձայն շահառուներին վկայագրերի տրամադրման գործընթացն իրականացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի խոսքով՝ շենքի մնացած հատվածը հուսալի է, իսկ 5-րդ մուտքն էլ կապամոնտաժվի:
Սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ մահվան դեպքում սույն որոշմամբ նրան հասանելիք աջակցություն ստանալու իրավունքը վերապահվում է մահացածի ժառանգությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունած ժառանգին՝ ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն իրեն անցած բաժնեմասին հավասար:
Վկայագրերը տրամադրվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շահառուների կողմից քսանօրյա ժամկետում, իսկ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մահացած` N40 բնակարանի սեփականատիրոջ ժառանգների և N43 բնակարանի համասեփականատիրոջ ժառանգների ու բնակարանի մնացած համասեփականատերերի կողմից՝ ժառանգության վկայագիրը ստանալուց հետո, բայց ոչ ուշ՝ քան 2021 թվականի հունվարի 15-ը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացված դիմումի հիման վրա:
Վկայագրի և դրա միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և շահառուների միջև օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա, որում ամրագրվում են հետևյալ պարտադիր պայմանները՝
- աջակցության տրամադրումը հիմք է հանդիսանում շենքում շահառուներին սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով պատկանող գույքի՝ բնակարանի և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի բաժնեմասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու համար.
- աջակցության միջոցով բնակարանի ձեռքբերման (առուվաճառքի) պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են աջակցություն ստացող շահառուների միջոցների հաշվին.
- շահառուն պարտավորվում է սույն որոշման համաձայն աջակցություն ստանալուց հետո քանդված բնակարանի դիմաց պահանջ չներկայացնել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
Տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում շահառուներին շենքում սեփականության իրավունքով պատկանող բնակարանի ընդհանուր մակերեսը և կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2020 թվականի հուլիս ամսվա ընթացքում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 6-րդ գոտում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետրի ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները (333 հազ. դրամ):
Վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է շահառուի տրամադրության տակ (շահառուն այն տնօրինում է իր հայեցողությամբ), իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է շահառուի սեփական միջոցների հաշվին:
Շահառուն վկայագրի միջոցով տրամադրվող աջակցության միջոցով բնակարան ձեռք բերելիս կարող է ներգրավել հիփոթեքային վարկի միջոցներ, որի պարագայում վկայագրում նշված աջակցությունը դիտարկվում է որպես կանխավճար:
Մեկնաբանել