HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի պոլիկլինիկաները նոր բուժսարքավորումներ են ստացել

Երևանի ավագանին 2020թ. բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 200 միլիոն դրամ է հատկացրել բուժհաստատություններին: Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է պոլիկլինիկաներում իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը այցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Ես շատ եմ կարևորում առաջնային օղակի ընդհանուր ծառայությունը, սա կարևորագույն բաղադրիչ է ընդհանուր բուժական համակարգի, պետության տեսակետից: Մենք պետք է կանխարգելենք հիվանդությունները, չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացին գնա, հասնի հիվանդանոց: Կար հանձնարարական իմ կողմից՝ պոլիկլինիկաների բժիշկների, մեր բուժվարչության միջոցով գնահատել, թե առաջնային ինչ տեխնիկական վերազինման կարիք ունենք: Եվ մենք արդեն 2019-2020 թվականներին սկսել ենք վերազինել պոլիկլինիկաները: Տեսականին բավականին մեծ է, բուժսարքավորումները շատ որակով են, ինչը փաստեցին հենց մեր բժիշկները: Արդյունքը զգացվում է, ավելի ճիշտ՝ ախտորոշումն արվում է և ավելի նպատակային»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա ընթացքում պոլիկլինիկաներին 10 տեսակի 325 բուժսարքավորում է հատկացրել, իսկ արդեն այս տարի 11 տեսակի 134 բուժսարքավորում կհատկացվի: Գործընթացն ավարտական փուլում է:

«Գտել ենք այն խոցելի կետերը, որտեղ այդ ամեն ինչի կարիքը եղել է և՛ կանանց կոնսուլտացիայի առումով, և՛ ակնաբուժական, և՛ ռենտգենը, որը մեզ մեծագույն օգնություն էր COVID-ի շրջանում՝ դիմակայելու համավարակը: Մեր նպատակն է հասնել այն կետին, որ թե՛ մասնավոր, թե՛ համայնքային հիմնարկների միջև տարբերություն չլինի բուժսարքավորումների և որակյալ ծառայությունների առումով, ինչն ավելի մատչելի է համայնքապատկան հիմնարկներում»,-ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:  

«Սա շարունակական ծրագիր է լինելու. մյուս տարվա բյուջեն կազմելիս պետք է հաշվի առնենք այս սարքավորումների առկայությունը, տեսնենք, թե որտեղ ինչ արդյունք են տվել դրանք, դրանցով համալրենք այլ պոլիկլինիկաներ, իսկ որտեղ արդեն կան՝ մտածենք, թե ինչ նոր սարքավորումներ է հարկավոր ձեռք բերել»,- ընդգծել է քաղաքապետը:    

Առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր մնում է շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ՝ այս տարի արդեն ավարտվել է «Շտապբուժօգնություն» ընկերության երեք ենթակայանների վերանորոգման ծրագիրը: Առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումներն ըստ առաջնահերթության կշարունակվեն նաև 2021թ.: Նախատեսվում է նաև 5 պոլիկլինիկայի վերանորոգում: Նախագծանախահաշվային փաթեթների մրցույթն արդեն  կայացել է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter