HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրախորհրդարանը ընդունել է Մինսկի դեմ պատժամիջոցների կիրառման կոչով բանաձև

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 17-ին ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել բանաձևի, որը կոչ է անում Եվրոպական միության կառույցներին խիստ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։

Բանաձևի օգտին քվեարկել է 574 եվրախորհրդարանական, դեմ՝ 37, իսկ ձեռնպահ  քվեարկած խորհրդականների թիվը 82 է։ Այսպիսով, Եվրախորհրդարանը միացավ Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանն այն մասին, որ 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները կեղծվել են։ Ելնելով դրանից՝ «Եվրախորհրդարանը չի ճանաչի Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ այն բանից հետո, երբ Լուկաշենկոյի ներկայիս պաշտոնավարման ժամկետը կլրանա»։ Բանաձևում նշվում է, որ Լուկաշենկոյի նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է 2020 թվականի նոյեմբերի 5-ին։

Ընդորում, Եվրախորհրդարանը Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային չի անվանել «երկրի ընտրված նախագահ», ինչպես դա անում են որոշ քաղաքական գործիչներ։ Սակայն բանաձևի տեքստում նշվում է, որ բազմաթիվ բելառուսներ Սվետլանա Տիխանովսկայային համարում են նախագահական ընտրությունների հաղթող և Բելառուսի ընտրված նախագահ։

Բանաձևը «ողջունում է Համակարգող խորհրդին որպես ժողովրդի ժամանակավոր ներկայացուցիչ, որը Բելառուսում պահանջում է ժողովրդավարական փոփոխությունների իրականացում»։ Եվրախորհրդարանում նշել են, որ Համակարգող խորհրդի ստեղծումը նպատակամիտված է նոր ընտրությունների կազմակերպմանը։ 

Եվրախորհրդարանը կոչ է արել առանց հապաղման պատժամիջոցներ կիրառել Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ընտրությունների կեղծման և բռնաճնշումների համար։ Ինչպես հայտնի է, ԵՄ Խորհուրդը պատրաստում է պատժամիջոցների փաթեթ, որտեղ արդեն իսկ ներառված է 30 ազգանուն։ Եվրախորհրդարանը կոչ է արել ընդլայնել այդ անձանց շրջանակը։ Բացի այդ, եվրախորհրդարանականները կոչ են անում ցուցակում ներառել ոչ միայն բարձրաստիճան, այլև միջին օղակի պաշտոնյաներին, բոլոր այն ձեռնարկատերերին, որոնք աջակցում են վարչակարգին կամ գործադուլերի մասնակցության համար աշխատանքից ազատել են իրենց աշխատակիցներին։

Ի հավելումն դրա, բանաձևով ԵՄ Խորհրդին առաջարկվում է դիտարկել պատժամիջոցների ցուցակում ՌԴ որոշ քաղաքացիների ներառումը, որոնք ուղղակիորեն մասնակցում են Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմի աջակցությանը։ Եվրախորհրդարանականները նաև կոչ են արել Եվրահանձնաժողովին սառեցնել Բելառուսի Հանրապետության կառավարությանը հատկացվող միջոցները։ Խոսքը գնում է նաև Մինսկին Եվրոպական ներդրումային բանկից և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից հատկացվող վարկերի տրամադրման դադարեցման մասին։

Միևնույն ժամանակ բանաձևը կոչ է անում մեծացնել ֆինանսական աջակցությունը Բելառուսի քաղաքացիական հասարակությանը։ Ընդ որում, Եվրախորհրդարանը կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել հումանիտար միջանց Բելառուսի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք քաղաքական հալածանքների պատճառով ստիպված են լքել Բելառուսը։ 

Հիշեցնենք, որ Բելառուսում արդեն մի քանի շաբաթ է չեն դադարում բողոքի ցույցերը և գործադուլները, որոնք սկսվել են նախագահական ընտրություններից հետո։ ԿԸՀ տվյալներով՝ ձայների 80,1 %-ով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 26 տարի կառավարում է երկիրը։ Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան չի ճանաչել ընտրությունների արդյունքները։ Ընտրություններից անմիջապես հետո Բելառուսում փաստացի արգելափակվել էր համացանցը, իսկ ուժայինները շարունակում են բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ։

Մերձբալթյան երկրները օգոստոսի 31-ին Լուկաշենկոյին հայտարարել են պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ)։ Դրանով Մերձբալթյան երկրներ մուտքի արգելքը կտարածվի ոչ միայն Լուկաշենկոյի, այլև նրա ավագ որդու՝ Վիկտորի, աշխատակազմի որոշ ներկայացուցիչների, ԿԸՀ-ի, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների որոշ աշխատակիցների, դատախազության, քննչական կոմիտեի, Բելառուսի պետական անվտանգության ծառայության և այլ գերատեսչությունների մի շարք աշխատակիցների վրա։

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter