HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հասիդները ուկրաինա-բելառուսական նոր լարման պատճառ. Իսրայելն իր քաղաքացիներին խնդրում է վերադառնալ հայրենիք

Ուկրաինայի և Բելառուսի պետական սահմանին շարունակվում է հազարավոր հասիդների մասնակցությամբ ճգնաժամը, որոնք արդեն մի քանի օր է չեն կարողանում հատել Ուկրաինայի սահմանը։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Չնայած Ուկրաինան հայտարարել է, որ չի թույլատրի հասիդների մուտքը երկիր, հոգևոր հրեաները չեն պատրաստվում հեռանալ։

Սեպտեմբերի 17-ին Իսրայելի բարձրագույն կրթության և ջրային ռեսուրսների նախարար Զեև Էլկինը հասիդներին կոչ է արել վերադառնալ հայրենիք և հրեական նոր տարին՝ Ռոշ Հաշանան, դիմավորել Իսրայելում՝ պահպանելով կարանտինային բոլոր սահմանափակումները։

Հասիդները ցանկանում են Ռոշ Հաշանան դիմավորել Ուկրաինայի Ուման քաղաքում, որտեղ գտնվում է ռաբբի Նահմանի գերեզմանը։ Այս ավանդույթն առկա է արդեն մի քանի տասնամյակ։ Սակայն այս տարի, կորոնավիրուսի համավարակի պատճառով, Ուկրաինան խիստ սահմանափակումներ է կիրառում երկիր արտասահմանցիների այցելության հարցում, ինչպես նաև զանգվածային միջոցառումների անցկացման գործընթացում, այդ թվում նաև կրոնական։

Իսրայելի և Ուկրաինայի իշխանությունները պայմանավորվել են կանխել ուխտագնացությունը դեպի շիրիմ, սակայն այդ հանգամանքը չի կանգնեցրել ամենամոլի ուխտագնացներին և նրանք փորձել են Ուկրաինա մտնել Բելառուսի տարածքով։ Հասիդական որոշ ընտանիքներ արդեն երեք շաբաթ է փաստացի գտնվում են սահմանային անցակետերի մոտ՝ բաց երկնքի տակ։ Իր ուղերձում Էլկինը նաև նշում է, որ որոշ հասիդներ փորձում են հատել ուկրաինա-մոլդովական սահմանը։

Նախօրեին Կիևն ու Մինսկը փոխանակվել են կտրուկ հայտարարություններով։ Կողմերը ճգնաժամի պատասխանատվությունը բարդում են մեկը մյուսի վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը դիմել է Բելառուսի իշխանություններին՝ խնդրելով չտարածել կեղծ տեղեկություններ այն մասին, որ ուկրաինա-բելառուսական սահմանը բաց է։ Իր հերթին Բելառուսի ԱԳՆ-ն Կիևին կոչ է արել հարթել ճգնաժամը։

Ավելի վաղ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դիմել էր Բելառուսին` խնդրելով  թույլ չտալ Ուկրաինայի սահմանակետերին մոտենալ բոլոր այն կատեգորիաների անձանց, որոնք չեն մտնում Ուկրաինայի կառավարության կողմից սահմանված բացառությունների ցանկի մեջ։ Սեպտեմբերի 17-ի տվյալներով՝ սեպտեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում «Նովայա Գուտա» անցակետի մաքսավորները ելքի թույլտվություն են տվել Իսրայելի 1216 քաղաքացիների, որոնցից 84-ը մինչև 12 տարեկան երեխաներ են, 253-ը՝ 12-18 տարեկան դեռահասներ։ 

Սեպտեմբերի 15-ին Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը ուկրաինական կողմին կոչ էր արել մտածել կանաչ միջանցքի ստեղծման մասին։ Ընդ որում, նա նշել էր, որ Բելառուսը պատրաստ է ուխտագնացներին ապահովել տրանսպորտով։ Մինսկը Կիևին կոչ էր արել հարգել հավատացյալների իրավունքները։ 

«Լսեք, հերիք է զբաղվեք խնդրի խորացմամբ։ Կա հարց և այն պետք է և հնարավոր է լուծել։ Ավելին կա 1000 մարդ, որոնք ստիպված են գիշերել բաց երկնքի տալ։ Դա անմարդկային է։ Եվ հիմա կարևորը դա է, այլ ոչ թե դեմագոգիան և ուկրաինական իշխանությունների փորձերը պատասխանատվությունը դնել մյուս կողմի վրա»,- հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Անատոլի Գլազը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ պաշտոնական Կիևը չի բացառում այն հանգամանքը, որ բելառուսական կողմը մտածված քաոսային իրավիճակ է ստեղծում Ուկրաինայի հետ սահմանին։ «Ստիպված ենք նաև արձանագրել, որ Բելառուսի փաստացի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից անձնական վիրավորանքն այսօր տարածվում է, ցավոք, նաև միջպետական հարաբերությունների հարթությունում։ Ուկրաինան, հիշեցնենք, չեզոք դիրքորոշում է որդեգրել Բելառուսի քաղաքական ճգնաժամի հարցում, որն առաջացել է այս տարվա օգոստոսի 9-ին՝ Բելառուսում կասկածելի արդյունքներով նախագահական ընտրություններից հետո»,- նշվում է Կիևի պաշտոնական հայտարարության մեջ։

Ուկրաինա-բելառուսական հարաբերությունների լարումը ձգվում է արդեն մեկ ամսից ավելին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է Բելառուսում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները, իսկ Լուկաշենկոն Ուկրաինային մեղադրել է սադրիչների պատրաստման մեջ։

Սեպտեմբերի 15-ի առավոտյան Բելառուսի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ սահմանին գտնվում է մոտ 700 մարդ, սակայն ավելի ուշ հավելել, որ հսկիչ անցագրային կետին է մոտեցել ևս մի քանի մարդ։ Նշվում է, որ ոմանք փորձում են սահմանը հատել՝ շրջանցելով սահմանային անցակետերը։ Ուխտագնացներից մեկը, որը փորձել է սահմանն անցնել ճահճի միջով, հինգ տարի մուտքի արգելքով արտաքսվել է Ուկրաինայից։

Սահմանի մոտ նկատվում է հավելյալ ուժերի կուտակում, որը միտված է հանրային կարգի պահպանմանը։ Սահմանապահներին օգնում են Ազգային գվարդիան և ոստիկանությունը։ Ծառայությանը ներգրավվել է նաև ռազմական ավիացիան։ Սահմանին առկա իրավիճակը հսկվում է անօդաչուների կողմից։

Լուսանկարը՝ EPA / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter