HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ապամոնտաժման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքի ճակատագիրն անհայտ է

Կրկին բնակեցված 4-րդ կարգի վթարային շենքի ճակատագիրն անհայտ է

Գաջեգործների 40 հասցեի բնակելի շենքի արտաքին պատի որոշ հատվածներում մի քանի մետր երկարությամբ ճաքեր են գոյացել, քարերն իրարից առանձնացել են։ 4-րդ կարգի վթարային այս շենքում ապրում է մոտ 40 ընտանիք։ Նրանցից շատերն այնտեղ բնակություն են հաստատել վերջին 11 տարիների ընթացքում։

Կառավարությունը, հաշվի առնելով շենքի 4-րդ աստիճանի վթարայնությունը, 2008 թվականի մայիսին այնտեղ բնակվողներին փոխհատուցում տվեց՝ նրանց վերաբնակեցնելով այլ վայրերում։

Սակայն որոշ բնակիչներ չհեռացան շենքից, իսկ ովքեր հեռացան, ամիսներ անց այլ քաղաքացիներ տեղափոխվեցին նրանց բնակարաններ, բնակություն հաստատեցին։ Նրանք ընդունում են, որ ապօրինի կերպով են այդ տարածքները զբաղեցրել, սակայն վստահեցնում՝ այլ ելք չեն ունեցել։ Հիմա էլ քաղաքային իշխանությունից պահանջներ չունեն, միայն խնդրանքներ են։ 

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանն այս իրավիճակը նաև քաղաքային իշխանության անփույթ վերաբերմունքի հետևանք է համարում։ Ասում է՝ երբ բնակիչներին փոխհատուցում տրամադրեցին, պետք է արագ շենքն ապամոնտաժեին, որպեսզի կրկին չբնակեցվեր։

Շենքի սեյսմակայունությունն ապահովելու համար տարիներ առաջ բնակիչները դիմել են քաղաքապետարան և վարչական շրջանի աշխատակազմ՝ խնդրելով թույլատրել իրենց միջոցներով ամրացնել շենքը, սակայն նրանց հայտնել են, որ շենքը ենթակա է ապամոնտաժման։

«Մեր տան պատին շենքի արտաքին պատի ճաքն է։ Ամենափոքր ցնցումն անգամ զգում եմ։ Ժամանակի ընթացքում պարկետներն էլ են իրարից հեռացել»,- ասում է Եվգենիա Կարապետյանը՝ ցույց տալով հատակին առաջացած ճեղքերը։

Եվգենիան բնակվում է շենքի առաջին մուտքի հինգերորդ հարկում՝ ամուսնու և անչափահաս դստեր հետ։ Հենց այս մուտքն է առավել վտանգավոր ու վնասված վիճակում։

Նրանք քաղաքապետարանից միայն խնդրում են շենքի տանիքը վերանորոգել, որովհետև անձրևաջրերը լցվում են տուն, և պատերն ամբողջությամբ ջրից ուռել են։

Նախորդ ամիս Եվգենիայի և նրա հարևան Լուսինեի ընտանիքը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով նամակ են գրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ուղարկել բնակարանի և շենքի լուսանկարները։ Քաղաքապետից դեռևս պատասխան չեն ստացել։

Եվգենիայի հարևան Լուսինե Սիմոնյանը 3 անչափահաս երեխաների և ամուսնու հետ Գաջեգործների 40 շենք է տեղափոխվել 2012 թվականին։

«Ընտանիքով վարձով էինք բնակվում, բայց այնպես ստացվեց, որ արդեն չէինք կարողանում վարձը վճարել և ստիպված տեղափոխվեցինք։ Տարիների ընթացքում քիչ-քիչ վերանորոգեցինք տունը, որ երեխաների համար գոնե նվազագույն սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովենք»,- ասում է Լուսինե Սիմոնյանը։

Լուսինեն պատմում է, որ ցանկացած տատանման ժամանակ շենքը ցնցվում է, ճաքերն ավելանում․ «Բայց ի՞նչ անենք, բնակության այլ տեղ չունենք։ Մենք համաձայն ենք մեր միջոցներով շենքի ամրացումն անել, բայց չեն թույլատրում»,- ասում է նա։

Գաջեգործների 40 հասցեի շենքի բնակիչները չունեն իրենց բնակարանների սեփականության վկայականները, միայն հաշվառված են այնտեղ։ Փաստացի այդ բնակարանները նրանց չեն պատկանում, բայց բնակիչներից ոմանք արդեն կապիտալ վերանորոգել են բնակարանները։

2009-ին, երբ բնակիչները նոր էին տեղափոխվել շենք, քաղաքապետարանը ոստիկանության միջոցով մի քանի անգամ փորձել է նրանց հեռացնել շենքից: Բայց ինչպես պատմում է շենք առաջինը տեղափոխվածներից Սուսաննա Գևորգյանը՝ իրենք դիմում-նամակ են կազմել և ստորագրել, որ իրենց կյանքը վտանգելու պատասխանատվությունը իրենց վրա է, քանի որ այլ տեղ տեղափոխվելու ֆինանսական միջոցներ չունեն:

Ինչ ճակատագիր կունենա Գաջեգործների 40 հասցեի շենքը

Երևանի քաղաքապետարանը ոչ քանդելու է շենքը, ոչ էլ թույլատրելու է այն ամրացնել։ Քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ Գաջեգործների 40 հասցեի շենքի քանդման կամ ամրացման ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունում առկա չէ: Իսկ 2008 թվականին՝ բնակիչների վերաբնակեցումից հետո, շենքը քաղաքապետարանի վթարային շենքերի հաշվեկշռից հանվել է:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը ևս իրավիճակի կարգավորման միանշանակ լուծում չի տեսնում՝ ընդգծելով, որ հասկանում է մարդիկ բնակության այլ տեղ չեն ունեցել, բայց պետությունն էլ կրկին փոխհատուցում տրամադրելու ֆինանսական միջոցներ չունի։ Արման Աբրահամյանը չի կարծում, որ շենքի ամրացումը սեյսմակայունության ապահով միջոց է, ասում է՝ եթե հնարավոր լիներ, մարդկանց տեղափոխելու փոխարեն՝ կամրացվեր։

«Սա մեզ համար նախկինից եկած լուրջ և խորքային խնդիր է։ Բարոյական տեսանկյունից քաղաքային իշխանությունն այդ շենքի մարդկանց տվել է բնակարաններ, բայց մի կողմից էլ այս մարդկանց ապրելու պայմանները լուծելու խնդիր ունենք»,- ասում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter